Ծրագրեր

Ծրագրեր

Կայացավ «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Կայացավ «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանը

2019 թվականի մայիսի 20-ին Երեւանում կայացավ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն եւ հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի մրցանակաբաշխության արարողությունը: Ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից, Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ:

Արարողությանը ներկա էին Հայաստանում ԵՄ միջազգային համագործակցության մասնագետ Լինե Ուրբանը, Եվրոպական լրագրության կենտրոնի ներկայացուցիչ Ջոշ Լափորթը, լրագրողական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծին մասնակցած լրագրող եւ իրավաբան ուսանողները։
Հեռուստանախագծի ընթացքում Հայաստանի առաջատար համալսարանների (Երեւանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Գավառի պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ) 36 ուսանողներ մրցել են՝ պատրաստելով հետաքննական ռեպորտաժներ կոռուպցիոն թեմաներով։

«Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանում հաղթող է ճանաչվել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Անուշ Մելքոնյանը՝ ստանալով գլխավոր մրցանակը, որը հանձնել է Եվրոպական լրագրության կենտրոնի ներկայացուցիչ Ջոշ Լափորթը:

«Ինձ համար մեծ պատիվ էր լինել «Լրագրողական մենամարտ» նախագծի ժյուրիի անդամ: Ձեր պատրաստած ռեպորտաժների որակը փուլ առ փուլ զգալիորեն լավանում էր: Դուք իսկապես մեծ դեր ունեք հասարակության կյանքում, եւ Հայաստանում արդեն սկսում են հասկանալ հետաքննական լրագրության կարեւորությունը»,- դիմելով ուսանողներին՝ ասաց Ջոշ Լափորթը:
Երկրորդ մրցանակը շնորհվեց Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Ռիմա Գրիգորյանին, ում մրցանակը հանձնեց ԻԱԿ նախագահ, «Իրազեկ Հայաստան» ծրագրի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

«Համոզված եմ՝ լրագրողների այս սերունդն է զարգացնելու Հայաստանում լրագրողական էթիկայի բարձրագույն չափանիշներին համապատասխան լրագրություն, որի պակասը մենք այսօր զգում ենք: Լինելով ժյուրիի անդամ՝ ես արձանագրեցի, որ բացառությամբ 1-2 նյութերի, չի եղել լրագրողական էթիկայի կոպիտ խախտման որեւէ դեպք»,- ասաց Շուշան Դոյդոյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսանողներին պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

«Ժյուրիի համակրանք» անվանակարգին է արժանացել Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Մարիամ Ավանեսյանը, ում մրցանակը շնորհել է «Լրագրողական մենամարտ» նախագծի հեղինակ Կարեն Անդրեասյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին՝ ուսանողներին տված գիտելիքի համար:
«Առանց լրագրության եւ դատական համակարգի որեւէ երկիր չի կարող համարվել նորմալ: Մեր երկիրը հիմա լուծել է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հարցը, սակայն դատական իշխանության, ինչպես նաեւ չորրորդ իշխանության՝ լրագրության հարցերը, ցավոք, դեռ բավարար չափով լուծված չեն, եւ բոլորիս խնդիրն է դրանք լուծելը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ԵՄ միջազգային համագործակցության մասնագետ Լինե Ուրբանը: «Շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվել: Շատ կարեւոր է, որ դուք ունենք քննադատական մտածողություն, հետաքրքրասիրություն եւ ցանկանում եք ձեր մտքերը կիսել այլ մարդկանց հետ: Լավ է, որ բաց եք քննադատության համար, կարողանում եք հարգել լսարանի կարծիքը, չնայած շատ հաճախ համամիտ չեք լինում դրա հետ»,- նշեց նա:

Նախագծի շրջանակում կազմակերպված դատախաղի հաղթող ուսանողներին մրցանակ հանձնեց փաստաբան Վանիկ Մարգարյանը:
«Հատկապես հետաքննական լրագրության դեպքում դատարանում հայտնվելու ռիսկը բարձր է: Ասեմ ավելին, դատախաղի համար ընտրված ռեպորտաժը զրպարտության սահմանագծին էր, եւ որպես դատավոր շատ բարդացրեց իմ աշխատանքը»,- ասաց նա ու հավելեց, որ անկախ դատական համակարգի պայմաններում հաղթող իրավաբան ուսանողների նման լավ պատրաստված իրավաբանների աշխատանքի դեպքում հետաքննական լրագրությունը բարձր արդյունքներ կունենա:

Շնորհավորական եւ շնորհակալական ելույթներով հանդես եկան նաեւ նախագծին մասնակցած համալսարանների ղեկավար կազմի ներկայացուցիչներն ու հաղթող ուսանողները:

Skip to content