Սույն թվականի հունվարի 28-ին ՀՀ քաղաքացի Դավիթ Մաթեւոսյանը Երեւանի քաղաքապետին երեք իրազեկում է ներկայացրել 08.02.2008 թ., 16.02.08 թ. եւ 17.02.08 թ. զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպելու վերաբերյալ: Դրանցից երկուսի վերաբերյալ կայացվել են իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին որոշումներ, երրորդի վերաբերյալ` վարչական ակտ չի կայացվել:
Երեւանի քաղաքապետից զանգվածային հրապարակային միջոցառման կազմակերպիչը խնդրել է թույլատրել ծանոթանալ զանգվածային հրապարակային միջոցառումների իրազեկումների հիման վրա 2008 թ. հունվարի 27-30-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթների գործերին, դրանց նյութերին եւ իր հայեցողությամբ դրանցից կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ: Երեւանի քաղաքապետը դիմումին չի արձագանքել:
Դ. Մաթեւոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը 2008 թ. փետրվարի 3-ին դիմումով քաղաքապետին խնդրել է թույլատրել ծանոթանալ զանգվածային հրապարակային միջոցառումների իրազեկումների հիման վրա սույն թվականի հունվարի 27-30-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթների գործերին, դրանց նյութերին եւ իր հայեցողությամբ դրանցից կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ: Երեւանի քաղաքապետն այս դիմումին եւս չի պատասխանել:
Եվ Դավիթ Մաթեւոսյանը /լիազոր ներկայացուցիչ` Արտակ Զեյնալյան/ դիմել է ՀՀ վարչական դատարան` խնդրելով դատարանին ոչ իրավաչափ ճանաչել Երեւանի քաղաքապետի անգործությունը եւ վերջինիս պարտավորեցնել հնարավորություն տալ վարչական վարույթի նյութերին ծանոթանալու եւ իր հայեցողությամբ դրանցից պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ կատարելու:
Դատական քննության ընթացքում պարզ է դարձել, որ սույն գործով կիրառման ենթակա են ՀՀ Սահմանադրությունը, «Վարչարարական հիմունքների եւ վարչական վարույթի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքները:
Եվ ՀՀ վարչական դատարանը /նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան/ վճռել է, որ Դավիթ Մաթեւոսյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի` Երեւանի քաղաքապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, վարչական վարույթի նյութերին ծանոթանալու եւ իր հայեցողությամբ դրանցից պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ կատարելու հնարավորություն տալուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել` ոչ իրավաչափ/անվավեր/ ճանաչել հայցվորի 2008 թ. փետրվարի 3-ին Երեւանի քաղաքապետին հասցեագրված թիվ 143 դիմումին չպատասխանելու Երեւանի քաղաքապետի անգործությունը, պարտավորեցնել Երեւանի քաղաքապետին հնարավորություն տալու հայցվորին ծանոթանալ սույն թվականի հունվարի 27-30-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթների նյութերին եւ իր հայեցողությամբ դրանցից պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ կատարելու:
Այս վճռով, փաստորեն, դատարանը պաշտպանեց քաղաքացու` տեղեկություն ստանալու իրավունքը:
Վճռի տեքստն ամբողջությամբ: