Փետրվարի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւան քաղաքում ուսանողների հետ անցկացրեց ուսուցում` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին 56 ուսանողներ:Պարզվեց, որ ուսանողներից քչերն են ծանոթ ՏԱ օրենքին, ինչն էլ բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց նրանց մոտ, երբ ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկայացրեց ՏԱ օրենքը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, տեղեկատվություն ստանալու հարցում գրելու եւ մերժելու կարգերը: Մասնակիցները սկզբում թերահավատորեն էին վերաբերում այն բանին, որ իրենք կարող են տեղեկություն ստանալու հարցում ուղարկել, եւ ըստ օրենքի այն չպետք է անպատասխան մնա:
Մասնակիցներին հիմնականում հետաքրքրում էր ուսումնառության հետ կապված տեղեկությունների հրապարակայնությունը, աշխատանքի, զբաղվածության խնդիրը եւ այլն: ԻԱԿ փորձագետը մանրամասնեց, թե կրթության հետ կապված որ տեղեկություններն են հրապարակային եւ պարտադիր հրապարակման ենթակա:
Մ. Հակոբյանը կոչ արեց ուսանողներին լինել ավելի ակտիվ, տեր կանգնել իրենց իրավունքներին, տեղեկացված լինել, «քանի որ տեղյակ քաղաքացին ավելի ուժեղ է եւ հզոր»:
Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: