Հրապարակումներ

Հրապարակումներ

Հաջող ելքով “կռիվ”

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջող ելքով “կռիվ”

Արամ Զաքարյան

Մայիսի 4-ին գրել էինք, որ ՀՀ վարչական դատարանը մերժել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» հայցն ընդդեմ Ստեփանավանի ավագանու որոշման: Այդ որոշմամբ ավագանին քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների՝ տեղեկության տրամադրման համար տեղական վարձավճար էր սահմանել՝ մեկ էջի համար 500 դրամ: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածի, «հանրային նշանակության կազմակերպություններն իրենք են որոշում տեղեկատվության տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսը»: Այլ խոսքով, մեկ էջի համար պատճենահանման գումարը չի կարող 15-20 դրամից բարձր լինել: Այլ խոսքով, մեկ էջի համար 500 դրամ սահմանելով՝ Ստեփանավանի ավագանին խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Դատարանը, սակայն, գտել է, որ որեւէ խախտում չկա:

Ստեփանավանի ավագանու սույն որոշումը, մեղմ ասած, չեն հավանել ոչ միայն «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում»: Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբն ու «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» էլ են հարցով մտահոգվել ու փորձել են Ստեփանավանի քաղաքապետարանից ստանալ «500 դրամանոց» որոշումը:

Ստեփանավանի քաղաքապետարանը, սկսած 2010 թվականի փետրվարից, անպատասխան է թողել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հարցումներն ու արդյունքում ոչ թափանցիկ աշխատելու եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտելու համար 2010-ին արժանացել «Ժանգոտ կողպեքի», իսկ այս տարի հայտնվել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմած տեղեկություններ չտրամադրողների «սեւ ցուցակում»: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանն էլ հայտարարել էր, թե Ստեփանավանի քաղաքապետը ինֆորմացիայի տրամադրումը դարձրել է բիզնես: Սրան ի պատասխան, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը ասել է, թե Շուշան Դոյդոյանը զրպարտում է եւ «կրկնվելու դեպքում կենթարկվի պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»: Նախ նկատենք, որ դատարանն է միայն իրավասու որոշել՝ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի՞, թե՝ ոչ: Իսկ ըստ էության, Ստեփանավանի քաղաքապետը փորձում է թաքցնել իրականությունը, բայց առանձնապես չի հաջողում:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնին» մերժած քաղաքապետը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբին տրամադրել է Ստեփանավանի ավագանու 2009 թվականի մայիսի 6-ի 19-Ն որոշումը, որով քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների համար տեղական վարձավճար է սահմանվել՝ մեկ էջի համար 500 դրամ: Նիստին ներկա են եղել ավագանու 11 անդամներից յոթը՝ Արթուր Հովսեփյան, Ռազմիկ Պապյան, Նորայր Ղուկասյան, Արտակ Միրզոյան, Արման Սուքիասյան, Ալեքսան Հովակիմյան: Բոլորն էլ կողմ են եղել: Այսինքն՝ կա նման որոշում, Սարգիս Ղարաքեշիշյանին ոչ ոք չի զրպարտում: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանին զրպարտության մեղադրանք ներկայացնող քաղաքապետը նույն հարցազրույցում հաստատում է 19-Ն որոշման գոյությունը՝ պնդելով, որ 19-Ն որոշումը չեղյալ է հայտարարված: Ուրեմն եղել է, չէ՞, որ չեղյալ է հայտարարվել: Հայտնի ֆիլմի հերոսը ասում էր՝ «հնարավոր չէ սեղմել կրծքին այն, ինչ չկա»: Մեր դեպքում՝ «հնարավոր չէ չեղյալ հայտարարել այն, ինչ չկա»: Կրկնենք՝ եղել է մեկ էջ պատճենահանելու համար 500 դրամ գանձելու մասին 19-Ն որոշում, ուրեմն Շուշան Դոյդոյանի պնդումը, որ տեղեկության տրամադրման համար պատճենահանման շուկայական գնից ամենաքիչը 25 անգամ բարձր գին սահմանելով՝ Ստեփանավանի ավագանին տեղեկության տրամադրումը դարձրել է բիզնես՝ իրական է: Էլ ինչ զրպարտության մասին է խոսում իրեն քննադատողին մեղադրող ու մեկ նախադասություն հետո քննադատության մեջ բերվածը հաստատող քաղաքապետը: Սա Սարգիս Ղարաքեշիշյանի միակ սայթաքումը չէ:

2009 թվականի սեպտեմբերի 3-ին քաղաքապետը Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի հարցմանն ի պատասխան, նամակով տեղեկացրել է, որ ավագանու 2008 թվականի բոլոր որոշումները կազմում են 200 էջ եւ եթե «Ասպարեզը», համաձայն ավագանու 19-Ն որոշման, մեկ էջի համար 500 դրամ վճարի, կստանա իր ակնկալած տեղեկությունը (Այս նամակն էլ ապացուցում է, որ եղել է 19-Ն որոշում: Սա էլ իմիջիայլոց): Նույն քաղաքապետը այս նամակից մեկուկես տարի անց՝ 2011-ի հունվարի 24-ին նույն «Ասպարեզին» տեղեկացնում է, որ 2008-ի որոշումները հանձնվել են արխիվ ու հասանելի չեն, իսկ սկսած 2009-ից, որոշումները տեղադրված են քաղաքապետարանի կայքում: Ստացվում է, որ 2009-ի սեպտեմբերին քաջ գիտակցելով, որ ավագանու 2008թ. որոշումները հանրային հետաքրքրություն են ներկայացնում, Սարգիս Ղարաքեշիշյանը դրանք դարձրել է խորապես անհասանելի:

Ստեփանավանի քաղաքապետը պնդում է, որ իրենց պաշտոնական կայքը գործում է 2009 թվականից: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե կայքը երկու տարի գործեր, իրենք տեղյակ կլինեին: Ամեն դեպքում, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնում» դրական քայլ են համարում կայքի գոյությունը, հասցրել են ուսումնասիրել այն ու գոհ են դրա բովանդակությունից:

Շուշան Դոյդոյանն էլ ուրախ է, որ հաջողության են հասել. նախ «500 դրամանոց» որոշումը չեղյալ է հայտարարվել ու աշխատանքի թափանցիկություն ապահովող կայք է գործում: Սա նշանակում է, որ Սարգիս Ղարաքեշիշյանը թափանցիկ աշխատանքի համար ԻԱԿ-ի «Ոսկե բանալուն» արժանանալու հայտ է ներկայացնում, կեսկատակ նկատեց Շուշան Դոյդոյանը եւ հավելեց, որ մայիսի 16-ին իրենք նոր հարցում են ուղարկել Ստեփանավանի քաղաքապետարան եւ ցանկանում են ստանալ «500 դրամանոց» որոշումը չեղյալ հայտարարելու մասին որոշումն ու տեղեկանալ, թե «500 դրամանոց» որոշման գոյության երկու տարիների ընթացքում տեղեկության տրամադրման արդյունքում որքա՞ն գումար է մտել համայնքային բյուջե եւ ի՞նչ նպատակներով է ծախսվել: Ու հիմա Սարգիս Ղարաքեշիշյանի «փրկության» գործը կախված է Սարգիս Ղարաքեշիշյանից:
Աղբյուրը` “Առավոտ” օրաթերթ

Skip to content