“Անցած տարվա դատական պրակտիկան մի քայլ առաջ էր հատկապես այն առումով, որ ունեցանք միանգամից երկու դատական որոշում, որոնցով վարչական պատասխանատվության ենթարկվեցին տեղեկություն ստանալու իրավունքը ոտնահարած երկու պաշտոնյաներ։ Մյուս ձեռքբերումն այն էր, որ դատական գործերի ավելի քան 80 տոկոսը կայացվել է ԻԱԿ-ի օգտին։ Այսինքն, մեր խախտված տեղեկություն ստանալու իրավունքը վերականգնվել է եւ ճանաչվել է իրավունքի խախտման փաստը: Կարեւորում եմ հատկապես երկու դատական գործ։ Այսպես` ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության եւ ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի դատական գործերով դատարանը ոչ միայն ճանաչեց ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը, այլ նաեւ պարտավորեցրեց պատասխանողներին փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած դատական ծախսերը` կուսակցության դեպքում 100.000 ՀՀ դրամի, իսկ ԱԺ-ի դեպքում` 50.000 ՀՀ դրամի չափով”,-Aravot.am-ի հարցին, թե ինչ տվեց դատական պրակտիկան հարցին, պատասխանում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը:
“Հայելի” մամուլի ակումբում ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանն էլ ներկայացրեց 2013թ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից մշակված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության և տեղեկատվության ազատության գնահատման ինդեքսը: “Ամենամյա ինդեքսը կազմվելու է 50-ից ավելի չափորոշիչների հիման վրա, որոնք բաժանվում են 3 հիմնական խմբի՝ տեղեկատվության ազատության իրավունքի իրականացում, հրապարակայնության՝ մատչելիության ապահովում տեղեկատվություն տնօրինողի սեփական նախաձեռնությամբ և տեղեկատվություն տնօրինողի աշխատակազմ և աշխատաոճ» տեղեկացնում է փորձագետը։ Ըստ ԻԱԿ-ի, ինդեքսի հիմնական նպատակն է պարզել, թե որքանով են տեղեկություն տնօրինող մարմինները պատշաճ կատարում հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու իրենց պարտականությունը։ Տեղեկատվություն տնօրինողների գնահատումն իրականացվելու է տարեկան մեկ անգամ: Գնահատումն իրականացվելու է երեք փուլից բաղկացած գործընթացով: Գործարկող կազմակերպությունն առաջին փուլում գնահատվող տեղեկատվություն տնօրինողներին ավտոմատ համակարգով ուղարկելու է 53 հարցից բաղկացած հարցաշար՝ էլեկտրոնային փոստի այն հասցեով, որը հրապարակված կլինի տվյալ մարմնի պաշտոնական կայքում։ Երկրորդ փուլում հարցերի պաշտոնական պատասխանները ստանալուց հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետները ստուգելու են մարմնի տրամադրած պատասխանների պատշաճությունը: ԻԱԿ-ի վերհանած անճշտությունները համապատասխան պատճառաբանությամբ ներկայացվելու են տեղեկատվություն տնօրինողներին` պարզաբանման համար, իսկ վերհանված ակնհայտ անհամապատասխանությունների դեպքում հաշվի են առնվելու ԻԱԿ-ի ճշգրտած տվյալները: Երրորդ փուլում հավաքված տվյալների հիման վրա կազմելու է գնահատված բոլոր մարմինների հրապարակայնության և տեղեկատվության ազատության աղյուսակ` մարմիններին դասակարգելով ըստ հրապարակայնության մակարդակի:
Զրուցակիցս՝ Շուշան Դոյդոյանն ասում է, որ “Հրապարակայնության և ՏԱ գնահատման ինդեքսը և էլեկտրոնային համակարգը” մշակվել են “Քաունթերփարթ Ինթերնեշնլի” հայաստանյան ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող “Համակարգային զարգացման նորարարություններ” ծրագրի շրջանակներում։
ԻԱԿ-ը 2013թ. հարցումներին տրված պատասխանների առումով վատագույնը “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ն է եղել, որը 2013 թ.-ին ԻԱԿ-ի կողմից իրեն հասցեագրված 3 հարցումներին էլ տրամադրել է անհիմն մերժումով պատասխան: ԻԱԿ-ը ՓԲԸ-ի մերժումը համարում է ոչ իրավաչափ և վիճարկել է դրանք դատական կարգով: Կենտրոնի իրավաբանն անդրադառնալու է նաև հարցումների հիման վրա ԻԱԿ-ի նախաձեռնած դատական պրակտիկային, 2013-ին ավարտված դատական գործերի արդյունքների և դրանց նախադեպային նշանակության մասին:
ՏԱ դատական գործերի մասին տեղեկությունները, ինչպես նաև դատական ակտերը առկա են ԻԱԿ-ի կայքի Դատական գործեր բաժնում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ