Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ ամենադժվարը հիերարխիկ բնույթ կրող կաշառակերության դեպքերի բացահայտումն է։ Այդ մասին լրագրողների, քննիչների ու դատախազների մասնակցությամբ Ծաղկաձորում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատաaխազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը։
Նրա խոսքով՝ աշխարհում չկա այնպիսի մի մեթոդիկա, որի օգնությամբ հնարավոր կլիներ բացահայտել հիերարխիկ ձեւով, այսինքն՝ երբ կաշառքը բաժնի մասնագետից անցնում է բաժնի վարիչին, այնուհետեւ՝ վարչության պետին, հետո՝ նախարարի տեղակալին, այնուհետեւ նախարարին, կատարված կոռուպցիոն դեպքը։
Գլխավոր դատախազության պաշտոնյայի գնահատմամբ՝ ավելի արժեքավոր կլիներ տարվա մեջ կոռուպցիայի մեկ կամ երկու դեպք բացահայտել նախարարի կամ փոխնախարարի մասնակցությամբ, քան հազարավոր դեպքեր, երբ կոռուպցիա իրականացրել են կառավարման ստորին օղակներում։
«Տարվա մեջ ավելի լավ է ունենանք նախարարի կամ նախարարի տեղակալի պաշտոնեական դիրքի չարաշահման քրեորեն հետապնդելի հովանավորչության կամ կաշառակերության երկու դեպք, քան երեսուն դեպք, որ համատիրություններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկանք տալու համար 1000 դրամ են վերցրել»,–կարծիք հայտնեց Աշրաֆյանը։ Նա այդ դեպքերը չի նույնացնում, քանի որ որեւէ հզոր պաշտոնյայի կողմից կատարված կոռուպցիոն արարքի բացահայտումը ուղղակիորեն արձագանք կգտնի իր ղեկավարած հիմնարկի բոլոր օղակներում։ «Եթե մի նախարար կոռուպցիոն հանցագործություն կատարելու մեջ բացահայտվի, ես կարծում եմ, որ համակարգում զգոն կլինեն, կվախենան, թույլ չեն տա իրենց այն, ինչ որ մինչ այդ եղել է թույլատրելի կամ անպատժելի»,–նկատեց Աշրաֆյանը։
Միեւնույն ժամանակ, դատախազության պաշտոնյան չի հավատում, որ բարձրաստիճան պաշտոնյաները առավոտից երեկո կոռուպցիոն բնույթի ապօրինություններով են զբաղվում։ Փոխարենը, նրա համոզմամբ, կոռուպցիոն հանցագործություններով առավոտից մինչեւ երեկո զբաղված են ստորին եւ միջին օղակի ծառայողական համակարգի աշխատակիցները։
Այնուհետեւ Աշրաֆյանը թվարկեց կոռուպցիայով զբաղվողներին. դրանք բուժաշխատողներն են, «անխտիր բոլոր» ուսումնական հաստատությունները, համատիրությունները, նոտարական գրասենյակները, անշարժ գույքի գրանցման կադաստրի մարմինները, հարկային ոլորտի աշխատողները։ «Մի խոսքով՝ այն համակարգն է, որտեղ ամեն օր առավոտից իրիկուն մեր հասարակության լայն զանգվածները շփվում են։ Նրանց ուղեղներում նստացրել են միտքը՝ առանց գումարի հարց չի լուծվի»,–հայտարարեց Աշրաֆյանը՝ նկատելով, որ այդ մարդկանց դեմ իրենց պայքարը չի ստացվում, քանի որ նրանց մեջ ձեւավորվել է կարծրատիպ՝ «առանց վճարի ցանկացած բան գլուխ բերել հնարավոր չէ»։
«Մարդկանց մեջ գիտակցական հեղափոխություն պետք է իրականացնել՝ ամեն ինչ չէ, որ վճարովի պետք է լինի, դա ձեր իրավունքն է եւ դուք պետք է ձեր օրինական շահերի պաշտպանությունն իրականացնեք օրինական ճանապարհով»,–հավելեց դատախազության պաշտոնյան։
Աղբյուրը` “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթ