11 մլրդ 323 մլն դրամ. ՀՀ նախարարություններն այսքան դրամաշնորհ ու սուբսիդիա են տրամադրել 2018-2020թթ․ հայաստանյան 590 հասարակական կազմակերպության։
Գումարի մեծ մասը ՀԿ-ներին տրամադրվել է Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության միջոցով։ Այս կառույցը մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպման, կրթական տարբեր ծրագրերի իրագործման, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման, երիտասարդությանն ուղղված միջոցառումների համար 2.5 տարում հասարակական կազմակերպություններին է փոխանցել 9 մլրդ 936 մլն դրամ։
Ամենահամեստը ՀԿ-ների հետ ֆինանսական հարաբերություններում Արտաքին գործերի նախարարությունն է, որը 2019-ին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում կրթական ծրագրին աջակցություն» ծրագրով ՀԿ-ներին տրամադրել է 18 մլն դրամ դրամաշնորհ։
Վերջին 2.5 տարում պետական ու հասարակական սեկտորի ֆինանսական համագործակցության ամբողջական պատկերը ստացվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ 2020թ. օգոստոսի 24-ին ՀՀ նախարարություններ ուղարկված տեղեկատվություն ստանալու հարցումների շնորհիվ, որոնց նպատակն էր պարզել՝ որքան գումար, ինչ ծրագրերի իրագործման նպատակով են պետական կառույցները ֆինանսավորել հասարակական կազմակերպություններին։
Բոլոր նախարարություններն ուղարկել են լիարժեք պատասխան՝ 9-ը՝ ժամանակին, օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետում, 3-ը՝ ուշացած։ Ստորև ներկայացնում ենք նախարարությունների՝ հասարակական կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհներն ու սուբսիդիաներն՝ ըստ տարիների։
Կրթության նախարարություն
Դրամաշնորհների ու սուբսիդիաների տրամադրման առումով բացարձակ առաջատարը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է․ 3 տարվա ընթացքում այս կառույցը 453 կազմակերպության տրամադրել է 9 մլրդ 936 մլն դրամի սուբսիդիա ու դրամաշնորհ։
Նախարարության՝ ՀԿ-ներին տրամադրած գումարի ամենամեծ ծրագրերն իրականացվել են կրթության ոլորտում․ 17 ՀԿ-ի տրամադրվել է 3 մլրդ, 585 մլն դրամի դրամաշնորհ ու սուբսիդիա։ Այսպես՝ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»-ը 2019-2020թթ․ ստացել է 1 մլրդ 778 մլն դրամ գումար՝ հանրապետության տարբեր դպրոցներում 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ու խմբակների աշխատանքների կազմակերպման նպատակով։
Սպորտի ոլորտում 3 տարում տրամադրվել է 2 մլրդ 243 մլն դրամ՝ մարզական ՀԿ-ների կողմից արտադպրոցական դաստիարակության ապահովման, սպորտի շարունակական զարգացման, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման հիմնավորմամբ։
Հայաստանյան սպորտային առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստմանն ու առաջնությունների անցկացմանն ընդհանուր առմամբ 2018-2020թթ․ ուղղվել է 2 մլրդ, 735 մլն դրամ։ Այսպես օրինակ՝ 2019թ-ին 380 մլն դրամ է հատկացվել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային՝ մեծ սպորտի շարունակական զարգացման և միջազգային հարթակներում ՀՀ դիրքի բարելավման համար։
Դիտարկվող ժամանակահատվածում մշակույթի ոլորտում տրամադրվել է 239 դրամաշնորհ՝ 1 մլրդ 161 մլն դրամ ընդհանուր արժողությամբ։ Նախարարության ֆինանսական աջակցության ամենափոքր ծավալը՝ 212 մլն դրամի չափով, ուղղվել է տարբեր հասարակական կազմակերպությունների՝ երիտասարդությանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի իրագործմանը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
2020թ-ին կառույցը 1 մլրդ, 22 մլն դրամի սուբսիդիա ու դրամաշնորհ է փոխանցել 111 հասարակական կազմակերպության։ Ամենամեծ դրամաշորհը ստացել է Աուտիզմի ազգային հիմնադրամը՝ 44 մլն դրամ, «Դեմոկրատիան այսօր»-ը երկրորդն է՝ 40 մլն դրամ գումարով, երրորդ տեղում «Փրկություն» հաշմանդամ երեխաների ու երիտասարդների կենտրոնն է՝ 33 մլմ դրամ դրամաշնորհով։ Ամենափոքր գումարը այս կառույցից բաժին է հասել «Բարի մամա» հասարակական կազմակերպությանը՝ 923 հազար դրամ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից 2019-2020թթ-ին 4 դրամաշնորհ է բաժին հասել հասարակական կազմակերպություններին՝ ընդհանուր 175 մլն դրամ արժողությամբ։ Ամենախոշոր աջակցությունը՝ 80 մլնի չափով, տրամադրվել է «ԲԱՆԱ ներդրողների աջակցության» ՀԿ-ին՝ «Ներուժ» ստարտափ ծրագրի իրականացման համար։ Դրամաշնորհի 64 մլն դրամը տրամադրվել է ծրագրի շրջանակներում հաղթած ստարտափներին։
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին փոխանցվել է 48 մլն դրամ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ժողովը ՀՀ֊ում կազմակերպելու համար անհրաժեշտ երաշխիքային գումարի վերջին չափաբաժնի վճարման համար:
Թոքերի արհեստական շնչառության սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների կատարման նպատակով «Ինժեներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրվել է 45 մլն դրամ, ևս 2 մլն էլ՝ «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ-ին՝ կորոնավիրուսի կանխարգելման և բուժման նպատակով դեղերի օգտագործման վերաբերյալ գիտական տվյալների, ինչպես նաև դրանց ապահովման համար օգտագործվող ռազմավարությունների վերաբերյալ միջազգային փորձի մասին տվյալների բազայի ստեղծման ու կիրառման համար։
Էկոնոմիկայի նախարարություն
Էկոնոմիկայի նախարարությունը հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրել է միայն 2019-ին՝ 8 դրամաշնորհ՝ 84 մլն դրամ ընդհանուր արժողությամբ։ Այս գումարի հիմնական մասը՝ 62 մլն դրամը, բաժին է հասել «Մարքեթինիգի Հայկական Ասոցիացիա ՀԿ-ին՝ «Եվրասիական շաբաթ» համաժողովի և ոսկերչական ու թեթև արդյունաբերության ոլորտում մի շարք ցուցահանդեսների կազմակերպման նպատակով։ Վերջինս ևս 9 մլն դրամ էլ ստացել է նպատակային շուկաներում Հայատանի վերաբերյալ մարքետինգային միջոցառումների իրականացման համար։
Առողջապահության նախարարությունը դիտարկվող ժամանակահատվածում տուբերկուլոզով հիվանդներին և նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցության ծրագիրն իրականացնելու նպատակով դրամաշնորհ է տրամադրել միայն մեկ կազմակերպության՝ «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ին՝ 3 տարում 67,6 մլն դրամ։ Այս գումարից միայն 800 հազարն է տրամադրվել պետական միջոցներից, մնացածը փոխանցվել է Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային միջոցներից։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող հասարակական մի շարք կազմակերպությունների 3 տարում ընդհանուր առմամբ տրամադրել է 21․7 մլն դրամի դրամաշնորհ։
Շրջակա միջավայրի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Պաշտպանության, Արդարադատության և Արտակարգ իրավիճակների նախարարությունները դիտարկվող ժամանակահատվածում որևէ ՀԿ-ի դրամաշնորհ կամ սուբսիդիա չեն հատկացրել։
Ստորև ներկայացնում ենք պաշտոնական պատասխանների հղումները, որտեղ կարելի է գտնել ԻԱԿ-ի՝ 2018-2020թթ․ նախարարությունների՝ հասարակական կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհների ու սուբսիդիաների վերաբերյալ հարցմանը բոլոր նախարարությունների ուղարկած ամբողջական պատասխանները․
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն Արտաքին գործերի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարությունը Ֆինանսների նախարարություն Պաշտպանության նախարարություն Արդարադատության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարությունը Առողջապահության նախարարություն