Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009 թ. փետրվարի 27-ին «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին հարցում էր ուղարկում` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
- «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 եւ 2008 թթ.-ին որքա՞ն գումար է կազմել:
- ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008 թթ.-ին ո՞ր կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրեր:
- ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ.-ին որքա՞ն հասույթ է ստացել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրերից:
Պատասխանում ՊՈԱԿ-ը նշել էր, որ 1-ին կետով ներկայացված հարցի պատասխանը պաշտոնապես հրապարակված է «ՀՀ պետական բյուջեի մասին» համապատասխան օրենքներում, իսկ 2-րդ եւ 3-րդ կետերով ներկայացված հարցերի պատասխանները պարունակում են առեւտրային գաղտնիք, հետեւաբար նման տեղեկատվություն չի կարող տրամադրվել: 2009թ.-ի մարտի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՊՈԱԿ-ի պատասխանը բողոքարկեց ՀՀ վարչական դատարան` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի այն գործողությունները կամ անգործությունը, որով սպառիչ եւ լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ եւ պարտավորեցնել «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին հնգօրյա ժամկետում տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը:
2009 թ.-ի մայիսի 5-ին մեկ այլ զուգահեռ հայցով ԻԱԿ-ը դիմել էր Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 ՀՀ դրամի չափով: Այս դատական գործը 2009 թ.-ի հունիսի 16-ին կասեցվեց` մինչեւ ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանում դատական գործն ավարտվի:
ՀՀ վարչական դատարանը մասամբ վարույթ ընդունեց ԻԱԿ-ի հայցը` մերժելով ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը: ԻԱԿ-ը ՀՀ վարչական դատարանի վճիռը այս մասով բողոքարկեց:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործի քննությունը վարչական դատարանում 15.07.09 թ.-ին հետաձգվեց անորոշ ժամանակով: Պատճառն այն էր, որ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը լուծարվում էր, եւ մինչեւ իրավահաջորդության հարցը չլուծվեր, գործի հետագա քննությունն անհնար էր:
Սակայն, ՊՈԱԿ-ն այդպես էլ չլուծարվեց, եւ դատաքննությունը շարունակվեց:
2009 թ.-ի նոյեմբերի 20-ի դատական նիստի ժամանակ դատարանն ուսումնասիրեց բոլոր գրավոր ապացույցները, լսեց կողմերին: ԻԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ամբողջությամբ պնդեց հայցը, իսկ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը չընդունեց ԻԱԿ-ի որեւէ հայցապահանջի ճշտությունը` ամբողջությամբ առարկելով հայցի դեմ:
2009 թ.-ի դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով վճիռը, որով մերժեց ԻԱԿ-ի հայցը:
Դատարանը գտել էր, որ ՊՈԱԿ-ն ըստ էության պատասխանել է ԻԱԿ-ի՝ տեղեկատվություն ստանալու հարցմանը. 1-ին կետով պահանջվող հարցին տվել է հստակ պատասխան, իսկ 2-րդ եւ 3-րդ կետերով ներկայացված հարցերի պատասխանները պարունակում են առեւտրային գաղտնիք, քանի որ, ճիշտ է, ՊՈԱԿ-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, առեւտրային շահ չունի, սակայն առեւտրային շահ ունեն այն կազմակերպությունները, որոնց հետ ՊՈԱԿ-ը կնքել է պայմանագրեր, եւ եթե ԻԱԿ-ին տրամադրեր այդ տեղեկությունը, կստացվեր, որ հրապարակում է տվյալ կազմակերպությունների առեւտրային գաղտնիքը:
2009 թ.-ի դեկտեմբերին ԻԱԿ-ը վճռաբեկության կարգով բողոքարկեց ՀՀ վարչական դատարանի վճիռը: 2010թ.-ի հունիսի 3-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը բեկանեց ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռը եւ գործն ուղարկեց նույն դատարան նոր քննության:
Հունիսի 20-ին ՀՀ վարչական դատարանը լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի: Դատարանը վճռեց ոչ իրավաչափ ճանաչել «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործողությունները, պարտավորեցնել «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին հնգօրյա ժամկետում տրամադրելու ԻԱԿ-ի կողմից 27.02.2009 թ.-ի հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը եւ հօգուտ ԻԱԿ-ի բռնագանձել 24.000 դրամ:
ՊՈԱԿ-ը ՀՀ վարչական դատարանի վճիռը բողոքարկեց վերաքննության կարգով, սակայն 2011թ.-ի նոյեմբերի 8-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժեց ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով ՊՈԱԿ-ի վերաքննիչ բողոքը:
ՊՈԱԿ-ը վճռաբեկության կարգով բողոքարկեց նաեւ ՀՀ վերաքննիչ դատարանի մերժումը: 2012թ.-ի հունվարի 18-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց նաեւ ՊՈԱԿ-ի` ՀՀ վերաքննիչ դատարանի մերժման դեմ բերված բողոքը, եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի օգտին կայացված՝ ՀՀ վարչական դատարանի հունիսի 20-ի վճիռը մնաց ուժի մեջ: 2012 թ.-ի մարտի 29-ին ՊՈԱԿ-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրեց դատական վեճի առարկա դարձած տեղեկությունները:
ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական գործը, որը կասեցվել էր 2009 թ.-ի հունիսի 16-ին` մինչեւ ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանում դատական գործն ավարտվի, 2013 թ.-ի մարտի 12-ին վերսկսվեց: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գործը հանձնեց ՀՀ վարչական դատարանի քննությանը: Առաջին նիստը տեղի կուեցավ 2013 թ.-ի օգոստոսի 15-ին: 2013 թ.-ի դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` ենթարկելով ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Հարությունյանին վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով:
ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկություններին կարող եք ծանոթանալ
այստեղ:
ԻԱԿ-ի` 2009 թ.-ի մարտի 3-ին դատարան ներկայացրած հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական դատարանի` 2009 թ.-ի դեկտեմբերի 7-ի վճռին այստեղ:
ԻԱԿ-ի` 2009 թ.-ի դեկտեմբերի 28-ի վճռաբեկ բողոքին կարող եք ծանոթանալ
այստեղ:
ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թ.-ի մայիսի 27-ի որոշմանը կարող եք ծանոթանալ
այստեղ:
ՀՀ վարչական դատարանի` 2011 թ.-ի հունիսի 20-ի վճռին կարող եք ծանոթնալ
այստեղ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` 2011 թ.-ի նոյեմբերի 8-ի որոշմանը կարող եք ծանոթանալ
այստեղ:
ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թ.-ի հունվարի 18-ի որոշմանը կարող եք ծանոթանալ
այստեղ:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թ.-ի հունիսի 16-ի որոշմանը կարող եք ծանոթանալ
այստեղ:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թ.-ի մարտի 12-ի որոշմանը կարող եք ծանոթանալ
այստեղ: