Այսօր՝ մայիսի 3-ին, Մամուլի ազատության օրվա կապակցությամբ Երևանում բացվել է “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով ցուցահանդեսը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնում է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը ներկա էին լրագրողներ, պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառմանն աջակցում են նաև ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հաղորդմամբ, ցուցահանդեսի նպատակն է անդրադառնալ տեղեկատվություն ստանալու իրավունքի խոչընդոտներին ու հնարավորություններին, և կառավարությանը, մամուլի ներկայացուցիչներին ու ընդհանուր հանրությանը հիշեցնել այս իրավունքին հասնելու գործում իրենց դերակատարման մասին: Ֆոտոցուցահանդեսին մասնակցող 70-ից ավելի լուսանկարներն ու ծաղրանկարները կտպագրվեն նաև մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ ֆոտոկատալոգում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ միջոցառմանը ցուցադրվում են նաև իր լուսանկարները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Աղբյուրը՝ news.armeniatv.com