Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Տեղեկատվության ազատությունը իրավապահ մարմիններում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատությունը իրավապահ մարմիններում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ 2011թ. մարտի 19-20-ը Աղվերանում «Տեղեկատվության ազատության առանձնահատկությունները իրավապահ մարմիններում» թեմայով կազմակերպել էր աշխատանքային քննարկում` լրագրողների, դատախազության, ոստիկանության, պաշտպանության նախարարության, արդարադատության համակարգի 20 աշխատակցի մասնակցությամբ:

Գլխավոր դատախազության Մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը ներկայացրեց տեղեկատվություն ստանալու հնարավորություններին առնչվող՝ հայաստանյան և միջազգային իրավական դաշտը, ինչպես նաեւ հանցագործությունների ընթացքի եւ արդյունքների հրապարակման, լուսաբանման ոլորտում առաջացող հարաբերությունները: “Հասարակության յուրաքանչյուր անդամ շահագրգռված է եւ իրավունք ունի տեղեկացված լինել այդ գործընթացների մասին, իսկ այդ գործընթացներում հայտնված դատավարության յուրաքանչյուր սուբյեկտ անձնական եւ ընտանեկան կյանքի հանդեպ պահանջվող հարգանքի իրավունք ունի”,- նշեց Ա. Դավթյանը` հավելելով, որ այս հակադրության համատեքստում ոչ պակաս կարեւորություն ունի նախաքննության գաղտնիության անհրաժեշտությունը, որն էլ առավել ակնհայտ է դարձնում հիմնախնդրի բարդությունը:: Այս հարցի շուրջ իրավապահ համակարգի ներկայացուցիչների և լրագրողների միջև բուռն քննարկում ծավալվեց. Լրագրողները դժգոհեցին, որ հաճախ իրավապահներն ինֆորմացիա չեն տրամադրում` ասելով, թե դա պայմանավորված է նախաքննության գաղտնիության անհրաժեշտությամբ, ինչը, սակայն, միշտ չէ, որ արդարացված է: Իրավապահ համակարգի ներկայացուցիչներն էլ նշեցին, որ կան շատ նրբություններ, որոնք իսկապես նախաքննության մարմնի համար գաղտնիություն են պարունակում: Խնդրի լուծման համար առաջարկվեց ստեղծել մի ուղենշային փաստաթուղթ, թե որ դեպքերում ինֆորմացիա չտրամադրելը կարող է պայմանավորված լինել նախաքննության գաղտնիության հետ:

“Առավոտ” օրաթերթի իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանն իր ելույթում ներկայացրեց իրավապահ մարմիններում տեղեկատվություն ստանալու պրակտիկան: Լրագրողները կողմ են, որ այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությանը զուգահեռ ներկայացնեն նաեւ պաշտոնական աղբյուրի պատասխանը: Սակայն այս հարցում խնդիր են տեսնում. կորչում է հարցի հեղինակային իրավունքը, լրագրողի հայթայթած նյութի բացառիկությունը, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ ճշգրտվող տեղեկատվության պատասխանը սփռվում է լրատվական ծառայությունների հաղորդագրություններով: Բանախոսը այս գործելաոճը անընդունելի է համարում, քանի որ “ԶԼՄ-ները մրցակցում են միմյանց հետ ինֆորմացիայի առաջնայնության համար, նաեւ տվյալ ինֆորմացիան կրելով լրագրողը վտանգում է աղբյուրին, քանի որ վերջինս միայն տվյալ լրատվամիջոցին է վստահել որոշակի տեղեկատվություն: Հանդիպմանը ներկա մամլո քարտուղարները, սակայն,այս հարցի վերաբերյալ ունեին իրենց դիրքորոշումը. Տվյալ հարցի պատասխանը ունի հանրային նշանակություն, որով հետաքրրքված են շատ լրատվամիջոցներ, հետեւաբար հնարավոր չէ այդ տեղեկատվությունը տրամադրել միայն մի լրագրողի:

ՀՀ ԿԱ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը խոսեց տեղեկատվության ազատության եւ քրեական հանցագործությունների լուսաբանման մասին: “Հանցագործությունների լուսաբանման համատեքստում խիստ կարեւորվում է հանցագործությունների նախականխման եւ կանխարգելման խնդիրը”,-նշեց բանախոսը` խոսելով ոստիկանության համակարգում տեղեկատվության ազատության առանձնահատկությունների մասին: Ա. Ահարոնյանը խոսեց նաեւ անմեղության կանխավարկածի մասին. “Կարելիի սահմաններում, անմեղության կանխավարկածը պահպանելու նկատառումով, հրապարակվում են կասկածյալի անվանատառերը, օգտագործվում է դեմքը չցուցադրելու եղանակը, փոխվում է ձայնը եւ այլն”:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը ներկայացրեց “Տեղեկատվության ազատությունը քրեակատարողական համակարգում, լրատվական գործունեությունը եւ դրանցում առկա խնդիրները” թեման: Ա. Բաբայանը ներկայացրեց իրենց համակարգում տեղեկատվություն ստանալու հարցումների վիճակագրությունը` նշելով, որ ինչքան շատ են իրենց դիմում տեղեկատվություն ստանալու հարցմամբ, այնքան քիչ ապատեղեկատվություն է սպրդում ԶԼՄ-ներ: “Ցանկացած դատապարտյալի ետեւում կանգնած է տուժող, որի մասին չպետք է մոռանալ հրապարակումներ պատրաստելիս: Երբ լրագրողները ներկայացնում են, թե ինչպիսի լավ պայմաններում են ապրում դատապարտյալները, գրեթե միշտ տուժողների մոտ դժգոհություն է առաջանում”,-նկատեց Ա. Բաբայանը` խոսելով իրենց համակարգի առանձնահատկությունների մասին: “Առավոտ” օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը հիշատակեց մի դեպք, երբ իրենց թերթում տպագրվել էր մի նյութ դատապարտյալների հիվանդանոցի մասին, որտեղ բաղնիքը վերանորոգել են, պայմանները բարելավվել, հաջորդ օրը այդ հիվանդանոցին կից զորամասի զինվորների ծնողները բողոք են կազմակերպել, որ դատապարտյալների կենցաղային պայմաններն ավելի լավ են, քան զինվորներինը:

Ա. Բաբայանը տեղեկացրեց, որ իրենք լրագրողներին եւ քաղաքացիներին տեղեկատվություն են տրամադրում կապի բոլոր միջոցներով` հեռախոսով, փոստով, էլեկտրոնային փոստի, բլոգների եւ սոցկայքերի միջոցով: Եղել է դեպք, երբ քաղաքացին ֆեյսբուքով քրեակատարողական վարչության վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել Ա. Բաբայանին, վերջինս ընթացք է տվել եւ մեղավորները նկատողություն են ստացել:

Աշխատանքային քննարկումը բավականին բուռն ընթացավ: Լրագրողները իրավապահ մարմինների հետ աշխատանքի վերաբերյալ իրենց բոլոր դժգոհություններն ու դիտարկումները ներկայացրեցին եւ համապատասխան մարմնի ներկայացուցիչներից ստացան պատասխաններ: Հանդիպման ավարտին մասնակիցները գոհ էին, քանի որ “նման հանդիպումները հնարավորություն են տալիս պաշտոնյաների հետ շփվել ավելի ազատ մթնոլորտում, որն էլ հետագայում օգնում է աշխատանքին` վստահության եւ համագործակցության տեսանկյունից“:

ՀՀ ԿԱ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նկատեց, որ “բարիկադները” լրագրողների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ վերանում են նման հանդիպումների շնորհիվ: Արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը եւս գոհ էր աշխատանքային քննարկումից, քանի որ “հնարավորություն ընձեռվեց լսելու լրագրողների դիտողությունները, որոնք կօգնեն հետագա աշխատանքն առավել արդյունավետ դարձնել”: Նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը եւս արդյունավետ գնահատեց աշխատանքային քննարկումը. “Շատ կարեւոր էր, որ քննարկմանը ներկա էին թե լրագրողներ եւ թե պաշտոնատար անձինք: Երկու կողմերն էլ իրենց մեջ կուտակված հարցերը բարձրաձայնեցին, ինչի արդյունքում համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա: Նաեւ նման հանդիպումների շնորհիվ փոխադարձ վստահություն է ձեւավորվում”:

ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի կազմակերպական-մեթոդական եւ հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն առաջարկեց ձեւավորել նախաքննական տեղեկատվության տրամադրման չափորոշիչներ, որտեղ կարձանագրվեն հանրության շահերը եւ ամբաստանյալների իրավունքները:

Հանդիպման մասնակիցներն առաջարկեցին նաեւ ձեւավորել տեղեկատվության տրամադրման ուղեցույցներ այն համակարգերի համար, որոնք տեղեկատվության տրամադրման որոշակի առանձնահատկություններ ունեն: Նաեւ առաջարկ արվեց նմանատիպ քննարկում կազմակերպել նախաքննական գաղտնիք թեմայով, ինչպես եւ հանդիպում` ՊՆ լրատվական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ:

Skip to content