Լրագրողների եւ իրավապահ մարմինների համատեղ աշխատանքային երկօրյա քննարկումն ավարտվեց ջերմ մթնոլորտում: Արդարադատության նախարարության, ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչները, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում մշտապես գործ են ունենում լրագրողների հետ, նշեցին, որ այս քննարկման արդյունքում իրենք ավելի լավ ճանաչեցին լրատվամիջոցնների ներկայացուցիչներին, ինչը կհեշտացնի իրենց աշխատանքը:
Քննարկման մասնակից լրագրողները հույս հայտնեցին, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այսուհետ անհատական մոտեցում կցուցաբերեն իրենց: Դատախազության ներկայացուցիչն էլ նշեց, թե «վաղվանից ավելի լավ ենք աշխատելու»:
Նշենք, որ ծրագրի` քննարկմանը պետք է մասնակցեր նաեւ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը, որը սակայն, չկարողացավ ներկայանալ:
Լրագրողների մեծամասնությունը ցանկություն հայտնեց հաջորդ նման քննարկման շրջանակներում հանդիպել Պաշտպանության նախարարության Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության եւ զինդատախազության ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ Աղվերանում կայացած «Տեղեկատվության ազատության առանձնահատկությունները իրավապահ մարմիններում» աշխատանքային քննարկումը կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ
Աղբյուրը` lragir.am