Սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Անկախ ժյուրին Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ շնորհեց հետևյալ անձանց եւ կազմակերպություններին
- ՀՀ Առողջապահության նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին,
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին` www.mta.gov.am – ին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, - «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն,
- Աննա Իսրայելյանին՝ ( www.aravot.am և Ազատություն ռ/կ)`որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրող,
- CivilNet ինտերնետային հեռուստատեսությանը՝ որպես Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։
Այս տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ժյուրին չի շնորհել ժանգոտ կողպեք մրցանակը ամենափակ և գաղտնի պետական մարմնին:
«Սա հրաշալի ցուցանիշ է և խոսում է մեր և մեր գործընկերների կատարած հետևողական աշխատանքի մասին, ինչպես նաև հրապարակային գործունեության ապահովմանն ուղղված կառավարության գործադրած արդյունավետ ջանքերի մասին» , -նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
Այս տարի ԻԱԿ-ի հատուկ մրցանակը շնորհվեց ՀՀ Արտաքին գործերի նածարարությանը` Բաց կառավարությունների ընկերակցության միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար, ինչպես նաև ԲԿԸ-ում պետության համապարփակ գործողությունների ծրագիրը մշակելու և ներկայացնելու համար:
Ի դեպ, ոսկե բանալին ընկավ Առողջապահության նախարարության ներկայացուցչի ձեռքից եւ փշուր-փշուր եղավ։
Աղբյուրը՝ a1plus.am