Օգոստոսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արարատի մարզում էր: Այցի նպատակն էր աշխատանքային քննարկում կազմակերպել մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների 43 ներկայացուցչի համար` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով:ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը նախ խոսեց մարդու` տեղեկացված լինելու առավելության մասին, այնուհետ ներայացրեց ՏԱ օրենքը, մանրամասնեց, թե ինչու պետք է ՏԻՄ-երն ու քաղծառայողները բաց աշխատեն:
Ինչպես մյուս մարզերում, այս մարզում եւս մեծ հետաքրքրություն առաջացրեց հարցումների մերժման կարգն ու ձեւերը, նաեւ` պատասխանատվության մեխանիզմները:
Բավականին զարմանալի էր, որ ներկա համայնքապետերը համակարծիք էին ԻԱԿ ներկայացուցչի հետ, որ տեղեկություն ստանալու հարցումն անհիմն մերժած պաշտոնյային պետք է ենթարկել վարչական պատասխանատվության:
ԻԱԿ փորձագետն էլ տեղեկացրեց, որ եթե անգամ տեղեկություն ստանալու հարցումը մերժում են, ապա “պետք է մերժել գրագետ, ճիշտ”:
Հանդիպման վերջում ներկաները կարծիք հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումները շատ արդյունավետ են. “”Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքին ծանոթանալուց հետո մենք ավելի անխոցելի դարձանք”:
ԻԱԿ-ը ՏԱ օրենքի քննարկում անցկացրեց նաեւ Արարատի մարզի քաղաքացիական հասարակության 21 ներկայացուցչի հետ: Ներկաներին ԻԱԿ փորձագետ Մ. Հակոբյանը տեղեկացրեց, թե ինչպես կարելի է օգտագործել ՏԱ օրենքը, ինչ կարգով պետք է հարցումներ անեն եւ ինչ ժամկետներում պատասխան ստանան:
“Հայ-տուր” ՀԿ-ի Արարատի մասնաճյուղի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը դժգոհեց, որ “կան բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր, որոնք այդպես էլ շարունակում են անպատասխան մնալ, քանի որ նամակները ուղարկվում են անվերադարձ”:
ԻԱԿ ներկայացուցիչ Անահիտ Քոչարյանն էլ խորհուրդ տվեց հարցումներ ուղարկելիս անպայման օգտվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից մշակված հարցում ուղարկելու օրինակելի ձեւից:
Մարինե Հակոբյանն էլ կոչ արեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին գործել ավելի ակտիվ, լինել պահանջատեր, քանի որ “պաշտոնյան աշխատում է, երբ կա դրա պահանջարկը”:
Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: