Հրապարակումներ

Հրապարակումներ

Կողպված թափանցիկություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Կողպված թափանցիկություն

ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի Փարիզում ունեցած հսկայական առանձնատան մասին հրապարակումից հետո փորձեցինք տեղեկանալ, թե արդյո՞ք այն իսկապես պատկանում է պատգամավորին կամ նրա ընտանիքին: Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) Արզաքանցյանի գույքի եւ եկամուտների 2008-2010 թվականների հայտարարագրերի հիման վրա կազմված տեղեկանքները ստանալու հարցում ուղարկեցինք` հիմք ունենալով «Տեղեկատվության ազատության մասին» (ՏԱ) օրենքը:

Հինգ օր անց ՊԵԿ փոխանախագահ Արմեն Ալավերդյանից ստացանք պատասխան նամակ` առանց պատասխանի: Պահանջված տեղեկությունը չտրամադրելու հիմքը «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքն է, որը համապատասխան տեղկեությունները ստանալը սահմանափակող հնարքների փունջ է:

Նախ` համաձայն այդ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի` պաշտոնատար անձանց հայտարարագրերում ներառվող հրատարակման ենթակա տվյալների ցանկը եւ տրամադրման կարգը uահմանում է կառավարությունը: Համաձայն դրա էլ 2008 թվականի սեպտեմբերի 4-ին ընդունվել է «Պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող հրատարակման ենթակա տվյալների ցանկը եւ տրամադրման կարգը սահմանելու մասին» 1065-Ն որոշումը:

Իսկ ահա վերոնշյալ օրենքի նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` այդ տեղեկությունները տրամադրվում են մշտական անվանում, հերթական համար եւ ամuաթիվ ունեցող պարբերական թողարկումներով նյութական կրիչի վրա ՀՀ-ում թողարկվող եւ տարածվող այն ԶԼՄ-ներին, որոնց միեւնույն բովանդակությամբ oրինակների քանակը պակաu չէ 3000-ից: Այս կետը նշված է նաեւ կառավարության նշված որոշման մեջ:

Հենց այստեղից էլ սկսվում է տեղեկություններ կողպելը: Նախ ենթադրվում է, որ այդ ինֆորմացիան կարող են ստանալ միայն լրատվամիջոցները. «Եթե տեղեկատվությունը բաց է, ապա նշանակում է, որ այն պետք է մատչելի լինի եւ լրագրողներին եւ այլ անձնանց, քանի որ եւ Սահմանադրությունը եւ «ՏԱ մասին» օրենքը տեղեկություն ստանալու իրավունքը համարում է յուրաքանչյուր անձինը եւ լրագրողներին որպես արտոնյալ խումբ չի ճանաչում: Սա սահմանադրական նորմի խախտում է»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Երկրորդ հերթին էլ ոչ բոլոր լրատավամիջոցները կարող են այդ ինֆորմացիան ստանալ. «հրատարակման ենթակա», «նյութական կրիչ», «3000-ից ոչ պակաս» եզրույթները վկայում են այն մասին, որ այս տեղեկությունները բաց են միայն տպագիր մամուլի համար, հաշվի չեն առնված էլեկտրոնային եւ առցանց լրատվամիջոցները:

Անտրամաբանական ու «խուճուճ» նորմեր

Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի համաձայն` լրատվության միջոցը տեղեկանք ստանալու նպատակով ՊԵԿ-ին կարող է դիմել ամեն տարվա օգոստոսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Լիովին անտրամաբանական է, թե ինչու են հենց այս ժամկետներն ընտրվել եւ առհասարակ, եթե ինֆորմացիան հրապարակային է, ինչո՞վ է պայմանավորված այն, որ տարվա մեջ միայն չորս ամիս դրանք կարող են տրամադրվել:

Շուշան Դոյդոյանը նշում է նաեւ մեկ այլ անհասկանալի նորմ. եթե նախկին` «Իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքով հնարավոր էր դիմել եւ ստանալ տվյալ անձի նաեւ նախորդ տարիների հայտարարագրերի տեղեկանքները, ապա ներկայումս միայն ընթացիկ տարվանն է հնարավոր ստանալ. «Սա նույնպես անտրամաբանական է. եթե ինֆորմացիան բաց է համարվում, ապա այն բաց է բոլոր ժամանակներում եւ անկախ իր ստեղծման ժամանակից»:

Ի դեպ, նախկին օրենքով հնարավոր էր ստանալ ոչ միայն տվյալ անձի, այլեւ նրա փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների մասին տեղեկանք, իսկ ներկայումս դա չի թույլատրվում: Այնինչ, թերեւս նորություն չէ, որ շատերը իրենց գույքը գրանցում են կնոջ եւ մյուս հարազատների անունով:

Տեղին է նշել նաեւ հայտարարագրերի մասին տեղեկություն ստանալու կարգի մասին, որը «խուճուճ» բնութագրելը անտեղի չի լինի: Դրա համար լրատվամիջոցը պետք է ներկայացնի անվանական հայտ, ուղեկցող գրություն, անձնագրի /պետռեգիստրում գրանցման վկայականի պատճենը, տեղեկանք լրատվամիջոցի անվանման մասին, ՀՀ լրատվության միջոցների վարչական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ փաստաթուղթ: Իսկ հետագայում էլ տեղեկանքը ստանալուց հետո էլ պետք է ստացական լրացնել:

Թե ինչի՞ համար է այս ողջ թղթաբանությունը, եթե տեղեկությունները հրապարկման ենթակա են, անհասկանալի է: Թերեւս, որ այդքան փաստաթղթի հետեւից ընկելու փոխարեն մարդը հեշտությամբ հրաժարվի ինֆորմացիան ստանալու մտքից:

Ո՞րն է գերակա

«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» զուգահեռ գործում է նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Այս երկուսն իրենց բովանդակությամբ ուղղակիորեն հակասում են միմյանց: ՏԱ օրենքի մասին հիշում են, երբ մեր երկրի դեմոկրատիայի մասին են խոսում, իսկ ահա կողպեքը, պարզվում է, թաքնված է ուրիշ տեղ:

Ո՞րն է այս երկու օրենքներից գերական: «Իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է հետեւյալը. «Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին»:
Այսպիսով, օրենքներն իրենց ուժով միմյանց համարժեք են: Եվ վերոնշյալ հոդվածից ենթադրվում է, որ ավելի ուշ ընդունված օրենքը չպետք է հակասի արդեն իսկ գործող օրենքներին: ՏԱ մասին օրենքը ընդունվել է 2003 թ-ին, իսկ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասինը»` 2006-ին: Այսինքն` երկրորդ օրենքն ընդունելիս խախտվել է «Իրավական ակտերի մասին» օրենքը:

Երկրորդ հերթին այս օրենքը հակասում է Մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը սահմանում է յուրաքանչյուր անձի տեղեկություններ ստանալու եւ տարածելու ազատությանը: «Իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն, մեր օրենքներն ու իրավական այլ ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին ու սկզբունքներին, որոնք վավերացվել են մեր պետության կողմից:

Մյուս կողմից էլ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որը, համաձայն «Իրավական ակտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի, ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ դրա նորմերը գործում են անմիջականորեն. «ՀՀ օրենքներն ու իրավական այլ ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիման վրա կամ ի կատարումն դրա եւ չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»:

Իսկ ի՞նչ է ասում Սահմանադրությունը: ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածներում ամրագրված են արտահայտվելու ազատությունը և տեղեկություններ ստանալու իրավունքները: Իսկ 23 եւ 33.2 հոդվածները լրացուցիչ երաշխիքներ են նախատեսում պաշտոնական տեղեկություններին ծանոթանալու իրավունքի համար։
Այսպիսով, «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքում, որը հակասում է մյուս իրավական ակտերին, պարզապես պետք է փոփոխություններ արվեն: Այս օրենքի վերոնշյալ հոդվածները պարզապես խոչընդոտում են ժողովրդավարության սկզբունքներին. հասարակությունը չի կարող վերահսկողական գործառույթ կատարել, եթե նրանից գաղտնի են պահվում նման կարեւորության տեղեկությունները:
Աստղիկ Կարապետյան

“Երկիր” օրաթերթ

 

 

Skip to content