2010թ. մարտի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ նախագահի աշխատակազմի “Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզպետարանների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ղեկավարների եւ մարզպետների մամուլի քարտուղարների համար կազմակերպել էր աշխատանքային քննարկում` “Հրապարակայնության ապահովումը պետական կառավարման համակարգում” թեմայով:ՀՀ նախագահի աշխատակազմի “Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Մերի Հարությունյանը անդրադարձավ մարզպետարանների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների եւ մարզպետների մամուլի քարտուղարների աշխատանքին` տեղեկատվական ապահովման համատեքստում:
Նաեւ Մ. Հարությունյանը ներկայացրեց իրենց ՊՈԱԿ-ի կողմից մշակված “Միասնական տեղեկատվական հարթակը”: Սա մի միասնական համակարգ է, որում ընդգրկված են բոլոր նախարարությունները, կառավարությանն առընթեր մարմինները, Կենտրոնական բանկը եւ պետական կառավարման այլ մարմիններ: Նախատեսվում է այս համակարգում ընդգրկել նաեւ բոլոր մարզպետարաններին: Հարթակը գործուն համակարգ է, այն ամենօրյա կապ է հաստատում պետական բոլոր մարմինների հասարակայնության հետ կապերի վարչությունների եւ մամլո քարտուղարների միջեւ: Հարթակը բաղկացած է մի քանի բաժիններից, որոնց մի մաս է բաց է բոլոր գրանցված անձանց համար, մի մասը հասանելի է լինելու միայն համակարգողներին: Նաեւ երկու բաժին կա` նախատեսվող իրադարձություններ եւ մամլո հաղորդագրություններ, որոնք նախատեսվում է հասանելի դարձնել նաեւ լրագրողների համար:
Քննարկմանը ներկա մասնակիցները մեծ ոգեւորությամբ ընդունեցին միասնական հարթակի գաղափարը, սակայն առաջ քաշեցին նաեւ խնդիրներ, որոնք անմիջականորեն կապված են համակարգի արդյունավետ գործունեության հետ: Մասնավորապես, հարթակն ունի մոնիտորինգ բաժին, որը ենթադրում է տարբեր ԶԼՄ-ների ամենօրյա մոնիտորինգի անցակցում: Սակայն մի շարք մարզպետարանների հասարակայնության հետ կապերի վարչություններ չունեն հեռուստացույց, բավականաչափ քանակությամբ թերթ բաժանորդագրվելու հնարավորություն, եւ վերջապես` մարդկային ռեսուրսներ: Օրինակ, Վայոց Ձորի մարզպետարանի հասարակայնության եւ տեղեկատվության վարչությունում միայն մի աշխատակից է` վարչության պետը, իսկ Արարատի մարզպետարանում էլ հասարակայնության հետ կապերի վարչության պետի վրա դրված են մի շարք հավելյալ պարտականություններ, որոնք ներառված չեն նրա պաշտոնի անձնագրում:
ՀՀ նախագահի աշխատակազմի “Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Մերի Հարությունյանը խոստացավ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ քննարկել վերհանված բոլոր խնդիրները եւ փորձել լուծում գտնել:
Միջոցառումն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում: