Պետական մարմինների կողմից մեկ անձից գնումները մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։ Ազգային ժողովի` մեկ անձից կատարած գնումները, ըստ որոշ քննադատների, կառույցի իրականացրած գնումների շուրջ 40 տոկոսն է։
Խորհրդարանի կողմից կնքված պայմանագրերի մասին վիճակագրության վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան` ԱԺ աշխատակազմից հայտնեցին, որ ամբողջ տեղեկությունն առկա է Armeps.am կայքում։ Կայքը ստեղծվել է որպես այլընտրանք պետական գնումների մոնիտորինգ իրականացնելու համար։ Համակարգը հնարավորություն է տալիս ուսումնասիրել պետական մարմինների կատարած գնումներն ու դրանց նպատակով կնքված պայմանագրերի պատմությունները։ Իսկ կայքում, թեպետ, ըստ օրենքի պետք է հրապարակվեն կնքված բոլոր պայմանագրերը, առկա են մի շարք անհամապատասխանություններ տարբեր բաժինների տվյալների միջև։
Այնուհանդերձ, հիմնվելով Armeps.am կայքում առկա տեղեկությունների հիման վրա՝ ուսումնասիրել ենք Ազգային ժողովի կատարած գնումների պատմությունն ու հատկապես առանց մրցույթի իրականացրած գնումների օրինաչափությունները։
Անհամապատասխանություն գնումների ընթացակարգերի պետական համակարգում
Գնումների ընթացակարգերի ու կնքված պայմանագրերի մասին տեղեկություններ կարելի է գտնել երկու կայքերում: Gnumner.am-ը հնարավորություն չի տալիս որոնման արդյունքում ստանալ վիճակագրություն։ Ավելին, այս համակարգում որոնում կատարելը բավականին բարդ գործընթաց է։ Մյուս կայքը, որն առավել հարմար է որոնումների ու վիճակագրություն հավաքելու համար՝ որոշակի թերություններ ունի, մյուս կողմից՝ երբեմն բոլոր կնքված պայմանագրերը չէ, որ տեղ են գտնում Armeps.am-ում։
Ինչպես են կատարվում պետական գնումները
Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններն ու հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունը սեփական կարիքների համար կատարվող գնումներն իրականացնում են համաձայն «Գնումների մասին» օրենքի։ Այս օրենքը սահմանում է գնումների ընթացակարգներն ու դրանց իրականացման կարգը։ Այսպես, ըստ օրենքի, գնման ընթացակարգերը տարբեր են՝ բաց մրցույթ, հրատապ բաց մրցույթ, գնանշման հարցում, մեկ անձից գնում և այլն։
Ե՛վ օրենքով, և՛ ընդունված կարգով՝ գնումների իրականացման նախընտրելի ձևը մրցութային ընթացակարգն է։ Պատճառն այն է, որ մրցութային կարգով իրականացվող գնումները հնարավորինս նվազեցնում են կոռուպցիոն ռիսկերը և առավել թափանցիկ են դարձնում գործընթացը։
Մեկ անձից գնումների պարագայում ավելի մեծ է կոռուպցիայի ու կողմնակալության խնդիրը։ «Գնումների մասին» օրենքը կարգավորում է այն դեպքերը, երբ պետական մարմինները կարող են գնումներ իրականացնել մեկ անձից գնման եղանակով։ Դրանք այն դեպքերն են, երբ, օրինակ, տվյալ ապրանքն արտադրում է կամ կարող է մատակարարել միայն մեկ կազմակերպություն, կամ ժամկետների առումով անհնար է կազմակերպել գնման մրցույթ։
Ի՞նչ գնումներ է կատարում խորհրդարանը և ումի՞ց
Ազգային ժողովի կատարած գնումների ցանկում նկատելի մասնաբաժին ունեն ընդունելության, հյուրասիրության ու հուշանվերների ձեռքբերման ծառայությունների մատակարարման վերաբերյալ պայմանագրերը։ Առանձնակի հետաքրքիր են խորհրդարանի կողմից ձեռք բերված հուշանվերները, օրինակ՝ քարտեզներ, որոնցից յուրաքանչյուրն արժե 30000 դրամ, տարբեր արժողության ու հնեցման խմիչքներ, գորգեր և այլն։
Խորհրդարանը հաճախակի է ձեռք բերում նաև համակարգիչներ ու համակարգչային ծառայություններ։ Մատակարարներից մեկը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ անունով։
Մեկ այլ կազմակերպություն էլ՝ «Ռետրո Ֆիլինգս» ՍՊԸ-ն, որից ԱԺ-ն կրկին համակարգչային ծառայություններ է ձեռք բերում, ուրիշ պետական մարմինների մատակարարել է մի շարք այլ ապրանքներ՝ զուգարանի թղթեր, ավիատոմսեր և այլն։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ «Ռետրո Ֆիլինգս»-ը գրանցված է որպես «Գրքերի, ամսագրերի, թերթերի, գրելու և տպիչ սարքերի համար թղթի, գրենական պիտույքների մեծածախ առևտուր» իրականացնող ընկերություն։
Ազգային ժողովը գնում է կատարել նաև «Տեխնո սիթի» ընկերությունից։ ԱԺ-ն այս ընկերությունից ձեռք է բերել շերտավարագույրներ։ Ընկերությունը գրանցված է որպես համակարգչային ծառայություններ մատուցող ընկերություն։ Այս կազմակերպությունից Երևանի քաղաքապետարանը ևս ձեռք է բերել համակարգչային ծառայություններ։
Նման օրինակներ ԱԺ և մյուս պետական մարմինների կատարած գնումներում շատ կարելի է գտնել։ Եվս մեկ ընկերությունը՝ «Կանտասուվ» ՍՊԸ-ն, որը խորհրդարանին մատակարարել է համակարգչային, ռադիո սարքավորումներ և օժանդակ նյութեր, գրանցված է որպես հաշիվների կազմման ծառայություններ մատուցող ընկերություն։ Մյուս պետական մարմիններին ընկերությունը մատուցել է հենց նմանատիպ ծառայություններ։ Համաձայն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի»՝ 1000plus.am կայքում առկա պարտադիր վճարների տվյալների՝ ընկերությունը 2019-ին ուներ միայն մեկ գրանցված աշխատող։
Մեկ անձից կատարած գնումների մասին
Կնքված պայմանագրերի բաժնում կարելի է գտնել 2019-ի ընթացքում կնքված միայն 196 պայմանագիր, որոնցից 97-ը՝ գնանշման հարցումով, 94-ը՝ մեկ անձից գնման տարբերակով, 3 պայմանագիր կնքվել է հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով և ևս 2-ը՝ էլեկտրոնային աճուրդով։ Այսինքն՝ Ազգային ժողովի կարիքների համար կատարված գնումների մոտ 50 տոկոսը կատարվել են մեկ անձից։ Մինչդեռ օրենքը սահմանում է, որ գնումների կատարման համար նախընտրելի եղանակը մրցույթն է։
Ազգային ժողովի մեկ անձից կատարած գնումներում գտնում ենք տարատեսակ ապրանքների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրեր, որոնք այլ պայմանագրերով ձեռք են բերվել մրցութային կարգով։ Դրանք համակարգչային, հյուրասիրության և ընդունելության ծառայություններ են, հուշանվերներ և այլն։
Այսպես, 2019-ի տարեվերջին ԱԺ-ն «Մեգերյան կարպետ» ԲԲԸ-ից մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերել տասը հուշանվեր-գորգ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 250-ից 420 հազար դրամ է։ Ընդհանուր առմամբ, Ազգային ժողովը գորգերի համար վճարել է 3 միլիոն դրամ։ Ազգային ժողովը որպես հուշանվեր ձեռք է բերել նաև երեք նկար՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտից՝ յուրաքանչյուրը 330 հազար դրամով։
Նախորդ տարիների վիճակագրությունը
2017 թվականին կնքված պայմանագրերից Armeps-ում առկա են 312 պայմանագրեր։ 9 պայմանագիր մեկ անձից և 1 պայմանագիր՝ հրատապ մեկ անձից գնման տարբերակով են կնքված։ Խորհրդարանը, սակայն, 209 պայմանագիր է կնքել առանց հայտարարության բանակցային ընթացակարգով, որը ևս մեկ անձից գնում կատարելու տարբերակ է։ Այսինքն՝ 2017-ին ԱԺ գնումների (Armeps.am-ում հրապարակված) մեծամասնությունը կատարվել է մեկ անձից։ 2018-2019 թվականներին այսպիսի ընթացակարգով գնումներ չեն իրականացվել։
2018-ին կնքվել է 191 պայմանագիր, որից միայն երկուսն է կնքվել բաց մրցույթի ընթացակարգով։ 83 պայմանագիր կնքվել է գնանշման հարցման և 21 պայմանագիր՝ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգերով։ Մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել է 82 պայմանագիր։
Այսպիսով, Ազգային ժողովի գնումների վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, իսկապես, ԱԺ աշխատակազմի կատարած գնումների ցանկում թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ դրանից հետո բավական մեծ տեղ ունեն մեկ անձից կատարված գնումները:
Անի ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ: