Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ՏԱ օրենքի ուսուցում Վայոց ձորի մարզում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ օրենքի ուսուցում Վայոց ձորի մարզում

Հուլիսի 24-ին Վայոց ձորի մարզում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր աշխատանքային քննարկում` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակիցներ եւ համայնքապետեր:

ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց ՏԱ օրենքը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը, տեղեկատվություն ստանալու հարցումների տեսակները, դրանց պատասխանելու համար սահմանված ժամկետները եւ այլն:

“Շատ կարեւոր է իմանալ օրենքից օգտվելու հնարավորությունները` հատկապես այն մասով, որը կբարձրացնի համայնքների աշխատողների արդյունավետությունը: Խոսքը մասնավորապես վերաբերում է փաստաթղթերի գրանցմանը, հաշվառմանը, արխիվավորմանը, որոնց ի սկզբանե կիրառումը արդյունավետ է դարձնում մարզի գործունեությունը` միաժամանակ անխոցելի դարձնելով տվյալ համայնքը”,-ներկաներին տեղեկացրեց Մ. Հակոբյանը:

Բուռն քննարկում ծավալվեց, երբ ԻԱԿ փորձագետը սկսեց խոսել մերժման մեխանիզմների մասին: Գյուղապետերի մեծամասնությունը գտնում էր, որ գյուղապետի որոշումները հիմնականում անհատական բնույթ են կրում, այսինքն` հրապարակման ենթակա չեն:

Ներկաների մոտ բավականին ակտիվություն դրսեւորվեց նաեւ պատասխանատվության հարցը քննարկելիս, քանի որ Ելփին համայնքը, որի գյուղապետը օրեր առաջ տեղեկատվություն չտրամադրելու համար ենթարկվեց վարչական պատասխանատվության` 50.000 դրամի չափով, գտնվում է հենց Վայոց ձորի մարզում:

Մարզպետարանի ՏԻՄ եւ ՀԳՄՏԾ վարչության պետ Արամ Գրիգորյանն իր խոսքում կարեւորեց ՏԱ օրենքի իմացությունը` միաժամանակ նշելով, որ “համայնքապետերն իրենց բյուջեի հիմնական մասը ծախսում են աշխատավարձերի վրա, հետեւապես գույք ձեռք բերելու հնարավորություն չի մնում: Իսկ այսօր խոսել հրապարակայնությունից ու թափանցիկությունից այն դեպքում, երբ գյուղապետարանը չունի գոնե մեկ համակարգիչ, մի քիչ անիրական է, եթե ոչ` ծիծաղելի”:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նաեւ ուսուցում անցկացրեց Վայոց ձորի մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նրանց եւս մեկնաբանվեց ՏԱ օրենքը, տեղեկություն ստանալու կարգը, ձեւերն ու ժամկետները:

Մարինե Հակոբյանը մասնակիցներին օգնեց հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել ՏԱ օրենքը:

Ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հետաքրքրվում էին, թե ինչպես կարելի է տեղեկանալ, թե միջազգային կազմակերպություններն ինչ ծրագրեր են առաջարկում եւ ինչպես կարելի է մասնակցել այդ ծրագրերի իրականացմանը:
ԻԱԿ փորձագետն էլ խորհուրդ տվեց ավելի ակտիվ գործել, ծանոթ լինել պետական բյուջեին, քանի որ “հենց պետությունը բազմաթիվ խնդիրների լուծման նպատակով պետ. բյուջեով գումարներ է հատկացնում, այնինչ մարդկանց վատ իրազեկվածության արդյունքում այդ գումարներն այդպես էլ չեն ծախսվում”:

Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում:

Skip to content