Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ՙ«Ոսկե բանալի» և «Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը: Այս տարի այն նվիրված էր կենտրոնի 10-ամյակին:
Վարչապետը կառավարության անունից շնորհավորել է բոլորին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ և հավաստիացրել, որ տեղեկատվության ազատության և հասանելիության ապահովումը մշտապես գտնվելու է գործադիրի ուշադրության կենտրոնում: «Հայաստանում գործող ինֆորմացիոն ազատության կենտրոնն արդեն 10 տարի է աշխատում է հանրության մեջ տեղեկատվության ազատության արժեքի տարածմանը նպաստելու համար: Կենտրոնը մշտապես փորձարկում է մեր զգոնությունը, ստուգում, թե որքանով են պետական գերատեսչությունները պարտաճանաչ իրենց լիազորություններն իրականացնելիս, որքանով են գործում թափանցիկ: Կառավարությունն այս աշխատանքը բարձր է գնահատում, քանի որ այն նպաստում է նաև պետական և մասնավոր մարմիններում տեղեկատվության հասանելիության ապահովման խնդրի լուծմանը»:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհը տեղեկատվության հետ աշխատելու հարցը դարձրել է թիվ մեկ խնդիրը, քանի որ այն զանազանելու անհրաժեշտություն կա. «Այս առումով, առաջին հերթին կարևոր է, թե որքանով է արժանահավատ հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը: Վերջին տարիներին մենք էական առաջընթաց ենք ապահովել պետական մարմինների կողմից հանրությանը տեղեկատվության տրամադրման գործում: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ Հայաստանը պատկանում է աշխարհի այն փոքրաքանակ պետությունների շարքին, որոնք օն-լայն ռեժիմով տրամադրում են մանրակրկիտ տեղեկատվություն՝ պետական բյուջեի կիրառմամն մասին: Քաղաքացին կարող է այցելել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջ և օն-լայն ռեժիմով հետևել ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ծախսերին: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չունենք խնդիրներ այս հարցում: Կենտրոնի աշխատանքների կարևոր նպատակներից մեկն էլ մեր թույլ կողմերի և օղակների բացահայտումն է»:
Վարչապետը նշել է, որ «Ոսկե բանալին» և «Ժանգոտ կողպեքն» ընկալվում են որպես համագործակցության հրաշալի հնարավորություն, ինչը խթանում է պետական կառավարման մարմինների արդյունավետությունն ու թափանցիկությունը:
ՀՀ կառավարությունում թափանցիկության ավանդույթները ձևավորելու և խթանելու համար մրցանակաբաշխության ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը շնորհակալագիր է հանձնել կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանին: Շնորհակալություն հայտնելով կառավարության աշխատակազմի գործունեությանը տրված օբյեկտիվ գնահատականի համար՝ Տիգրան Գևորգյանը նշել է, որ կառավարության աշխատակազմը շարունակելու է մնալ հավատարիմ որդեգրած գործելաոճին:
Հիշեցնենք, որ տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային անվանակարգին նախորդ տարի արժանացել էր կառավարության էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքը: Որպես բաց ու լավ աշխատանքի խորհրդանիշ՝ կառավարության աշխատակազմն ստացել էր Ոսկե բանալի:
Այսօր ևս Ոսկե բանալիներ են շնորհվել 6 անվանակարգերում, իսկ կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ 10 հատուկ մրցանակներ են հանձնվել այն կազմակերպություններին, որոնք այս տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում:
Տեղեկացնենք, որ այս ամիս հրապարակված մրցունակության համաշախարհային զեկույցի համաձայն՝ կառավարման քաղաքականաության մշակման թափանցիկության ցուցիչով 142 երկրների շարքում Հայաստանն զբաղեցրել է 35-րդ տեղը:
Աղբյուրը՝ www.gov.am