Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009 թ.-ի փետրվարի 3-ին դիմել էր Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Համայնքի 2008 թ. բյուջեի պատճեն, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը,
2. 2008 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճենները:
2. 2008 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճենները:
ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան:
Արդյունքում, 2009 թ.-ի մարտի 31-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ վարչական դատարան` Տալվորիկի գյուղապետարանին տեղեկատվություն տրամադրել պարտադրելու, նաեւ` հայցվորի ներկայացուցչի համար կատարված ծախսերը հատուցելու հայցով:
Հուլիսի 23-ին ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Ծատուրյան) վճռեց վարչական գործի վարույթը, ըստ հայցի` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ընդդեմ Տալվորիկի գյուղապետարանի` տեղեկատվություն տրամադրելուն պարտադրելու պահանջի մասին կարճել, քանի որ դատավարության ընթացքում Տալվորիկի գյուղապետը ԻԱԿ-ին առձեռն տրամադրել էր պահանջվող տեղեկատվությունը:
Դատարանը նաեւ վճռեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել նախապես չվճարված պետական տուրքի գումարը` 4000 դրամի չափով, քանի որ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ համաձայն` եթե հայցը թողնվում է առանց քննության կամ վարույթը կարճվում է, դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա: