Օգոստոսի 11-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կազմակերպել էր ուսուցում մարզի հասարակական կազմակերպությունների եւ լրագրողների համար «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկման մասնակիցները 20-ն էին, որոնք բավականին հետաքրքրված էին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, ներկաներից ոմանց հետաքրքրում էր էլեկտրոնային հարցման կարգն ու մեխանիզմները, քանի որ հատկապես մարզերի բնակիչների համար էլեկտրոնային տարբերակով տեղեկատվություն ստանալը առավել նախընտրելի է: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը տեղեկացրեց, որ ՏԱ օրենքում էլեկտրոնային տարբերակով տեղեկատվություն ստանալու մասին ոչինչ գրված չէ, բայց արդեն համապատասխան նախագիծ մշակվում է, որի աշխատանքներում բավականին մեծ ներդրում ունի նաեւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն: Քննարկման մասնակիցները դժգոհում էին, որ «ինչքան էլ պաշտոնյաները օրենքով պարտավոր են տեղեկատվություն տրամադրել, սակայն չեն տալիս, տեղեկատվության տրամադրումը դեռեւս կախված է տվյալ պետական մարմնի բարեհաճությունից»: Մ. Հակոբյանն էլ ներկայացրեց, որ ՏԱ օրենքն ավելին է, քան 1 օրենք լինելը: Հետեւապես, առավել հետեւողական եւ օրենքի իմացությամբ «զինված» լինելու դեպքում անպայմանորեն կստանան պատասխան: Որպես օրինակ ներկայացրեց ԻԱԿ-ի դատական նախադեպերը, երբ տեղեկատվություն ստացել են դատական կարգով: Ներկա ՀԿ-ների ներկայացուցիչները համակարծիք էին, որ հասարակական կազմակերպությունները եւս հաճախ աշխատում են շատ փակ, իրենց հաշվետու են համարում միայն այն դոնոր կազմակերպությանը, որից «սնվում» են: Սակայն ԻԱԿ փորձագետը տեղեկացրեց, որ ՀԿ-ները եւս պարտավոր են աշխատել թափանցիկ եւ հրապարակային: Իսկ այն, որ պետական գերատեսչություններում անհրաժեշտ են տեղեկատվական կենտրոններ ստեղծել, ընդունվեց միանշանակորեն: Անգամ քննարկման մասնակիցները հումորով ավելացրեցին, որ «պահակները երբեմն հայտնվում են ակադեմիկի մակարդակում, ամենաիրազեկ մարդիկ դարձել են պահակն ու հավաքարարը»: Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում։