Ապրիլի 28-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր` Ա. Առաքելյան) բավարարեց ԻԱԿ-ի բողոքը, որով հիմնավորեց, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կարող է դիմել դատարան` պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հայցապահանջով:
Հուլիսի 30-ին կայացած դատական նիստի ժամանակ ԻԱԿ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը հրաժարվեց հայցի` տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու եւ Զարթոնքի գյուղապետին 50.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներից: Սակայն պնդեց Զարթոնքի գյուղապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին պահանջը:
Օգոստոսի 13-ին ՀՀ վարչական դատարանը /նախագահող դատավոր` Ա. Ծատուրյան/ վճռեց կարճել ԻԱԿ-ն ընդդեմ Զարթոնքի գյուղապետարանի վարչական գործի վարույթը, քանի որ ԻԱԿ ներկայացուցիչը հրաժարվել էր հայցի երկու պահանջներից, իսկ դատարանն էլ գտել էր, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման նաեւ ԻԱԿ-ի այն պահանջի մասով, որը վերաբերում է Զարթոնքի գյուղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելուն, քանի որ դատավոր Ա. Ծատուրյանը գտնում էր, որ «ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցատեսակ չի սահմանում, հետեւաբար այդ պահանջով վարչական դատարանը իրավասու չէ»:
Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ ՀՀ վարչական դատարանը մերժել է տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը: ԻԱԿ-ի բազմաթիվ հայցեր` նշյալ պահանջով, բավարարվել են ՀՀ վարչական դատարանի կողմից:
15.09.2009 թ․ ԻԱԿ-ը վճռաբեկության կարգով բողոքարկեց ՀՀ վարչական դատարանի վճիռը` ՀՀ վճռաբեկ դատարանից խնդրելով բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.08.2009 թ. թիվ ՎԴ 4/0074/05/09 վճռի` Զարթոնքի գյուղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին պահանջով գործի վարույթը կարճելու մասը, այն փոփոխել եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի այդ հայցապահանջը բավարարել: ՀՀ վճռաբեկ դատարանը 22.04.2010 թ. ԻԱԿ-ի բողոքն ամբողջությամբ բավարարեց եւ գործն ուղարկեց նոր քննության:
2012 թ.-ի հոկտեմբերի 3-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց, քանի որ Զարթոնքի գյուղապետը չէր ստացել դատարանի ծանուցումը: Հաջորդ դատական նիստը տեղի ունեցավ 2012թ.-ի նոյեմբերի 28-ին, դատաքննությունն ավարտվեց: Դատարանը վճիռը հրապարակեց 2012 թ.-ի դեկտեմբերի 12-ին` ամբողջությամբ բավարարելով ԻԱԿ-ի հայցը: Դատարանը ճանաչեց Զարթոնքի գյուղապետի գործողությունները ոչ իրավաչափ եւ պարտավորեցրեց փոխհատուցել ԻԱԿ-ի կողմից վճարված պետական տուրքի գումարները` 24.000 ՀՀ դրամ:
Վարչական դատարանի 12.12.2012 թ.-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ: