Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը` տեղեկատվության դասակարգման կարգն ու անհրաժեշտությունը, մերժման հիմքերը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը եւ այլն: Ի տարբերություն մեր այցելած մյուս մարզերի, այս մարզում շատ ինտերակտիվ էր գործում մարզպետարան-համայնքապետ կապը: Ինչպես նշեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, տեղեկատվություն տալու հրապարակային ձեւ են ընտրել. համայնքապետերն իրենց աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացնում մարզպետարան: Եվ ամենօրյա տեղեկատվության արդյունքում մարզպետարանը կարողանում է տիրապետել իրավիճակին: Բանախոս Մ. Հակոբյանը ներկաներին տեղեկացրեց, որ համայնքի բնակիչը կարող է չկատարել գյուղապետի որոշումները, եթե այն չի հրապարակվել: «Իսկ հրապարակելը դա միայն հայտարարելը չէ, այլեւ այդ որոշումը պետք է հասու դարձնել յուրաքանչյուրին»: Արեւիկի գյուղապետ Կարինե Պետրոսյանը համայնքապետի իր փորձը կիսեց քննարկման մասնակիցների հետ: Պարզվեց, որ այս համայնքում գյուղապետարանը որոշումներ ընդունելիս համայնքի բնակիչներին եւս հնարավորություն է ընձեռում մասնակցություն ունենալ այդ որոշումների կայացման գործին: Ներկաներին հետաքրքրեց տեղեկատվության տրամադրման ծախսատարությունը: Փորձագետ Մ. Հակոբյանը տեղեկացրեց, որ, ճիշտ է առայժմ Կառավարությունը այդ կարգը չի մշակել, սակայն համայնքապետերը կարող են տեղեկատվություն տրամադրելու համար նախատեսվող ծախսերը ներառել իրենց բյուջեներում: Եվ որպես հանդիպման ամփոփում, ԻԱԿ փորձագետը կոչ արեց ներկաներին իրենց աշխատանքում կիրառել ՏԱ օրենքը: «Քիչ խոցելի եք դառնում, երբ աշխատում եք բաց եւ հրապարակային»: Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: