Ինֆորմացիայի ազատության կենտրոնը քաղաքացի Աշոտ Մնացականյանի խնդրանքով գրավոր հարցում է ուղղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ պարզաբանելու, թե ինչու՞ Մնացականյանը, տոմս ունենալով հանդերձ, չի կարողացել դիտել Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղը:
ԻԱԿ իրավաբան Գեւորգ Հայրապետյանը խնդրել է հայտնել, թե ովքեր կամ որ կազմակերպությունն է պատասխանատու 2013թ.-ի մարտի 26-ին Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի ստուգման եւ տոմս ձեռք բերած քաղաքացիների ներկայությունը կազմակերպելու եւ ապահովելու համար:
«Նախատեսվու՞մ է արդյոք փոխհատուցել վերանշյալ ֆուտբոլային հանդիպման տոմսեր ձեռք բերած այն քաղաքացիների կրած նյութական վնասները, ում արգելվել է մուտք գործել մարզադաշտ, եթե այո, ապա ո՞վ կամ ո՞ր մարմին է տրամադրելու փոխհատուցում եւ ի՞նչ ընթացակարգով»,- նշված է գրավոր հարցման մեջ:
Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:
Այս պատասխանից է կախված, թե ում դեմ հայց կներկայացնեն դատարան տուժողները, ովքեր փոխհատուցում չստանալու դեպքում, որոշել են գնալ մինչեւ վերջ եւ հաստատել արդարություն:
Աղբյուրը` www.lragir.am