Մայիսի 27-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» և «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ-ները «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում ԵՄ համաֆինանսավորմամբ կազմակերպել էին www.e-request.am հարթակի կիրառման հետ կապված խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված հանդիպում-քննարկում։
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը, ՀՀ ԱՆ ինովացիոն ծրագրերի բաժնի աշխատողներ, ՀՀ նախարարությունների քարտուղարության պետեր, տեղակալներ և ընդհանուր բաժնի աշխատողներ:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանն իր խոսքում ընդգծեց www.e-request.am հարթակի կիրառման իրազեկման բարձրացման անհրաժեշտությունը, պետական մարմիններին հարցումներ, դիմումներ և բողոքներ ուղղելու նպատակով այս հարթակի կարևորությունը:
«Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Արման Խաչատրյանը ներկայացրեց կայքի կիրառման հետ կապված մի շարք դիտարկումներ, որոնք առանձնացվել էին համակարգի ընթացիկ մոնիթորինգի շրջանակում։
Քննարկման մասնակիցները ներկայացրեցին www.e-request.am հարթակի կիրառման ընթացքում հանդիպող հիմնական խոչընդոտները դրանց հաղթահարման իրենց փորձն ու հարթակի վերաբերյալ իրենց առաջարկությունները:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ստանալ www.e-request.am հարթակը կիրառող ամենաակտիվ խմբերի ներկայացացուցիչների դիտարկումներն ու բարելավմանն ուղղված առաջարկությունները:
Կազմակերպիչներն առաջիկայում քննարկման ընթացքում հնչած դիտարկումներն ամփոփելու և ներկայացնելու են ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկվող լուծումներին ընթացք տալու նպատակով: