Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այսօր ներկայացրել է “Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում 2011” մոնիտորինգի արդյունքները, որոնց համաձայն ոլորտում առկա հիմնախնդիրներից առաջինը պետական պաշտոնյաներից շատերի մոտ “բաց աշխատելու մշակույթի բացակայությունն է”:
Այսօր լրագրողներին ներկայացնելով մոնիտորինգի արդյունքները, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը նշել է, որ մոնիտորինգի շրջանակներում 2011թ. մայիս-հունիս ամիսներին 10 դիմողների կողմից 250 հարցում է ուղարկվել տեղեկատվություն տնօրինող 50 մարմնի` պետական կառավարման 10 կենտրոնական մարմին, 10 մարզպետարան, 10 քաղաքապետարան, 10 գյուղապետարան եւ 10 հանրային նշանակության կազմակերպություն:
“250 հարցումների 56%-ին տրվել է լիարժեք պատասխան: Լուրջ խնդիր են մնում անպատասխան մնացած հարցումները, որոնք կազմել են ընդհանուր հարցումների 30%-ը: Մերժումների թիվը կազմել է 8-ը, որից միայն մեկն է եղել օրինական”,- ասել է Լիանա Դոյդոյանը:
Լիանա Դոյդոյանի խոսքով, մոնիտորինգի արդյունքում ձեւավորվել են երեք խումբ առաջարկություններ, որոնք ուղարկվել են պետական կառույցներին եւ հանրային նշանակություն ունեցող կամզակերպություններին:
Կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանն էլ նշել է, որ մոնիտորինգը հնարավորություն տվեց փաստելու,որ պետական պաշտոնյաների մեծ մասը դեռեւս սովոր չէ արձագանքել հասարակության պահանջներին եւ տեղեկատվություն տրամադրելը չի դիտարկում որպես իր հիմանակն պարտականություններից մեկը:
“Տեղեկատվության ազատության ոլորտի հիմնախնդիրներից է նաեւ հարցումներին ժամանակին պատասխանելու հարցը, ինչպես նաեւ տրամադրված տեղեկատվության կամ մերժման ոչ պատճաշ, անլիարժեք լինելը”,- նշել է կենտրոնի իրավաբանը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը մոնիտորինգի շնորհանդեսին կոչ է արել ՀՀ իշխանություններին, քաղաքական կուսակցություններին ուշադիր ուսումնասիրել մոնիտորինգի արդյունքները եւ մշակված առաջարկությունները ընդգրկել իրենց նախընտրական ծրագրերում:
Աղբյուրը՝ mediamax.am