Հրապարակումներ

Հրապարակումներ

Ավելի քան 15 միլիարդ դրամ դրամաշնորհ՝ ՀՀ նախարարություններին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ավելի քան 15 միլիարդ դրամ դրամաշնորհ՝ ՀՀ նախարարություններին

2015թ.-ի հուլիսի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ բոլոր նախարարություններին` խնդրելով տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնցից նախարարությունը դրամաշնորհ է ստացել 2012, 2013 եւ 2014թ.թ.-ին` նշելով յուրաքանչյուր կազմակերպությունից ստացված դրամաշնորհի չափն առանձին:

18 նախարարություններից 10-ը ԻԱԿ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2012, 2013 եւ 2014թ.թ.-ին որեւէ դրամաշնորհ չեն ստացել: Եւս մի նախարարություն` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, թեեւ որեւէ դոնոր կազմակերպությունից ուղղակի դրամաշնորհներ չի ստացել եւ ծրագրերի ֆինանսական միջոցներ չի տնօրինել, սակայն ծրագրերի իրականացման ընթացքում որոշ մասնակցություն ունեցել է` համագործակցելով ծրագրերն իրականացնող միջազգային կազմակերպությունների եւ ծրագրային գրասենյակների հետ (տես՝ http://givemeinfo.am/hy/case/1680/):

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն իր պատասխան գրությամբ հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին Փոխըմբռնման Հուշագրի շրջանակներում ԻԻՀ կառավարությունը համաձայնել է Հայաստանին տրամադրել 2.000.000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ, սակայն ֆինանսավորումը կասեցվել է: Այլ դրամաշնորհների մասով նախարարությունը հղում է արել ՀՀ պետական բյուջեի մասին համապատասխան տարվա օրենքի հավելվածներին, ինչը ոչ պատշաճ հղում է, քանի որ հավելվածները չեն պարունակում կոնկրետ այն տեղեկությունները, որոնք պահանջել է ԻԱԿ-ը (տես՝ http://givemeinfo.am/hy/case/1687/):

Այժմ ներկայացնենք նշված տարիներին դրամաշնորհներ ստացած 6 նախարարություններին:

Ուսումնասիրությունը վկայում է, որ 2012-2014թ.թ.-ին ամենաշատ դրամաշնորհը ստացել է ՀՀ առողջապահության նախարարությունը` մոտ 7.535.537.244 ՀՀ դրամ, իսկ ամենաքիչ դրամաշնորհը` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` մոտ 33.037.300 ՀՀ դրամ: Բոլոր 6 նախարարությունները միասին ստացել են 15.078.764.633,6 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ:

ՀՀ առողջապահության նախարարությունը “Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում եւ դեղակայուն տուբերկուլյոզի կառավարման ընդլայնում”, “Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային խրագրին աջակցություն” եւ “Առողջապահական համակարգի հզորացում” ծրագրերի իրականացման համար Գլոբալ հիմնադրամից 2012թ.-ին ստացել է 5.127.640 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար: “Առողջապահական համակարգի հզորացում” ծրագրերի ֆինանսավորումը նախարարությունը ստացել է 2011թ.-ի ընթացքում` ընդգրկելով 2011-2012թ.թ.-ը:

Նույն ծրագրերի իրականացման համան ՀՀ առողջապահության նախարարությունը Գլոբալ հիմնադրամից 2013թ.-ին ստացել է 6.654.685 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար, իսկ 2014թ.-ին` 3.520.207 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար:

Նախարարությունը “Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին” ծրագրի իրականացման համար ԱՄՆ ՄԶԳ-ից 2012-2014թթ.-ի ընթացքում ստացել է 495.240 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ (տես՝ http://givemeinfo.am/hy/case/1681/):

Այսպիսով, 2012-2014թ.թ.-ի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության ստացած դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է 15.797.772 ԱՄՆ դոլար:

ՀՀ արդարադատության նախարարությանը (նախարարության “Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկին) դատաիրավական բարեփոխումների երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկը տրամադրել է 3.000.000 ԱՄՆ դոլար (2007-2013թ.թ.): 2013թ.-ին նախարարությունը դրամաշնորհ չի ստացել, իսկ 2014թ.-ին Համաշխարհային բանկի կողմից ստացել է 468.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ “Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց” հիմնադրամի վերապատրաստման կարողությունների զարգացման ծրագրի իրականացման համար (2014-2016թ.թ.): Այս ծրագիրը նույնպես իրականացնում է նախարարության “Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ն:

Նախարարության “Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն” ՊՈԱԿ-ը ԱՄՆ պետքարտուղարության` Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բաժնից տրամադրված դրամաշնորհների շրջանակում “Փի-Էյչ Ինթերնեյշնլ” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից ստացել է 377.500 ՀՀ դրամ դրամաշնորհ “Հավասար հնարավորություն բոլոր երեխաներին” ծրագրի եւ 1.956.000 ՀՀ դրամ “Աբովյան քրեակատարողական հիմնարկի կանանց շրջանում ծնողական ակումբի ստեղծում” ծրագրի իրականացման համար (տես՝ http://givemeinfo.am/hy/case/1682/):

Այսպիսով, 2012-2014թ.թ.-ի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ստացած դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է 3.468.000 ԱՄՆ դոլար եւ 2.333.500 ՀՀ դրամ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2012 եւ 2014թ.թ.-ին դրամաշնորհներ չի ստացել, իսկ 2013թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ից ստացել է ընդհանուր 33.037.300 ՀՀ դրամի չափով 5 դրամաշնորհ` “ՀՀ ԲՈՒՀ-երի համար աստիճանակարգման եւ դասակարգման համակարգի մշակում”, “ՀՀ հանրակրթական համակարգում ՏՀՏ կիրառման մոնիտորինգի ազգային համակարգի ստեղծում եւ նոր քաղաքականության փաստաթղթերի մշակում` ՀՀ դպրոցներում ՏՀՏ կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով”, “Բյուրականյան միջազգային ամառային դպրոց երիտասարդ աստղագետների համար` նվիրված Անանիա Շիրակացու 1400-ամյակին”, “Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը քաղցրահամ ջրերի մոնիտորինգի եւ պահպանման գործում” եւ “Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջազգային փառատոն” ծրագրերի իրականացման համար (տես՝ http://givemeinfo.am/hy/case/1683/):

Այսպիսով, 2012-2014թ.թ.-ի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության ստացած դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է 33.037.300 ՀՀ դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2012թ.-ին Կովկասի Բնության Հիմնադրամից “”Արփի լիճ” ազգային պարկի Դրամաշնորհի Պայմանագիր”, “”Դիլիջան” ազգային պարկի Դրամաշնորհի Պայմանագիր” եւ “”Խոսրովի անտառ” ազգային պարկի Դրամաշնորհի Պայմանագիր” ծրագրերի իրականացման համար ստացել է ընդհանուր 210.000 եվրո եւ 55.854.200 ՀՀ դրամ:

2013թ.-ին Համաշխարհային բանկը, Եվրամիությունը, Եվրախորհուրդը եւ Կովկասի Բնության Հիմնադրամը նախարարությանը տրամադրել են ընդհանուր 385.000 ԱՄՆ դոլար, 144.260 եվրո եւ 54.150.000 ՀՀ դրամ գումարի դրամաշնորհ “Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը` հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով”, “Հայաստանում “Էմերալդ ցանց”, երկրորդ փուլ”, “Եվրոպական Հարեւանության եւ Գործընկերության գործիքի ներքո իրականացվող Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ”, “”Արփի լիճ” ազգային պարկի Դրամաշնորհի Պայմանագիր” եւ “”Խոսրովի անտառ” ազգային պարկի Դրամաշնորհի Պայմանագիր” ծրագրերի իրականացման համար:

2014թ.-ին Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունից, ԵՄ-ից, Համաշխարհային բանկից, Շվեյցարիայի կառավարությունից, Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարությունից եւ Կովկասի Բնության Հիմնադրամից “Քաղաքային կանաչ լուսավորություն”, “ՄԱԿ-Ի ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը 2014թ.-ի համար” ծրագրերի, “Հայաստանում համայնքների համար կլիմայի նվազեցման եւ հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի եւ անտառների կայուն կառավարում” Կլիմա Իստ պիլոտային ծրագրի, “Հայաստանում կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի վերանայում եւ կենսաբազմազանության մասին 5-րդ Ազգային զեկույցի պատրաստում” ծրագրի, “Հայաստանում նանոանվտանգության վերաբերյալ ուսուցման եւ ներուժի ամրապնդմանն ուղղված ծրագրի”, “Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատում Հայաստանում” ծրագրի, “Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության եւ “ԲԾԻԳ” ՊՀ-ի միջև 20.12.2014թ-ի կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի”, ““Արփի լիճ” ազգային պարկի Դրամաշնորհի Պայմանագիր”, ““Դիլիջան” ազգային պարկի Դրամաշնորհի Պայմանագիր” եւ ““Խոսրովի անտառ ազգային պարկի Դրամաշնորհի Պայմանագիր” ծրագրերի իրականացման համար ստացել է ընդհանուր 3.564.000 ԱՄՆ դոլար, 8000 եվրո եւ 112.494.000 ՀՀ դրամ (տես՝ http://givemeinfo.am/hy/case/1684/):

Այսպիսով, 2012-2014թ.թ.-ի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության ստացած դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է 3.949.000 ԱՄՆ դոլար, 362.260 եվրո եւ 222.498.200 ՀՀ դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը (նախարարության “Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության գիտական կենտրոն” ՊՈԱԿ-ը) 2012թ.-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից “Bacillus thuringiensis տեսակի միջատասպանների ազդեցությունը անտառային դարչնագույն հողատիպի միկրոֆլորայի, շնչառության եւ ֆերմենտային ակտիվության վրա” եւ “Խոզերի աֆրիկական ժանտախտի համաճարակաբանական տենդենցի ուսումնասիրումը եւ պայքարի միջոցառումների մշակումը Հայաստանի Հանրապետությունում” ծրագրերի իրականացման համար ստացել է 13.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի դրամաշնորհ: 2013թ.-ին նույն ծրագրերի, ինչպես նաեւ երկու այլ` “Հայաստանում կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հետազոտություն եւ քարտեզագրում” եւ “ՀՀ տարբեր բնակլիմայական գոտիներում ծիրանենու եւ դեղձենու հիվանդությունների եւ վնասատուների դեմ էկոլոգիապես հիմնավորված պայքարի նոր տեխնոլոգիաների մշակում եւ ներդրում” ծրագրերի իրականացման համար Գիտության պետական կոմիտեն նախարարության ՊՈԱԿ-ին տրամադրել է 8.375.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի դրամաշնորհ: 2014թ.-ին վերջին երկու ծրագրերի իրականացման համար Գիտության պետական կոմիտեն նախարարության ՊՈԱԿ-ին տրամադրել է 12.500.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի դրամաշնորհ:

Նախարարության այս ՊՈԱԿ-ը ստացել է նաեւ երկու միջազգային դրամաշնորհ` 2013թ.-ին Միավորված ազգերի` հանցագործությունների եւ արդարադատության հարցերով հետազոտական ինստիտուտի (UNICR) կողմից A-3 բարեգործական ծրագրի իրականացման համար 418.000 եվրո եւ 2014թ.-ին “Սի Էյջ 2 Էմ Հիլլ Ինթերնեյշնլ Սերվիս” Ինք.-ի (CH2MHILL) հայաստանյան մասնաճյուղի կողմից ԱՄ-3 ծրագրի իրականացման համար 2.541.100 ՀՀ դրամ:

Նախարարության “Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ն 3 դրամաշնորհ է ստացել` 2012թ.-ին Համաշխարհային բանկից 450.000 ԱՄՆ դոլար Սննդի անվտանգության կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի իրականացման համար, 2013թ.-ին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (կառավարիչ` ՀԲ) 900.000 ԱՄՆ դոլար Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի դրամաշնորհային ծրագրի իրականացման համար եւ 2013թ.-ին Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կարողությունների զարգացման հավատարմագրման հիմնադրամից (կառավարիչ` ՀԲ) 520.000 ԱՄՆ դոլար Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագրի նախապատրաստման համար (տես՝ http://givemeinfo.am/hy/case/1685/):

Այսպիսով, 2012-2014թ.թ.-ի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ստացած դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է 1.870.000 ԱՄՆ դոլար, 418.000 եվրո եւ 36.416.100 ՀՀ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2012թ.-ին Համաշխարհային բանկից ստացել է 742000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով դրամաշնորհ “Ոչ առեւտրային կազմակերպությունների ֆիդուցիար վերահսկողության փորձնական” եւ “ՀՀ ֆինանսների նախարարության կարողությունների զարգացման” դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար, 2013թ.-ին Համաշխարհային բանկը տրամադրել է 867.000 ԱՄՆ դոլար գումարի դրամաշնորհ “Հայաստանի հանրային ֆինանսական կառավարման հզորացման” ծրագրի իրականացման համար, իսկ 2014թ.-ին Եվրոպական միության Հարեւանության ներդրումային գործիքի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությունը ստացել է 3.112.624,8 եվրո ընդհանուր գումարի ֆինանսավորում “Բագրատաշեն”, “Բավրա” եւ “Գոգավան” անցման կետերի արդիականացման դրամաշնորհային 2 ծրագրերի իրականացման համար (տես՝ http://givemeinfo.am/hy/case/1696/):

Այսպիսով, 2012-2014թ.թ.-ի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ստացած դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է 1.609.000 ԱՄՆ դոլար եւ 3.112.624,8 եվրո:

Skip to content