2017 թվականի հուլիսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարանների` նրանց անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և տեղեկատվություն հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր կանոնադրական նպատակների իրականացման նպատակով յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբեր իր կողմից մշակված Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսի միջոցով գնահատում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակը: 2017 թվականին ԻԱԿ-ն անդրադարձել է նաեւ ՀՀ մարզկենտրոնների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի ապահովմանը, որը պարտավորեցնում է տեղեկություն տնօրինողներին 13 խումբ տեղեկություններ հրապարակել սեփական նախաձեռնությամբ (առանց հարցման առկայության):
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փնտրել է Աշտարակի քաղաքապետարանի http://ashtarak.am/Pages/Home/default.aspx կայքում, Արմավիրի քաղաքապետարանի http://mer.armavir.am/Pages/Home/Default.aspx կայքում, Գավառի քաղաքապետարանի http://www.gavariqaghaqapetaran.am/ կայքում, Հրազդանի քաղաքապետարանի http://www.hrazdan.am/ կայքում, Կապանի քաղաքապետարանի http://www.kapan.am/Pages/Home/Default.aspx կայքում, Եղեգնաձորի քաղաքապետարանի www.yeghegnadzor.am կայքում և Իջևանի քաղաքապետարանի http://www.ijevancity.am/Pages/Home/Default.aspx կայքում: Ուսումնասիրության արդյունքում ԻԱԿ-ը հաստատել է, որ մարզկենտրոնները չեն հրապարակել 2016 թվականին վերաբերող՝ օրենքով սահմանված 13 խումբ տեղեկությունները:
2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով դատարանը մերժեց ԻԱԿ-ի հայցը: Դատարանի որոշումն ԻԱԿ-ը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: 2022 թվականի հուլիսի 1-ին, տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ մարզկենտրոնների գործով (Թիվ ՎԴ/10811/05/17 ) դատաքննության առաջին նիստը։ Դատավարությունը ձգվեց շուրջ հինգ տարի։ Դատական գործով վերջին նիստը կայացավ 2022 թվականի հունիսի 1-ին։ Նիստին ներկայացել էին պատասխանող յոթ կողմերից միայն Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, որի լիազորագրի ժամկետը սպառվել էր, ուստի ըստ էության վերջինս չի կարողացել մասնակցել նիստին։ Դատաքննությունն անցկացվել է առանց մյուս պատասխանողների ներկայացուցիչների մասնակցության։
Դատարանը վճիռը հրապարակեց 2022 թ. հունիսի 22-ին: Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական նշանակության հայցն ընդդեմ 7 քաղաքապետարանների (մարզկենտրոնների)՝ պարտավորեցնելով իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա բոլոր 13 խումբ տեղեկությունները։
Ընդգծենք՝ այս ռազմավարական դատավարության նպատակը ՏԻՄ մարմիններում պրոակտիվ հրապարակայնության խթանումն է և օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություների մատչելիության ապահովումը։ Սա առաջին դատական նախադեպն է Հայաստանում, որը վերաբերում է պրոակտիվ հրապարակայնությանը և հանրային իշխանության մարմինը դատական ակտի հիման վրա պարտավորեցվում կատարել պրոակտիվ թափանցիկություն ապահովելու՝ օրենքով սահմաված պարտականությունը։
Դատարանը որոշեց․
1․ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարել։ Թիվ ՎԴ/10811/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը բեկանել և փոփոխել․ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված պարտականությունները չկատարելու ձևով դրսևորված Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարանների անգործության ոչ իրավաչափ լինելու հիմքով պարտավորեցնել Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարաններին ինտերնետային կայքերում հրապարակելու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 13 խումբ տեղեկությունները:
2․ Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարաններից համապարտությամբ հօգուտ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության բռնագանձել 14․000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
Հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դատական գործի մանրամասները հասանելի է այստեղ։