Փառանձեմ Վարդանյան
ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության կայքում տեղադրված է “Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջների մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է կանոնակարգել և միասնականացնել պաշտոնական ինտերնետային կայքերը: Նախագծից տեղեկանում ենք, որ որոշման հիմնական նպատակը պետական կայքերին հստակ պահանջներ սահմանելն է:
Որոշման ընդունումից հետո բոլոր ՀՀ պաշտոկան կայքերը պետք է համապատասխանեն այստեղ տեղ գտած պահանջներին, որոնք ինչպես հաջորդող տեքստում է նշված “տեղեկատվական և տեխնոլոգիական բաղկացուցիչների պահպանմանը և ապահովմանը, տեխնիկական և կազմակերպչական բնույթի, անվտանգության ապահովմանն” ուղղված պահանջներ են: Մեզ հետ զրույցում Տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվության վարչության պետ Նորայր Ստեփանյանը նշեց, որ նախագիծը հիմնականում կոչված է համակարգելու, նույնականցնելու պետական մարմինների կայքերը և՛ արտաքին տեսքի, և՛ տեխնիկական առումով, ինչը հնարավորություն կտա ավելի հեշտ կազմակերպելու անվտանգության հետ կապված հարցերը: Ն. Ստեփանյանը նշեց, որ նախագիծը մշակելիս հիմնականում հաշվի են առնվել Մոլդովայի և Ղրղզստանի փորձերը:
Այնուհանդերձ, մասնագետները միանշանակորեն չեն ընդունում նախագծում տեղ գտած պահանջները: Դրանք հիմնականում վերաբերում են միասնական դիզայնի և կայքերի անվտանգության հարցերին: “Հելիքս Կոնսալտինգ” ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանի համոզմամբ, այս փաստաթուղթը ոչ թե պետք է կանոնակարգի, այլ խորհրդատվական բնույթ կրի: “Փաստաթղթում շատ դրական է, որ նշված է, թե ինչ տեխնիկական ստանդարտների պետք է համապատասխանեն պաշտոնական կայքերը՝ W3C (“Համաշխարհային Գլոբալ Ցանցի Կոնսորցիում”), WAI (“Վեբ կայքերի մատչելիության նախաձեռնություն”) ստանդարտները, վերջինը նախատեսված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց հասանելիությունը ապահովելու համար, ինչին այժմ Հայաստանում շատ քիչ կայքեր են համապատասխանում: Սա շատ լավ նախաձեռնություն է, բայց այն կբերի նրան, որ փաստաթուղթն ընդունելուց հետո, պետք կլինի բոլոր պետական կայքերը վերազինել, որպեսզի այդ ստանդարտները ապահովվեն, մի կայքում կարող է մի քանի օրվա աշխատանք լինել, մյուսում՝ ամիսների, որովհետև բոլոր այն կայքերը, որոնք պատրաստվել են հին տեխնոլոգիաներով, այս ստանդարներին չեն համապատասխանում: Բացասական եմ համարում այն, որ փաստաթուղթը նաև պետք է կանոնակարգի կայքերի արտաքին տեսքը, կառուցվածքը, բաժինները, որովհետև, եթե դա կարելի է անել օրինակ նախարությունների համար, որոնք քիչ թե շատ նման կառուցվածք ունեն, ապա կան պետական կառույցներ, որոնք այլ կառուցվածք ունեն և չեն կարող այդ ստանդարտին ենթարկվել: Օրինակ հենց egov.am-ը, որը էլէկտրոնային ծառայությունների պորտալ է, ունի բոլորովին այլ կառուցվածք, լուծում է բոլորովին այլ խնդիրներ և երբեք չի կարող համապատասխանեցվել այդ ստանդարտին”:
PanARMENIAN Մեդիա ընկերության գործադիր տնօրեն, ՏՏ մասնագետ Արմեն Ազարյանն ասում է, որ չկա աշխարհում որևէ պետություն, որը ընդունել է նմանատիպ օրենսդրական ակտ և համարում է, որ այն հիանալիորեն գործում է. “Այդ պատճառով մենք չպետք է վերցնենք դրսի փորձը և իմպլիմենտացիա անենք ու հարմարեցնենք մեզ, քանի որ այս ոլորտում ամեն ինչ շատ արագ է փոփոխվում և պահանջներն ու միջավայրները խիստ տարբեր են”: Ըստ Արմեն Ազարյանի՝ դաշտը կարգավորող օրենսդրական ակտ միանշանակ պետք է, բայց դա պետք վերաբերի օրինակ նրան, որ կայքը (սերվերը) գտնվի Հայաստանում, որ լինեն հակավիրուսներ և այլն: Իսկ մնացած հարցերը կարագավորելու համար առավել նպատակահարմար է ստեղծել մասնավոր կազմակերպություն, որտեղ կլինեն անվտանգության և այլ ոլորտների մասնագետներ, որոնք կաշխատեն կայքերի վրա՝ ամեն կայքի համար առանձին ստեղծելով աշխատանքային պլան և կհետևեն, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Իսկ, թե ինչու՞ պետք է այդ կառույցը լինի մասնավոր, Արմեն Ազարյանը բացատրում է նրանով, որ այս տեսակի մասնագետների համար պետությունը դեռևս բավականաչափ գումարներ չունի: “Իսկ պետական համապատասխան կառույցի գործառույթը կլինի կապ ապահովել մասնագետների և պետության միջև”, – նշում է Ա.Ազարյանը:
Նախագծի մշակման գործընթացում ներառված են եղել “Ինտերնետ հանրություն” ՀԿ-ի մասնագետները, սակայն ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանն այժմ է ներկայացնում նախագծի հանդեպ ունեցած իր հիմնական առարկությունները. անվտանգության հարցերը պետք է առանձնացնել, դիզայնին վերաբերող կետերը թեթևացնել և անպայման անհրաժեշտ է նշել, թե պետբյուջեի վրա ինչ ազդեցություն է ունենալու և նշել ֆինանսավորման աղբյուրները: “Նախագիծը ներառում է ցանցային և անվտանգության այնպիսի հարցեր, որոնց համար պետք են համապատասխան մասնագետներ, իսկ նման կադրերի ֆինանսավորման հարցը փաստաթղթում նշված չէ: Ինչպես նաև փաստաթղթում նշված չէ այն ծախսերի մասին, որը պետք են կայքերը վերադիզայնավորելու համար, քանի որ կայքերի մեծ մասը չի համապատասխանում տվյալ ստանդարտներին”, – նշում է հկ-ի փոխնախագահը:
Որոշման նախագծում տեղ գտած պաշտոնական կայքերի բովանդակությանն ուղղված պահանջները գրեթե ամբողջությամբ ողջունելի են մեդիա դաշտում գործող հասարակական կազմակերպությունների համար: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը խիստ դրական է գնահատում այն, որ այս որոշմամբ “ՏԱ մասին” ՀՀ օրենքում նշված պարտադիր հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկատվությունը պետք է հրապարակվի տվյալ գերատեսչության կայքում : “Պետական կայքերն այսօր աշխարհում կիրառվում են որպես պաշտոնական տեղեկատվության պրոակտիվ տրամադրման ամենաարդյունավետ գործիքներից մեկը: Չնայած Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը հստակ նշում է պաշտոնական տեղեկատվության պարտադիր հրապարակման պահանջները, կարգը, սակայն այն դեռևս չի կարգավորում էլեկտրոնային պաշտոնական տեղեկատվության տրամադրման մեխանիզմները: Այս որոշմամբ կլուծվի խնդիրը, քանի որ այսօր գործող պաշտոնական կայքերի մեծ մասը չեն համապատասխանում ՏԱ մասին օրենքի պահանջներին”,- նշում է ԻԱԿ փորձագետը: Պաշտոնական կայքերի բովանդակությանը վերաբերող մեկ այլ կարևոր հանգամանք է նշում նաև “Հելիքս Կոնսալտիգ” ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանը. “Ամենակարևոր բանը, որը ես բարձր եմ գնահատում, այն է, որ նախագծում հստակ նշված է, թե ինչ բովանդակություն պետք է պարունակի պաշտոնական կայքը: Օրինակ այս կետը՝ “Յուրաքանչյուր պաշտոնական կայքում տեղեկատվության հասանելիության ապահովման, արդիականացման և տեղադրման գործընթացի կազմակերպման նպատակով պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, որպես պատասխանատու հանդես է գալիս կառուցվացքային ստորաբաժանում կամ կոնկրետ պաշտոնատար անձ” բավականին հեշտացնում է աշխատանքը տվյալ գերատեսչության հետ, և կոնկրետ պահանջ է դրվում կայքի բովանդակության համար ունենալ կոնկրետ պատասխանատու”:
“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե”-ի իրավաբան Օլգա Սաֆարյանի կարծիքով, եթե նախագիծը հաստատվի ու իսկապես գործի, ապա շատ կնպաստի, որ պետական մարմիններն ավելի հետևողական լինեն իրենց կայքերի աշխատանքները լավացնելու հարցում: Չնայած որ կոմիտեի կողմից անցկացվող մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ ոլորտում արդեն իսկ կան դրական փոփոխություններ: “Սակայն, միևնույն է, այդ արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն. կայքերում տեղեկությունները կամ չկան, կամ էլ այնպես են ներկայացված, որ հարմար չեն գտնելու համար”,- ասում է Օլգա Սաֆարյանը:
Իսկ “Լրագրողներ հանուն ապագայի” հկ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը պաշտոնական կայքերի համար շատ է կարևորում “մեկ ձեռագրի” առկայությունը. “Քաղաքացին հեշտությամբ պետք է կարողանա գտնել իրեն հուզող հարցի պատասխանը, այսինքն՝ պետական մարմինների հետ շփումները պետք է մաքսիմալ պարզեցվեն և հեշտացվեն քաղաքացիների համար”: Այսօր պետական կայքերի համար հիմնական խնդիրը նա համարում է հենց տեղեկատվական բաժնինների բացակայությունը, թե ովքեր են տեղեկատվություն տրամադրողները, այս տեղեկությունները ոչ բոլոր կայքերում է, որ լիարժեք տրված են: Ըստ նրա՝ փաստաթղթում մոտեցումները բավականին լավն են, և, եթե որոշումը գործի, ապա դրական փոփոխություններ կլինեն:
Ինչպես հավելեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը, Կենտրոնը պատրաստել և ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությանն է ուղարկել որոշման նախագծում լրացումներ անելու առաջարկներ, օրինակ, կայքերում ներառել տեղեկատվության ազատությանը վերաբերող բաժիններ, որտեղ մարդկանց հստակ կներկայացվեն տեղեկատվության ազատության օրենսդրությունը, տեղեկություն ստանալու հարցման ձևանմուշը, մանրամասն ուղեցույց կտա, թե ինչ կարգով, ինչ ժամկետներում կարող են ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկությունները: “Մեր առաջարկով նման բաժին արդեն գործում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքում, որը կարծում եմ առավել հեշտացնում է տեղեկություն ստանալու գործընթացը”:
Այնուհանդերձ, որոշման նախագիծը դեռևս քննարկման փուլում է, և շահագրգիռ կազմակերպություններին, ընկերություններին կառաջարկեինք ծանոթանալ և իրենց մասնագիտական կարծիքներն, առաջարկները հայտնել նախագծի վերաբերյալ, որպեսզի հետագայում, ինչպես շատուշատ օրինագծերի դեպքում, դրա ընդունումից հետո չկանգնենք լուրջ խնդիրների առջև:
Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ: