2013 թվականի մայիսի 13-ից 30-ը “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն անցկացրեց “Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում” թեմայով վերապատրաստման դասընթաց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու 78 քաղաքացիական ծառայողների համար:
Դասընթացն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ Խորհրդի ապրիլի 17-ի N 305-Ա որոշմամբ հաստատված ուսումնական ծրագրի համապատասխան։ Դասընթացի առաջին հատվածում մասնակիցները ծանոթանան տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտին, ոլորտում առկա հիմնախնդիրներին, ինչպես նաև տեղեկատվություն (այդ թվում նաև էլեկտրոնային) ստանալու և տրամադրելու եղանակներին, մերժման հիմքերին: Դասընթացի երկրորդ հատվածը վերաբերում էր հանրային կապերի պլանավորմանն ու միջանձնային հարաբերություններին (քաղաքացիների հետ հաղորդակցում, ղեկավար-ենթակա հարաբերություններ):
Մայիսի 13-ին մեկնարկած ծրագրին 5 տարբեր խմբերով մասնակցեցին ՀՀ 11 մարզերի 78 քաղծառայող: Ծրագրում ընդգրկված էին հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ. արական սեռի մասնակիցները ընդամենը 13-ն էին: Երկօրյա վերապատրաստման վերջում մասնակիցները նաև ծրագիրը գնահատելու, սեփական առաջարկություններն ու կարծիքները ներկայացնելու հնարավորություն էին ստացել: Գնահատման թերթիկներում ընդգրկված հարցերը վերաբերում էին ինչպես դասընթացի տեխնիկական, այնպես էլ բովանդակային կողմերին:
Գնահատման թերթիկ լրացրել են 78 մասնակիցներից 56-ը: Ստորև ներկայացված քանակական տվյալները հաշվարկված են բացառապես լրացված թերթիկների հիման վրա (56=100%): Այն դեպքում, երբ լրացված թերթիկում բացակայել է այս կամ այն հարցի պատասխանը, համապատասխան հարցի վերլուծության հատվածում այդ մասին նշում է արվել:
Գնահատման թերթիկի շրջանակում մասնակիցները պատասխանել են 9 փակ հարցերի (լրացնողն ընտրել է պատասխանի առաջարկված տարբերակներից մեկը), իսկ 10-րդ հարցի փոխարեն առաջարկվել է մասնակցին շարադրել իր կարծիքը, առաջարկություններն ու դիտողությունները աշխատանքային քննարկման վերաբերյալ:
«Գնահատեք աշխատանքային քննարկման օգտակարությունը Ձեզ համար» հարցի շրջանակում մասնակիցներին առաջարկվել է պատասխանի 4 տարբերակ`
- շատ օգտակար էր,
- օգտակար էր,
- այնքան էլ օգտակար չէր,
- բոլորովին օգտակար չէր:
Արդյունքների համաձայն` մասնակիցների շուրջ 44.7%-ը (25) աշխատանքային քննարկումները գնահատել են շատ օգտակար, 53.6%-ը` օգտակար (30 հոգի): Մասնակիցներից միայն մեկն է կարծիք հայտնել, որ ներկայացված թեմաներն այնքան էլ օգտակար չէին (1.7%):
Գնահատման թերթիկների արդյունքները ցույց են տալիս, որ մասնակիցների 91%-ը (51) ՏԱ թեմայով իրենց գիտելիքները լրացնելու կարիք են զգում (հարց 2): “ՈՉ” են պատասխանել մասնակիցներից 5-ը (շուրջ 9%): Արդյունքների համաձայն` մասնակիցների բացարձակ մեծամասնությունը (96.5% կամ 54) համոզվածություն է հայտնել, որ ստացած գիտելիքը միանշանակ կօգտագործի առօրյա աշխատանքում: Ուշագրավ է, որ մասնակիցներից մեկը, չնայած դրական պատասխանին, մտահոգություն է հայտնել, որ աշխատանքային միջավայրը ամեն դեպքում դրա հնարավորությունը չի տա (“Հազիվ թե, մենք ավելի շատ հանձնարարություն կատարող ենք”,- նշված է մասնակցի` 3-րդ հարցի տակ արված գրառման մեջ): “ՈՉ” է պատասխանել 1 մասնակից (1.7%), ևս մեկը հարցը թողել է անպատասխան:
Բոլոր մասնակիցները, բացի մեկից (1.7%), նշել են, որ խորհուրդ կտային իրենց գործընկերներին մասնակցել այս վերապատրաստման ծրագրին:
“Խորհուրդ կտայի՞ք այլ անձանց մասնակցել այս աշխատանքային քննարկմանը ապագայում” հարցին դրական են պատասխանել մասնակիցների 98.3%-ը` 55 հոգի: Հաջորդիվ բոլոր հարցերի շրջանակում մասնակիցները ծրագրի այս կամ այն հատվածը 1-5 միավորանոց սանդղակով գնահատելու հնարավորություն էին ստացել:
Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացված զեկույցները “5” միավոր են գնահատել մասնակիցների 66%-ը (37), “4” միավոր` 32.3% (18): Մասնակիցներից մեկը զեկույցները գնահատել է “3” (1.7%):
Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացված տեսողական նյութերի արդյունավետությունը մասնակիցների 46.5%-ը (26) գնահատել են “5”, 27%-ը (15)` “4”, 23%-ը (13)` “3”: Մասնակիցներից մեկը արդյունավետությունը գնահատել է “1” միավոր, ևս մեկը գնահատման սանդղակում ավելացրել է “0”: Գնահատման թերթիկների համաձայն` մասնակիցների 82%-ը (46 հոգի) նյութի ներկայացման մատչելիությունը գնահատել է գերազանց` «5» միավոր: Մնացած մասնակիցները գնահատել են “4” (9 մասնակից կամ 16%): Մեկ մասնակից հարցին չի պատասխանել:
Աշխատանքային քննարկման ընդհանուր կազմակերպումը և ղեկավարումը մասնակիցների 66%-ը (37 հոգի) “5” են գնահատել: Մասնակիցներից մեկի պատասխանը բացակայում է, իսկ մնացած 18-ը (շուրջ 32%) նշել են “4” միավորը:
Ծրագրում ընդգրկված թեմաները մասնակիցներին ներկայացրել են ԻԱԿ փորձագետներ Գևորգ Հայրապետյանը և Լիանա Դոյդոյանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը և Խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը: Մասնակիցները հնարավորություն ունեին գնահատելու ոչ միայն զեկույցներն ընդհանուր առմամբ, այլև բանախոսներից յուրաքանչյուրին առանձին-առանձին (9-րդ հարց):
Հիմնականում բարձր և գերազանց գնահատական ստացած բոլոր 4 բանախոսներից ամենաշատը “գերազանց”-ի արժնացել է Քաղծառայության խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը, ում զեկույցներն ու աշխատաոճը գերազանց են գնահատել բոլոր մասնակիցները՝ բացառությամբ 2-ի (վերջիններս բանախոսին գնահատել են “լավ”): Ընդհանուր առմամ բանախոսները իրենց աշխատանքի համար ստացել են 163 հատ “5” միավոր, 36 հատ “4” միավոր, 7 հատ “3” միավոր և 2 հատ “2” միավոր: Բանախոսների գնահատման անհատական ցուցանիչները հետևյալ տեսքն ունեն:
- Գևորգ Հայրապետյանին «5» միավոր են գնահատել 40 մասնակից (71.4%): 13 մասնակից (23.2%) բանախոսի աշխատանքը գնահատել են «4» միավոր, իսկ մնացած 3-ը` «3» միավոր (5.4%): Բանախոսի միջին միավորը 4.7 է:
- Լիանա Դոյդոյանին «5» միավոր են գնահատել 32 մասնակից (57.1%): 12 մասնակից (21.5%) բանախոսի աշխատանքը գնահատել են «4» միավոր, 3 մասնակից` «3» միավոր (5.4%), ևս մեկը (1.7%) բանախոսին գնահատել է «2» միավոր: Մասնակիցներից 8-ը (14.3%) բանախոսին չեն գնահատել: Լիանա Դոյդոյանի միջին միավորը 4.6 է:
- Գեղամ Սարգսյանին «5» միավոր են գնահատել 54 մասնակից (96.4%) իսկ մնացած 2-ը` «4» միավոր (3.6%): Բանախոսի միջին միավորը 4.96 է:
- Գոռ Աբրահամյանին «5» միավոր են գնահատել 37 մասնակից (66%): 9 մասնակից (16.3%) բանախոսի աշխատանքը գնահատել են «4» միավոր, 1 մասնակից` «3» միավոր (1.7%), ևս մեկը (1.7%) բանախոսին գնահատել է «2» միավոր: Մասնակիցներից 8-ը (14.3%) բանախոսին չեն գնահատել: Գոռ Աբրահամյանի միջին միավորը 4.7 է:
Գնահատման թերթիկի 10-րդ հարցի շրջանակում մասնակիցներն աշխատանքային քննարկման վերաբերյալ սեփական կարծիքը, առաջարկություններն ու դիտողությունները շարադրելու հնարավորություն ունեին: Գրառում են թողել թերթիկը լրացրած 56 մասնակցից 31-ը (շուրջ 55.5%): Արդյունքները ցույց են տալիս, որ թերթիկի «Մեկնաբանություններ» հատվածում թողած հիմնական առաջարկությունները վերաբերում են ծրագրի ժամկետներին և ներկայացվող թեմաների խորությանը:
Մասնակիցները հավատացած են, որ վերապատրաստման տևողությունը պետք է լինի առնվազն մեկ շաբաթ, որպեսզի իրենց աշխատանքի համար խիստ կարևոր այս թեմաները ավելի մանրամասնորեն ներկայացվեն, իսկ զեկուցումները հնարավոր լինի զուգորդելու կոնկրետ հարցերի շուրջ քննարկումներով և փորձի փոխանակմամբ:
Վերապատրաստաման դասընթացի ժամաքանակի վերաբերյալ գրառում են թողել 10 մասնակից: Եվս 5-ը կարևորել են ոչ այնքան ժամաքանակը, որքան դասընթացների անցկացման պարբերականությունը: Գրառումների հիմնական մասում ժամանակի խնդիրը զուգորդվում է նաև արծարծվող թեմաների խորության խնդրով:
Մասնակիցները կարծիք են հայտնում, որ արծարծվող թեմաների ընտրությունը համաձայնեցվի նաև դասընթացի մասնակիցների հետ: Որոշ նկատառումներ կան նաև խմբերի կազմավորման մեխանիզմի վերաբերյալ. գրառում թողած մասնակիցներից 3-ը նշում են, որ լավ կլինի խմբերը կազմելիս հաշվի առնվի նաև մասնակցի պաշտոնը և տարբեր դասային քաղծառայողները (օրինակ վարչության պետը առաջատար, կամ առաջին կարգի մասնագետի հետ) չընդգրկվեն նույն խմբում: Մասնակիցները համոզվածություն են հայտնում, որ այս դեպքում աշխատանքն ավելի արդյունավետ ու ուղղորդված կլինի, որովհետև տարբեր դասային ծառայողներ տարբեր գործառույթներ են իրականացնում և, որպես կանոն, ՏԱ տարբեր խնդիրների են առնչվում:
Մասնակիցները դասընթացն ավելի արդյունավետ դարձնելու մի քանի միջոց էլ են նշել, օրինակ, 2 մասնակից կարծիք են հայտնել, որ դասընթացի փոխարեն կամ դրան զուգընթաց կարելի է այդ խմբերը վերածել ֆոկուս խմբերի և ոլորտին առնչվող խնդիրներ քննարկել. hակառակ դեպքում պատրաստված և արհեստավարժ մասնակիցների համար մատուցվող նյութը դառնում է ձանձրալի:
Մասնակիցների մի մասը կարծիք է հայտնել, որ որոշ քննարկումներին մասնակցեին նաև ներկայացուցիչներ ԶԼՄ և ՀԿ ոլորտներից, քանի որ աշխատանքային հիմնական տարաձայնությունները, որպես կանոն, հասարակության հենց այս ակտիվ հատվածի հետ են լինում: Ցանկություն կա նաև մատուցվող տեսական նյութը համեմել պրակտիկ, գործնական հատվածով: