Հրապարակումներ

Հրապարակումներ

Կոռուպցիան այնպես, ինչպես կա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Կոռուպցիան այնպես, ինչպես կա

Ֆինանսների նախարարությունն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի պահանջով տեղեկանք է տրամադրել, որից տեղեկանում ենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը 2010-2013թթ. ընթացքում ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից նախատեսել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ, եւ 31 ՀԿ երեք տարվա ընթացքում ստացել է 499 միլիոն 818 հազար ՀՀ դրամ պետական ֆինանսավորում:

«Զարգացում եւ ինտեգրացիա» ՀԿ-ն 2011-2012 թթ. ֆինանսավորվել է 6 անգամ` 74 միլիոն 978 հազար ՀՀ դրամի չափով: Այս ՀԿ-ն 2010-2012-ին ՀՀ նախագահի աշխատակազմից ամենաշատ ֆինանսավորում ստացածն է: Ամենաշատ ֆինանսավորում ստացած հաջորդ ՀԿ-ներն են՝ «Երիտասարդների երկիր» եւ «Արբանյակ» կազմակերպությունները՝ համապատասխանաբար 27 միլիոն 492 հազար եւ 27 միլիոն 10 հազար դրամ: Այս կազմակերպությունների գործունեության մասին համացանցում տվյալներ չգտանք: Փոխարենը ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրում դրանց վերաբերող հետաքրքիր տեղեկություններ գտանք:

Երկու տարում պետության՝ հարկատուներիս փողերից 74,9 միլիոն դրամ ստացած «Զարգացում եւ ինտեգրացիա» ՀԿ հիմնադիրները ՄԻԱԿ հիմնադիր, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լեւոն Մարտիրոսյանն ու իր կինն են: Բացի «Զարգացում եւ ինտեգրացիա» կազմակերպությունից, եւս վեց ՀԿ պետությունից փող է ստացել թե 2011-ին, թե 2012-ին: Բոլոր վեց ՀԿ-ների հիմնադիրների մեջ կարդում ենք Սուրեն Ներսիսյան անունը: «Արբանյակ» իրավապաշտպան ՀԿ-ն երկու տարում պետությունից ստացել է 27 միլիոն դրամ: Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Հովհաննես Բարսեղյանը, Ամալյա Բալաբեկյանը:

«Մեր երկրի ապագան՝ մեր ձեռքերում» իրավապաշտպան ՀԿ-ն երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 26 միլիոն դրամ: Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Հովհաննես Բարսեղյանը, Միքայել Մարտիրոսյանը: «Երիտասարդների երկիր» ՀԿ. երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 27 միլիոն դրամ: Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Հովհաննես Բարսեղյան, Արա Հովսեփյան:

«Կրթված սերունդ կրթական ասոցիացիա» ՀԿ. երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 22 միլիոն դրամ: Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Անուշ Ավանեսյան, Վալենտինա Գեւորգյան: «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» երիտասարդական ՀԿ. երկու տարում՝ 23 միլիոն դրամ: Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Հովհաննես Բարսեղյան, Միքայել Մարտիրոսյան: «Կանայք առաջնորդ» ՀԿ՝ 23 միլիոն դրամ: Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Ինգա Հարությունյանը, Էդուարդ Հարությունյանը:

Մի շարք ՀԿ-ներ էլ, որոնց մասին համացանցում տեղեկություններ չկան, այնքան հաջողակ են, որ հասցրել են 2012 թվականին գրանցվել Պետռեգիստրում եւ նույն տարին պետությունից միլիոններ ստանալ: «Առողջապահական ֆորում» ՀԿ. Պետռեգիստրում գրանցվել է 2012 թ. հունվարի 11-ին եւ նույն տարում պետությունից ստացել 13,120 միլիոն դրամ: Կազմակերպության հիմնադիրներն են՝ Միքայել Մարտիրոսյանը, Հովհաննես Բարսեղյանը, Ինգա Հարությունյանը: «Հանուն առողջության դաշինք» ՀԿ՝ գրանցվել է նույն օրը, ինչ «Առողջապահական ֆորում» ՀԿ-ն եւ նույն տարում պետությունից ստացել 13,9 միլիոն դրամ: Հիմնադիրներ՝ Միքայել Մարտիրոսյան, Հովհաննես Բարսեղյան, Ինգա Հարությունյան: «Հասարակության առողջության պահպանման ասոցիացիա» ՀԿ-ն նույնպես գրանցվել է նույն օրը, ինչ «Առողջապահական ֆորում» ՀԿ-ն եւ նույն տարում պետությունից ստացել 11,8 միլիոն դրամ: Հիմնադիրներն են՝ Հովհաննես Բարսեղյանը, Ինգա Հարությունյանը, Էդուարդ Հարությունյանը: «Մայրերը՝ հանուն առողջ ապագայի» ՀԿ. գրանցվել է նույն օրը, ինչ «Առողջապահական ֆորում» ՀԿ-ն եւ դարձյալ նույն տարում պետությունից ստացել 13,6 միլիոն դրամ: Հիմնադիրներ՝ Հովհաննես Բարսեղյան, Ինգա Հարությունյան, Էդուարդ Հարությունյան:

«Կանանց հասարակական միավորում» ՀԿ՝ գրանցված 2012 թ. ապրիլի 17-ին, նույն տարում պետությունից ստացել է 12,6 միլիոն դրամ: Հիմնադիրներն են՝ Հովհաննես Բարսեղյանը, Ինգա Հարությունյանը, Արամայիս Սահակյանը:

ՀԳ – Նյութում ներկայացված բոլոր տվյալները հրապարակված են պաշտոնապես:

Աղբյուրը՝ hraparak.am

Skip to content