Հրապարակումներ

Հրապարակումներ

Միայն 4 պետական մարմնի աշխատակիցներ ստացել են ավելի քան 6.5 միլիարդ դրամ պարգեւատրում 2011 եւ 2012 թթ.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Միայն 4 պետական մարմնի աշխատակիցներ ստացել են ավելի քան 6.5 միլիարդ դրամ պարգեւատրում 2011 եւ 2012 թթ.

2011 եւ 2012թ.թ.-ի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ վերահսկիչ պալատին եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցներն ստացել են 6.643.111.620 ՀՀ դրամ գումարի պարգեւավճար եւ 14.513.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ նվերներ:

2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմել էր այս կառույցներին, ինչպես նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` խնդրելով հայտնել.

  1. Ստացե՞լ են արդյոք պարգեւատրումներ (պարգեւավճարներ, նվերներ) տվյալ մարմնի աշխատակիցները 2011 եւ 2012թ.թ.-ին:
  2. Եթե այո, ապա ովքե՞ր են պարգեւատրվել (ըստ հաստիքների) եւ ինչքա՞ն գումարով (ի՞նչ նվերով):
  3. Որքա՞ն է կազմել աշխատակիցների ստացած դրամական պարգեւատրումների ընդհանուր գումարը,
  4. Որքա՞ն է կազմել աշխատակիցների ստացած նվերներից յուրաքանչյուրի արժեքը եւ նվերների արժեքների ընդհանուր գումարը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԻԱԿ-ի հարցմանը մերժել է պատասխանել` համարելով, որ տեղեկատվության տրամադրումը, անգամ ոչ անվանական, կհամարվի անձնական տվյալների հրապարակում` հաշվի առնելով հանձնաժողովի աշխատակիցների փոքրաթիվ քանակը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այս մերժումը համարել է անհիմն, քանի որ մի կողմից` խոսքը գնում է յուրաքանչյուրիս հարկերից պետական կառույցի աշխատողների տրամադրվող գումարների մասին, մյուս կողմից` ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել նաեւ ընդհանուր վիճակագրական տվյալներ, որոնք որեւէ կերպ հանձնաժողովի աշխատակիցների անձնական տվյալների հրապարակում չէին ենթադրում, սակայն հանձնաժողովը չի տրամադրել դրանք:

Թերի պատասխան է տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը` չտրամադրելով ըստ հաստիքների իր աշխատակիցների ստացած պարգեւատրումների մասին խնդրված տեղեկությունները: Խորհուրդը ոչ թե մերժել է տրամադրել հարցման 2-րդ հարցով խնդրված տեղեկությունները, այլ պարզապես չի անդրադարձել դրանց պատասխան գրությամբ, ուստի պատասխանը համարվել է թերի:

Տեղեկատվություն տրամադրած վերոնշյալ 4 մարմինների աշխատակիցները 2011 եւ 2012թ.թ.-ի ընթացքում ստացել են 6.643.111.620 ՀՀ դրամ գումարի պարգեւավճար եւ 14.513.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ նվերներ:

Ամենաշատը պարգեւատրվել են ՊԵԿ-ի աշխատակիցները` 2.694.870.700 ՀՀ դրամ 2011թ.-ին եւ 3.774.182.100 ՀՀ դրամ 2012թ.-ին: Ամենաքիչ պարգեւատրումը ստացել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները` 5.375.000 ՀՀ դրամ 2012թ.-ին:

ՊԵԿ-ը միակն է, որի տրամադրած տեղեկությունների համաձայն` իր աշխատակիցները ստացել են նվերներ: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 14.513.200 ՀՀ դրամ` 8.053.200 ՀՀ դրամ արժողությամբ նվերներ 2011թ.-ին եւ 6.460.000 ՀՀ դրամ արժողությամբ նվերներ 2012թ.-ին: ՊԵԿ-ի` վարչության պետի, վարչության պետ տեղակալի, տեսչության (մաքսատան) պետի տեղակալի, բաժնի պետի, գլխավոր տեսուչի (գլխավոր մասնագետի) եւ տեսուչի (մասնագետի) հաստիքները զբաղեցնող աշխատակիցները որպես նվեր ստացել են ժամացույցներ, դյուրակիր համակարգիչներ, iPad պլանշետներ:

ԻԱԿ-ի հարցումներին եւ դրանց պատասխան գրություններին կարող եք ծանոթանալ ԻԱԿ-ի www.givemeinfo.am կայքի համապատասխան մարմնի էջում, իսկ ԻԱԿ-ի հարցումներին տրված պատասխանների կարգավիճակին (լիարժեք պատասխան, թերի պատասխան, անհիմն մերժում եւ այլն) եւ պատասխանների հակիրճ բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content