Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը հակասահմանադրական չճանաչելու Սահմանադրական դատարանի որոշումը դրական գնահատեց. «Ինձ համար այդ որոշումը կանխատեսելի էր, բայց լավ կլիներ, որ դատարանի որոշումը ոչ այնքան ուղղված լիներ դատավորներին, որքան Ազգային ժողովին: Այսինքն՝ ավելի շատ լիներ առաջարկ ուղղված ԱԺ-ին՝ որոշակիություն մտցնելու հոդվածում, որպեսզի այսուհետ հնարավոր չլինի դատավորների կողմից այդ հոդվածի կամայական, սուբյեկտիվ կիրառում իրականացնել, ինչպես որ դա արվում է: Իմ մտավախությունն այն է, որ այդ ամենը, ինչ ասվեց որոշման մեջ, արդեն Եվրոպական դատարանների որոշումներում կային, իրազեկ դատավորն այդ ամենի մասին լավ էլ գիտի եւ հարկ եղած դեպքում կարող էր կիրառել, ուղղակի եւս մեկ անգամ դա ամրագրվեց: Եթե Եվրոպական դատարաններին բանի տեղ չէին դնում, հիմա տեսնենք՝ Սահմանադրական դատարանի որոշումը բանի տեղ կդնե՞ն, թե՞ ոչ»:
ՍԴ որոշման մեջ, ըստ Շուշան Դոյդոյանի, դրական կողմերից մեկն այն էր, որ ամրագրվեց՝ գնահատողական դատողություններն ապացուցելու պահանջն անհնարին է կամ, որ փոխհատուցման չափը չպետք է սպառնա լրատվամիջոցի գոյությանը, պետք է համարժեք լինի պատճառված վնասին. «Լավ էր, որ հատուկ դատավորների ուշադրությունը հրավիրվեց դրանց վրա: Կարծում եմ՝ այդ որոշումը մեղմացնելու է իրավիճակը, ինչ-որ ժամանակով պրոբլեմը կփափկացնեն, կմեղմացնեն, բայց խնդիրը չի լուծվի, որովհետեւ այդ հոդվածը շարունակում է մնալ ու գործել այնքան վատը, որքան որ կար: Պետք է ոչ թե վատ գրված նորմը փորձել իրավակիրառման պրակտիկայով շտկել, այլ բարեփոխել օրենքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աղբյուրը՝ www.aravot.am