16.09.2005 թ. ԻԱԿ Արարատի մարզի մարզային իրավաբանը հարցում էր ուղարկել Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին` խնդրելով տրամադրել 2005 թ. 1-2-րդ եռամսյակների ընթացքում մարզպետի ընդունած որոշումների պատճենները:
03.10.2005 թ. թվագրված պատասխանով Արարատի մարզպետը հրաժարվեց տրամադրել պահանջվող տեղեկատվությունը` նշելով, որ հարցումը պարունակում է հաշվետվության կամ վերահսկողության պահանջի տարր, եւ տեղեկատվությունը կտրամադրվի, եթե ներկայացվի իրավական ակտի կոնկրետ նշում: 28.10.2005 թ. ԻԱԿ մարզային իրավաբանը կրկնակի հարցում ուղարկեց Արարատի մարզպետին` նշելով նրա պատասխանի անհիմն լինելը եւ կրկին պահանջելով նույն տեղեկատվությունը: Արարատի մարզպետից ստացվեց երկրորդ գրությունը. «Ձեր` 28.10.2005 թ. թիվ 03 հարցմանն ի պատասխան հայտնվում է, որ նույնաբովանդակ Ձեր նախորդ հարցմանը մեր կողմից 03.10.2005 թ. տրված պատասխանում հստակ է մերժման պարզաբանումը»:
2005 թ. դեկտեմբերի 22-ին ԻԱԿ կողմից հայց ներկայացվեց Արարատի մարզի առաջին ատյանի դատարան` պաշտոնատար անձի անգործությունը վիճարկելու եւ սպառիչ տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի մասին:
Առաջին նիստը` 20.01.2006 թ.-ին, հետաձգվեց մարզպետարանի ներկայացուցչի խնդրանքով, ով ժամանակ խնդրեց իրենց պատասխանը հիմնավորող օրենքի փոփոխություններ եւ փաստաթղթեր ներկայացնելու համար:
Սակայն, մինչ դատական երկրորդ նիստը, 2006 թ. փետրվարի 7-ին Արարատի մարզպետարանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրեց 79 էջից բաղկացած բոլոր որոշումների պատճենները` բացառությամբ երկու որոշման, որոնք պարունակում էին պետական գաղտնիք։ Այս հանգամանքը նշվել էր մարզպետարանի կողմից տրված գրության մեջ։
2006 թ. փետրվարի 28-ին դատական երրորդ եւ վերջին նիստի ժամանակ ԻԱԿ մարզային իրավաբան Անահիտ Ավագյանը հրաժարվեց հայցից` հիմք ընդունելով պատասխանողի կողմից հայցային պահանջի կատարումը: Դատարանը որոշում կայացրեց դատական գործը կարճելու մասին` միաժամանակ պատասխանող կողմին պարտավորեցնելով հատուցել ԻԱԿ-ի կրած վնասները, այն է` վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը: