Ապրիլի 29-ին Երեւանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր աշխատանքային քննարկում` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով, որին մասնակցում էին 54 ուսանողներ` տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին ծանոթացրեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները, բացատրեց, թե որ տեղեկություններն են պարտադիր հրապարկման ենթակա, տեղեկատվություն ստանալու որ հարցումները կարող են մերժվել եւ ինչ հիմքերով եւ այլն: “Որպեսզի այսօր ճիշտ ընտրեք ձեր մասնագիտությունը եւ վաղը չմտածեք դա փոխելու մասին, դուք պետք է լինեք հնարավորինս իրազեկված եւ ցուցաբերեք նախաձենողականություն”,-ընդգծեց բանախոս Մ. Հակոբյանը: Նաեւ ուսանողներին տեղեկացրեց, որ ուսումնական հաստատությունը պարտավոր է նրանց ծանոթացնել կրթական գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթղթի: ԵՊՀ ուսխորհուրդի նախագահը նշեց, որ ուսանողների իրազեկվածության պակասն ավելի շատ գալիս է նրանց անտարբերությունից, “քանի որ եթե ուսանողն ուզենա, տեղեկացված կլինի, դրա համար այսօր կան բավականաչափ հնարավորություններ”: Իսկ մեկ այլ ուսանող, որ Հայաստան սովորելու էր եկել արտերկրից, դժգոհեց, որ ընդունելության ժամանակ բավականաչափ տեղեկացված չլինելու պատճառով մեծ դժվարությունների հետ է բախվել: “Պետք է հետեւողական լինենք, որ ուսումնական հաստատությունների ղեկավարները հրապարակեն պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկատվությունը, քանի որ դա հետագայում կօգնի խուսափելու տարբեր խոչընդոտներից”: ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանն էլ կոչ արեց ուսանողներին լինել տեղեկացված, տեր լինել իրենց իրավունքներին: “Տեղեկացված մարդը միշտ ավելի պաշտպանված է”: Միջոցառումն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: