ՀՀ վարչական դատարանն առաջին անգամ վարչական պատասխանատվության` տուգանքի ենթարկեց պաշտոնյային` անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու համար:
2009 թ. փետրվարի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր Ելփինի գյուղապետին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
- Ելփին համայնքի 2008 թ. բյուջեի պատճեն:
- Ելփին համայնքի 2008 թ. բյուջեի կատարման հաշվետվության պատճեն:
ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան:
Ուստի, մարտի 18-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ վարչական դատարան` խնդրելով.
- Ոչ իրավաչափ ճանաչել Ելփինի գյուղապետարանի այն գործողությունները կամ անգործությունը, որով օրենքով սահմանված առավելագույն ժամկետում սպառիչ եւ լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ եւ պարտավորեցնել Ելփինի գյուղապետարանին հնգօրյա ժամկետում տրամադրել Ելփինի համայնքի 2008 թ.-ի բյուջեի եւ Ելփին համայնքի 2008 թ.-ի բյուջեի կատարման հաշվետվության պատճենները:
- Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 ՀՀ դրամի չափով:
- Ելփինի գյուղապետարանից հօգուտ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի բռնագանձել 8000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:
Մինչ դատական նիստի օրը Ելփինի գյուղապետը ԻԱԿ-ին տրամադրել էր հայցվող տեղեկությունները:
Հուլիսի 6-ին ՀՀ վարչական դատարանը` դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, դատական պրակտիկայում աննախադեպ վճիռ կայացրեց` բավարարելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը` պաշտոնատար անձին տեղեկատվություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով, որի արդյունքում Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը պարտավորեցվեց 50.000 ՀՀ դրամ տուգանք մուծել` պահանջվող տեղեկատվությունը ԻԱԿ-ին ժամանակին չտրամադրելու համար:
Ի դեպ, սա Հայաստանում առաջին դատական նախադեպն է, որով պաշտոնյան ենթարկվեց վարչական տուգանքի` պարտավորվելով վճարել սեփական գրպանից: