Օգոստոսի 11-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կազմակերպել էր ուսուցում մարզի պաշտոնյաների՝ համայնքների ղեկավարների, գյուղապետերի տեղակալների եւ աշխատակազմերի քարտուղարների համար «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկման մասնակիցները 30-ն էին` գյուղապետեր, համայնքապետերի տեղակալներ եւ աշխատակազմերի քարտուղարներ: Այս մարզում եւս ԻԱԿ եւ Աժ փորձագետ Մարինե Հակոբյանը մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, տեղեկատվության տրամադրման կարգերը, մերժման հիմքերը եւ այլն: Քանի որ լսարանի մեծամասնությունը համայնքապետերի քարտուղարներ էին, որոնց վրա է հիմնականում դրված թղթաշրջանառությունը, ապա վերջիններիս հատկապես հետաքրքրում էր տեղեկատվության դասակարգման եւ պահպանման հարցերը: Միանշանակորեն նրանք ընդունեցին, որ այս օրենքի կիրառումը առավել արդյունավետ եւ հեշտ կդարձնի իրենց աշխատանքը, քանի որ «հրապարակային աշխատելու պայմաններում հետզհետե մարդկանց հետաքրքրությունը եւս կնվազի, որի արդյունքում աշխատանքային ծանրաբեռնվածությունը կթեթեւանա»: Ինչպես մյուս մարզերում, այս մարզի գյուղերում եւս կա տեխնիկական ոչ բավարար հագեցվածության խնդիր: Եվ նման պայմաններում ներկաները տարակուսանք հայտնեցին, թե ինչպես պետք է պատասխանեն բոլոր հարցումներին. «Երբեմն ինչ անկապ նամակ ասես ստանում ենք, չգիտենք, թե ով ինչ է ուզում: Երբ համակարգիչ չունենք, ո՞նց պիտի տասնյակ էջեր պարունակող տեղեկություններ տանք»: Հետեւաբար, դա է պատճառը, որ համայնքապետերը ոչ միանշանակորեն արձագանքեցին ԻԱԿ փորձագետ Մ. Հակոբյանի այն առաջարկին, որ տեղեկատվության տրամադրման համար բյուջեում կարելի է մի տող ավելացնել եւ կառավարությունից գումար ստանալ: Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում։