Հարց N1. Ինչպիսի ՞ն էր 2011-ը հայկական մամուլի համար:
Աշոտ Մելիքյան, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ. «Իմ կարծիքով 2011-ը շատ տագնապալի տարի էր, որովհետև այն դատական հայցերը, որոնք ուղղված էին լրատվամիջոցների դեմ, ըստ էության բարդացրին իրավիճակը և լրատվամիջոցների գործունեությունը: Կարծում եմ, որ այդ դատական գործերի մեծ մասը, իսկ մենք արձանագրել ենք 30-ից ավելի դատական գործեր, նպատակ ունեն պատասխանատվության ենթարկել ոչ թե վիրավորողին, զրպարտողին, այլ հաշվեհարդար տեսնել լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ` հրապարակված քննադատության համար: Մանավանդ այն գործերը, որտեղ հայտնի քաղաքական գործիչներ, օլիգարխներ են իրենց բողոքը ներկայացնում, ակնհայտ երևում է, որ ընդդիամդիր լրատվամիջոցին լռեցնելու, քննադատական խոսքը մարելու միտում կա:
Մի լավ բան տեղի ունենցավ այս խնդիրը լուծելու առումով. դա Սահմանադրական դատարանի որոշումն էր, որը կորող է հիմք հանդիսանալ իրավիճակը բարելավելու, մթնոլորտը առողջացնելու համար (խոսքը նոյեմբերի 15-ին կայացրած որոշման մասին է` վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ)»:
Շուշան Դոյդոյան, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ. «Հայկական մամուլի առջև ծառացած մեծագույն փորձությունը մամուլի դեմ հարուցված բազմաթիվ դատական գործերն են, որոնցով որոշ դեպքերում փորձ էր արվում լռեցնել ազատ խոսքը։ Այս փորձությունը հաստատապես նոր դրսևորումներ է ունենալու 2012 թ-ի ընթացքում»:
Մեսրոպ Հարությունյան, մեդիա փորձագետ. «Դժվար, լի խոչընդոտներով ու բազմաթիվ դատավարություններով»:
Հարց N2. Ինչպիսի՞ն էր հայկական մամուլը հանրության շահերի տեսակետից
Աշոտ Մելիքյան, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ. «Հայաստանյան մամուլը հայելին է այն հասարակության, որում մենք ապրում ենք, և այն բաժանված է քաղաքական, տնտեսական ճամբարների և սպասարկում է այդ ճամբարների շահերը: Գրեթե ամբողջովին հեռարձակման ոլորտը վերահսկվում է իշխանությունների կողմից, և եթերը դարձել է ամբիոն իշխանություններին գովերգելու, նրանց շահերը պաշտպանելու և որևէ լուրջ քննադատություն թույլ չտալու համար:
Տպագիր մամուլը բաժանված է քաղաքական ճամբարների, այն ավելի բազմազան է, իհարկե, և ընթերցողը, կարդալով մի քանի թերթեր, կարող է հստակ պատկերացում կազմել, թե ինչ է կատարավում երկրում: Բայց եթե վերցնենք մի թերթ, ամենևին էլ օբյեկտիվ տպավորություն չենք կարող ստանալ, որովհետև այդ թերթը իր «տիրոջ» տեսակետից է ամեն ինչ ներկայացնում:
Ինչ վերաբերում է օնլայն մեդիային, ապա դա մի քիչ ավելի ազատ է, բայց հիմա նկատվում է նաև այդ լրատվամիջոցների վրա ազդեցություն գործելու միտում, և ես չեմ բացառում, որ մոտակա ժամանակներս այդ լրատվամիջոցները նույնպես կբաժանվեն ճամբարների: Այս առումով երկրորդ պլան է մղվում հանրային շահը, և լրատվամիջոցները դադարում են սպասարկել նրանց, կամ եթե սպասարկում են հանրության շահերը, ապա շատ ավելի քիչ, քան իրենց հիմնական վճարողներինը»:
Շուշան Դոյդոյան, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ. «Հայկական մամուլը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այժմ դեռևս հեռու է հանրային շահին ծառայելու իր նպատակից։ Ցավոք, դեռև մամուլի համար առաջնային են համարվում քաղաքական ու տնտեսական այլևայլ շահեր, իսկ սովորական մարդուն անհանգստացնող խնդիրները մղված են երրորդական պլան»:
Մեսրոպ Հարությունյան, մեդիա փորձագետ. «Հեռուստատեսությունը հեռու էր այդ շահերից, տպագիր մամուլը փորձում էր ինչ-որ չափով բավարարել մարդկանց հետաքրքրությունները, առցանց լրատվամիջոցները ավելի ու ավելի շատ են անդրադառնում հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Առցանց լրատվամիջոցները մի քանի դեպքերում կարողացան ոչ միայն խնդիրներ վեր հանել, այլև հասնել հանրային լայն արձագանքի, և որոշ հարցերում էլ հանրային շահերի տեսակետից դրական լուծումներ եղան: Այս` հանրության շահերի տեսակետից դիտելիս տպավորություն է, թե հայկական հեռուստատեսությունը ապրում է մի այլ` իր հորինած աշխարհում, իսկ տպագիր և առցանց լրատվամիջոցները` իրականին մոտ Հայաստանում»:
Հարց N3. Ինչպիսի՞ն կարող է լինել 2012-ը հայկական մամուլի համար` հաշվի առնելով ընտրական գործընթացների առկայությունը
Աշոտ Մելիքյան, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ. «Ես կարծում եմ, որ նոր մեդիաներն այս ընտրությունների ժամանակ շատ մեծ ազդեցություն են ունենալու, ավելի մեծ դեր են խաղալու, քան նախորդ ընտրությունների ժամանակ, որովհետև սրընթաց զարգացում ապրեցին վերջին տարիներին:
Այդ զարգացումն իր ազդեցությունը կթողնի, և նրանք կարող են նույնիսկ լուրջ մրցակցության մեջ մտնել ավանդական լրատվամիջոցների հետ, որովհետև նրանք շատ ավելի օպերատիվ են ինֆորմացիան հասցնում հասարակությանը: Մենք տեսնում ենք, որ հաճախ նոր լրատվամիջոցների հաղորդած ինֆորմացիան հիմք է դառնում հեռուստատեսության ինֆորմացիոն ծրագրերի, էլ չեմ ասում տպագիր մամուլի համար:
Քանի որ ընտրությունների ժամանակ օպերատիվությունը բավականին մեծ նշանակություն ունի, ապա էլեկտրոնային լրատվամիջոցները շատ պահանջված կլինեն»:
Շուշան Դոյդոյան, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ. «2012թ-ը առանձնահատուկ կարող է լինել մամուլի համար մի քանի տեսանկյունից: Նախ` վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ առկա դատական գործերը, դրանցով պայմանավորված խնդիրները լուծում են պահանջում: Այս ոլորտում բազմաթիվ քննարկումները, օրենսդրական և պրակտիկ թերությունների վերհանումը և այդ թերությունները լուծելու հարցում հասարակական ոլորտի ակտիվությունը թույլ են տալիս ենթադրել, որ 2012թ-ը մամուլի համար կարող է բեկումնային լինել բացասական առումով, եթե ձևավորվի լրատվամիջոցներին մեծ չափերի դրամական պատասխանատվության ենթարկելու պրակտիկան, կամ դրական առումով, եթե վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ օրենսդրությունը փոփոխվի (մեկնաբանվի) ի օգուտ լրատվամիջոցների:
Երկրորդ` հաշվի առնելով նոր մեդիաների առկայությունը` 2012թ-ը մամուլի համար մրցակցության նոր մակարդակ առաջ կքաշի: Սա ոչ միայն մասնագիտական, այլ հնարավոր է նաև լրացուցիչ ֆինանսական դժվարություններ առաջացնի տպագիր մամուլի համար: Անդրադառնալով ընտրական շրջանին` նշենք, որ այս մամուլը, որպես կանոն, այս ժամանակահատվածում դառնում է առավել բևեռացված, ինչը և ակնկալում եմ այս տարի։ Միևնույն ժամանակ, նոր մեդիաների առկայությունը փոքր-ինչ հնարավորություն է ստեղծում այլընտրանքային քաղաքական խոսքի դրսևորման համար»:
Մեսրոպ Հարությունյան, մեդիա փորձագետ. «Ծանր: Դժվար: Կոմպրոմատաշատ: Ընտրական գործընթացների լուսաբանմանն առնչվող դատավարություններով: Հերքումններով: Շատ հոռետես եղա… Այսուհանդերձ, արդեն առցանց մեդիայի առկայության պայմաններում իշխանությունների համար շատ դժվար է լինելու թաքուն գործել, ու շատ բան, որ նախկինում գաղտնի էր մնում, հանրության սեփականությունն է դառնալու…»