Միջոցառման բացման խոսքում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոգստրանը նշեց, որ տեղեկատվության մատչելիությունը կարևոր է արդյունավետ կառավարման, իշխանություններին հաշվետու պահելու համար։
Տեղեկատվության ազատության (ՏԱ) մասին ՀՀ օրենքը գործում է արդեն 8 տարի։ Ըստ ԻԱԿ-ի վերջին տարիներին ՏԱ օրենսդրության կիրառման պրակտիկայում դրական փոփոխություններ են նկատվել։ ԻԱԿ-ի մոնիտորինգը ցույց է տվել ՏԱ առկա վիճակը Հայաստանում։
Մոնիտորինգի շրջանակում 50 մարմնի 250 հարցում է ուղարկվել, որից ընդամենը 56-ը ստացել է լիարժեք պատասխան։ Այս ցուցանիշը 2004թ-ի 51%-ի հետ համեմատ աճել է։ Սակայն մյուս կողմից լուրջ խնդիր են մնում անպատասխան հարցումները՝ 30,4%-ը (76 հարցում), որից ընդամենը 7-ն է մերժվել։
Պետական մարմինները չեն հետևում նաև օրենքով ընդունված պատասխանի 5-օրյա ժամկետին։ 250 հարցումից 47-ին տրվել է ուշացած պատասխան։ Անգամ եղել է դեպք, երբ պատասխանը հասել է 1 ամիս 16 օր ուշացումով՝ ՀՀ Ազգային ժողովին ուղղված հարցումն էր։
Մոնիտորինգի արդյունքում լավագույն արդյունքը ցույց է տվել Օշականի գյուղապետարանը՝ իրենց հղած 4 գրավոր և 1 բանավոր հարցումներին տվել է ժամանկին լիարժեք պատասխաններ։ Բացասական արդյունք է ցույց տվել ՀՀ Ազգային ժողովը (1 անհիմն մերժում, 1 թերի պատասխան, 2 ուշացած պատասխան և 1 լուռ մերժում), ՀՀ ոստիկանության և Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը։
Մոնիտորինգի արդյունքները համակարգող Գևորգ Հայրապետյանը առանձնացրեց մի անհիմն արտառոց պատասխանի դեպք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից. «Կոմինտեն մերժում էր ուղարկել գրավոր՝ հետևյալ բովանդակությամբ, թե իբր ՀՀ կառավարության կողմից սահմանված չէ տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման կարգը, որը սահմանված է ՏԱ մասին ՀՀ օրենքով»։
Գևորգ Հայրապետյանը ավելացրեց նաև, որ մոնիտորինգին մասնակցել են թե՛ ուսանողներ, թե՛ թոշակառուներ, թե՛ լրագրողներ, թե՛ իրավաբաններ։
«Մոնիտորինգը ցույց տվեց, որ պետական մարմինները լրագրողներին ավելի հաճախ են պատասխանում, քան ուսանողներին կամ այլոց, ինչը հուշում է տեղեկություն ստանալու իրավունքի խտրականության մասին»։
Աղբյուրը` www.panarmenian.net