Հրապարակումներ

Հրապարակումներ

Ազգային ժողովը դատարան կներկայացնի կարգադրությունները՝ անունները ջնջա՞ծ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ազգային ժողովը դատարան կներկայացնի կարգադրությունները՝ անունները ջնջա՞ծ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ վարչական դատարան: Այսօր դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ անդրանիկ դատական նիստը: ԻԱԿ-ը ներկայացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը: Հայցվորը տեղեկացրել էր, որ անցյալ տարվա նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին: ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  • Տեղադրվա՞ծ են արդյոք ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.parliament.am-ում, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունները,
  • Խնդրում ենք տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները:

Սակայն ԱԺ-ն չէր պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը:. Դեկտեմբերի 5-ին ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու կրկնակի հարցում էր ուղարկել ԱԺ-ին՝ խնդրելով տրամադրել հայցվող տեղեկատվությունը:

Նույն օրը` 05.12.2012թ.-ին, ստացվել է ԱԺ էլեկտրոնային պատասխանն այն մասին, թե տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, եւ այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Ըստ հայցվոր ԻԱԿ-ի, այս տարվա մարտի 4-ին, հարցումն ուղարկելուց ավելի քան 3 ամիս անց, ՀՀ Ազգային ժողովը տրամադրում է պատասխան, բայց՝ թերի: ԱԺ-ն ներկայացրել էր ՀՀ ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունները` ըստ հերթական համարների չներկայացնելով 12 կարգադրությունների պատճեն: ԻԱԿ-ը մարտի 7-ին եռակի հարցմամբ է դիմում ԱԺ-ին` խնդրելով տրամադրել նաեւ չտրամադրված կարգադրությունների պատճենները: Սակայն, ԱԺ-ն մերժեց տրամադրել դրանք` պատճառաբանելով, թե «տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ»: ԻԱԿ-ը պնդեց իր պահանջը՝ ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները: Ազգային ժողովը պարտավորվեց ներկայացնել պահանջվող 12 կարգադրությունների պատճենները, բայց անունները ջնջած:

Aravot.am-ի «Եթե անունները ջնջած ներկայացվեն, կբավարարի՞ Ձեր պահանջը» հարցին, ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն ասաց. «Մենք կծանոթանանք ներկայացվածին, կտեսնենք, թե ինչ տեղեկություններ են, արդյոք, դրանում անձնական տվյալներ պարունակվո՞ւմ են, թե ոչ: Դրանից հետո կհայտնենք մեր դիրքորոշումը»: Ի դեպ, խոսքը կարգադրությունների մասին է, որոնք հրապարակային փաստաթուղթ են, եւ չեն կարող համարվել «հույժ գաղտնի»: Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 7-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Աղբյուրը` Aravot.am

Skip to content