Հունվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւանում կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով, որին մասնակցում էին Երեւանի 12 համայնքների 26 ներկայացուցիչներ:ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը` տեղեկատվության դասակարգման կարգն ու անհրաժեշտությունը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը եւ այլն:
Հանդիպմանը ներկա էին թաղապետարանների այն աշխատակիցները, ովքեր հիմնականում զբաղվում են նամակագրությամբ, տեղեկատվության հարցումներին պատասխաններով: Բանախոս Մ. Հակոբյանը հստակեցրեց, որ “անկախ քաղաքացիությունից` յուրաքանչյուր ոք տեղեկատվություն ստանալու իրավունք ունի”:
ԻԱԿ փորձագետը նաեւ տեղեկացրեց, թե ինչ հիմքերով եւ ինչ կարգով է կարելի մերժել տեղեկատվություն ստանալու հարցումները` կետ առ կետ թվարկելով այն սահմանափակումները, որ նախատեսում է ՏԱ օրենքը:
Վերապատրաստման դասընթացի մասնակիցները գոհ էին հանդիպումից, կարծում էին, որ այս աշխատանքային քննարկումը կօգնի ավելի գրագետ (օրենքի առումով) աշխատելու քաղաքացիների հետ: Սակայն մի մտահոգիչ հանգամանք նկատվեց. աշծատանքային քննարկման մասնակիցները հաստատեցին, որ “թաղապետարաններում իրենցից գրեթե ոչինչ կախված չէ, ամեն ինչ որոշում է համայնքապետը, ամեն նամակ կամ հարցում պատասխանվում է միայն թաղապետի մակագրությամբ”: Եվ խնդրեցին հնարավորության դեպքում նմանատիպ հանդիպում կազմակերպել հենց համայնքապետերի մասնակցությամբ` պնդելով, որ “թաղապետարանների նամակաշրջանառությունն անմիջականորեն կախված է համայնքապետից”:
Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: