«Հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ով է կանգնած այս կամ այն լրատվամիջոցի հետևում։ Լրատվամիջոցները պետք է ազնիվ և արդար լինեն իրենց լսարանի հետ և օր առաջ հրապարակեն իրենց իրական սեփականատերերին»։ Հոկտեմբերի 9-10-ին անցկացվող «Լրատվամիջոցների ազատության և լրագրողների անվտանգության ամրապնդում» խորագրով ԵԱՀԿ տարածաշրջանային համաժողովի իր ելույթում նշել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։
ԻԱԿ ղեկավարը նշել է, որ առաջնային ամենակարևոր խնդիրը ԶԼՄ-ների ֆինանսական թափանցիկության հարցն է՝ հաշվի առնելով ԶԼՄ-ների հանդեպ վստահության համընդհանուր անկումը և ապատեղեկատվության գրոհը, որից դժգոհ են բոլորը՝ և՛ լրագրողնեը, և՛ կառավարությունը և՛ հասարակությունը։
Շուշան Դոյդոյանը իր ելույթում կարևորել է Բաց կառավարման գործընկերության շրջանակում ՀՀ կառավարության գործողությունների 4-րդ ծրագրում ներառված այն հատուկ հանձնառությունը, որով կառավարությունը ստանձնել է պարտավորություն ապահովել բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի ստեղծման միջոցով։