Հրապարակումներ

Հրապարակումներ

Պետական միջոցներից ՀԿ-ների ֆինանսավորման գործընթացը բարելավվել է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Պետական միջոցներից ՀԿ-ների ֆինանսավորման գործընթացը բարելավվել է

2015թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցման միջոցով ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացավ այն ՀԿ-ների ցանկը, որոնք ֆինանսավորվել են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից:

Այսպես, 2013թ.-ին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ֆինանսավորվել է 10 ՀԿ` ընդհանուր 42.774.194 ՀՀ դրամով: 2014թ.-ին արդեն 55 կազմակերպություն է ֆինանսավորվել ընդհանուր 121.285.480 ՀՀ դրամով: Այսինքն, 2013-2014թ.թ.-ի ընթացքում ՀԿ-ներին հատկացված ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 164.060.274 ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ 2010-2013թ.թ.-ի ընթացքում ՀՀ Նախագահի աշխատակազմը 499 միլիոն 818 հազար ՀՀ դրամ ֆինանսավորում էր հատկացել 31 ՀԿ-ի: Ակնհայտորեն, 2013-2014թ.թ.-ի ընթացքում շուրջ երկու անգամ ավելի շատ ՀԿ է ֆինանսավորվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից, քան 2010-2013թ.թ.-ի ընթացքում:

Ընդ որում, այս անգամ ՀԿ-ներից յուրաքանչյուրի ստացած ֆինանսավորումը հիմնականում համադրելի է մյուս ՀԿ-ների ստացած ֆինանսավորման հետ: Այսպես, 2013թ.-ին ֆինանսավորում ստացած 10 ՀԿ-ներից 7-ը ֆինասավորվել են 1-2 մլն դրամի շրջանակներում: 2013թ.-ին ամենաշատ ֆինանսավորումը ստացել է “Ազգային թատերական ստեղծագործական միավորում” ՀԿ-ն` 27.014.174 ՀՀ դրամ, ինչն ավելին է, քան մյուս բոլոր 9 ՀԿ-ների ստացած ֆինանսավորումը միասին վերցրած: Հարկ է նշել սակայն, որ ի տարբերություն 2010-2012թ.թ.-ին ֆինանսավորում ստացած ՀԿ-ների, որոնց գործունեության մասին համացանցում տվյալներ չկային, “Ազգային թատերական ստեղծագործական միավորում” ՀԿ-ն ավելի հայտնի է, գործում է 2006թ.-ից, ՀԿ-ի ներկայիս ղեկավարը թատերագետ Արա Խզմալյանն է:

2014թ.-ին ՀԿ-ների ստացած դրամական միջոցները նույնպես հիմնականում համադրելի են. ավելի քան 50 ՀԿ ստացել է մինչեւ 3 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում: 2014թ.-ին ամենաշատ ֆինանսավորումը ստացել են “ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում” ՀԿ-ն` 15.827.777 ՀՀ դրամ եւ “Նորարարական տեխնոլոգիաների հետազոտության եւ զարգացման կենտրոն” ՀԿ-ն` 23.058.390 ՀՀ դրամ:

ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում” ՀԿ-ի գործունեության մասին տեղեկատվությունը համացանցում հասանելի է (տես` http://www.hra.am/hy/events/2010/11/30/hivaids, http://www.moh.am/texekatu/NAP.pdf, էջ 4): 2014թ.-ին ամենաշատ՝ 23,058,390 դրամ ֆինանսավորում ստացած “Նորարարական տեխնոլոգիաների հետազոտության եւ զարգացման կենտրոն” ՀԿ-ի մասին համացանցում չգտանք, փոխարենը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրվող դրամաշնորհների տրամադրումը կազմակերպող գործընկեր կազմակերպությունը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, սպառիչ ներկայացրեց “Նորարարական տեխնոլոգիաների հետազոտության եւ զարգացման կենտրոն” ՀԿ-ի իրականացրած աշխատանքների մասին տեղեկություն, նաեւ ներկայացրեց համացանցում այդ մասին տեղեկության բացակայության պատճառները: Բանն այն է, որ “Նորարարական տեխնոլոգիաների հետազոտության եւ զարգացման կենտրոն” ՀԿ-ն դրամաշնորհ ստացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ http://armeniangenocide100.org/ կայքը ստեղծելու համար, սակայն, հաշվի առնելով կայքի բնույթը եւ իմաստը` խուսափել է կայքում ՀԿ-ի անվան կամ տարբերանշանի (լոգո) հրապարակումից, կամ որեւէ այլ կերպ կայքի հետ ՀԿ-ի կապի բարձրաձայնումից: Այդ պատճառով էլ ՀԿ-ի իրականացրած աշխատանքների մասին տեղեկությունը համացանցում բացակայում է:

Որպես ամփոփում կարելի է նշել, որ դրական միտում է նկատվում ֆինանսավորված ՀԿ-ների քանակի առումով. 2010-2012թ.թ.-ի համեմատ դրամաշնորհ ստացած ՀԿ-ների թիվն աճել է շուրջ երկու անգամ: ՀԿ-ներից յուրաքանչյուրը ֆինանսավորվել է հիմնականում մինչեւ 3 մլն ՀՀ դրամի չափով, այնինչ 2010-2012թ.թ.-ին հիմնականում յուրաքանչյուր ֆինանսավորում 10 մլն ՀՀ դրամից ավելի էր, իսկ նվազագույն ֆինանսավորումը 4 մլն ՀՀ դրամից ավելի էր (2010-2012թ.թ.-ին ամենամեծ ֆինանսավորումը 74.978.000 ՀՀ դրամ էր, այնինչ 2013-2014թ.թ.-ին` 23.058.390 ՀՀ դրամ): Վերջապես, դրական առաջընթաց կա ֆինանսավորում ստացած ՀԿ-ների վերաբերյալ տեղեկության հասանելիության առումով. 2013-2014թ.թ.-ի ընթացքում ամենաշատ դրամաշնորհ ստացած 3 կազմակերպություններից երկուսի մասին տեղեկությունը համացանցում հասանելի է, իսկ մեկի գործունեության մասին սպառիչ տեղեկատվություն տրամադրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, այնինչ 2010-2012թ.թ.-ին ամենաշատ ֆինանսավորումը ստացած ոչ մի ՀԿ-ի մասին համացանցում տեղեկություն չկար:

ԻԱԿ-ի հարցմանը եւ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացվածտեղեկություններին կարող եք ծանոնանալ այստեղ:

Skip to content