Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2016 թ.-ի օգոստոսի 10-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին` խնդրելով տեղեկություններ 2016 թ.-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների համազգեստների գնման գործընթացի վերաբերյալ: Օլիմպիական կոմիտեն հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը նույնաբովանդակ կրկնակի հարցմամբ Կոմիտեին դիմել էր նաեւ օգոստոսի 25-ին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
2016 թ.-ի հոկտեմբերի 7-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի այն անգործությունը, որով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում պատասխան չի տրվել ԻԱԿ-ի կողմից հարցմամբ խնդրվող տեղեկատվության վերաբերյալ, ինչպես նաեւ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին տեղեկություն տալու պարտականությունը չկատարելու համար ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանքի 10.000 ՀՀ դրամի չափով ԻԱԿ-ի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի թիվ 292-ի 3 հարցմանը չպատասխանելու համար եւ 50.000 ՀՀ դրամի չափով ԻԱԿ-ի՝ 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 292-ի 6 հարցմանը չպատասխանելու համար:
2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ դատարանը մերժեց ԻԱԿ-ի հայցի ընդունումը: Դատարանի որոշումն ԻԱԿ-ը բողոքարկել է վերաքննության կարգով: վերաքննիչ դատարանը որոշում դեռ չի կայացրել: