Հրապարակումներ

Հրապարակումներ

Դատալեքսն արդեն ինտերնետում է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դատալեքսն արդեն ինտերնետում է

2009թ.-ից դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման շրջանակներում Երևանի և Հայաստանի բոլոր մարզկենտրոնների դատարաններում, ինչպես նաև Նախագահի աշխատակազմում, ՀՀ կառավարությունում, Արդարադատության նախարարությունում, ՀՀ դատախազությունում, Սահմանադրական դատարանում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, Փաստաբանների պալատում, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում եւ այլն տեղադրվեցին “Դատալեքս” հանրային տեղեկատվական կրպակներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ տեղեկատվություն ընթացիկ և ավարտված դատական գործերի մասին, գտնել ՀՀ օրենքներ և այլ իրավական ակտեր:

Այս կրպակների միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կարող է անվճար գտնել և ծանոթանալ դատարաններում ընթացող դատավարությունների, գործի և դահլիճի համարների, գործը դատարան մուտքագրելու ժամանակի, վարույթ ընդունելու օրվա, ամսաթվի, դատավորի և կողմերի մասին տեղեկատվության: Ունենալով դատական համակարգի վերաբերյալ տեղեկատվական հսկայական նշանակություն` “Դատալեքս” հանրային տեղեկատվական կրպակները ունեն տարածքային սահմանափակման խնդիր, այսինքն, քաղաքացին կրպակից օգտվելու համար ստիպված է այցելել կրպակների տեղակայման վայրերից մեկը: Այս խնդիրը լուծելու, դատական գործի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը քաղաքացու համար ավելի մատչելի դարձնելու համար “Դատալեքս” համակարգը ներդրվեց ինտերնետում, և այժմ արդեն գործում է www.datalex.am կայքը: Այն, ներառելով դատական ոլորտի վերաբերյալ հսկայական տեղեկատվական բազա, նպատակ ունի նպաստելու քաղաքացի-դատարան փոխհարաբերությունների պարզեցմանը: “Նման գործիք արտասահմանում չկա: Շատ զարգացած երկրներ չունեն այսպիսի կայք և դատական տեղեկատվության այսպիսի շտեմարան: www.datalex.am-ի հիմնական գաղափարը հանրային մատչելիությունն է”. – նշում է Դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանը:

www.datalex.am-ը ունի յոթ հիմնական բաժին, ինչպես նաև հետադարձ կապի հնարավորություն, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել կայքի վերաբերյալ իրենց հարցերը, դիտողությունները և առաջարկությունները:

“Հաճախ տրվող հարցեր” բաժինը հակիրճ տեղեկություն է տալիս կայքի նպատակի, կայքի ընձեռած հնարավորությունների մասին, պարունակում է տեղեկություն “Դատալեքս” հանրային տեղեկատվական կրպակների մասին և այլն:

Կայքի մնացած 6 բաժինները քաղաքացիներին հնարավորություն են տալիս օգտվել հետևյալ ծառայություններից.

  • դատական գործերի որոնում,
  • դատական նիստերի ժամանակացույցի դիտում,
  • նմանատիպ գործերի որոնում,
  • առցանց վճարումների կատարում,
  • դիմումների առցանց ուղարկում,
  • ՀՀ օրենքների և իրավական ակտերի որոնում, և այլն:

“Դատական գործերի որոնում” բաժնում յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի գտնել և ծանոթանալ ՀՀ յուրաքանչյուր դատարանի կողմից քննվող բոլոր գործերին` քաղաքացիական, քրեական, վարչական, բացառությամբ` դռնփակ ընթացակարգով կամ դատարանի որոշմամբ գաղտնիության կարգավիճակ ստացած գործերը: Համապատասխան գործը գտնելու համար անհրաժեշտ է միայն մուտքագրել գործի վերաբերյալ պահանջվող տվյալներից որևէ մեկը, օրինակ` գործի համարը, դատավորի, հայցվորի կամ պատասխանողի անունը և ազգանունը, դատաքննության ամսաթիվը և այլ, և համակարգը կներկայացնի այդ տվյալին համապատասխանող բոլոր գործերի ցուցակը: Որոնում հնարավոր է կատարել նաև ըստ վճռի բովանդակության` համապատասխան սյունակում մուտքագրելով վճռի բովանդակությունը:

Ինչպես նշեց Արթուր Թունյանը` “www.datalex.am-ը միայն դատական գործերի եւ փաստաթղթաշրջանառության արտաքին դրսևորման մասն է: Իրականում համակարգը շատ ավելի բարդ է: Դատական գործերի բազան չի թարմացվում որևէ աշխատողի կողմից, ով տարբեր դատարաններից կհավաքի գործերը և կներմուծի համակարգ”: Այսինքն, մարդկային գործոնի նշանակությունն այս առումով նվազեցված է, և տվյալները հավաքագրվում են ավտոմատացված. յուրաքանչյուր դատարան, քաղաքացուց ստանալով հայց կամ դիմում, այն մտցնում է համակարգ, այլապես գործը ավտոմատացված կերպով չի ստանա իր հերթական համարը: “Սա գործնականում բացառում է դատարանում այնպիսի գործի առկայությունը, որոնք չեն ներմուծվում համակարգ: Արդյունքում, գործը հայտնվում է էլեկտրոնային շտեմարանում և մեխանիկորեն հասանելի է դառնում կայքում: Գործնականում, կայքի թարմացումն տեղի է ունենում 10 րոպեն մեկ”. – ավելացնում է պարոն Թունյանը: Բոլոր այն դեպքերը, երբ որևէ գործի վերաբերյալ սխալ տեղեկություն է հայտնվում, սուբյեկտիվ բնույթ են կրում, օրինակ` գործը մուտք անող աշխատակցի անփորձություն կամ խախտումներ են, որոնք ուղղակի պետք է հայտնաբերել և ներկայացնել արդարադատության խորհրդին:

www.datalex.am-ը առանձին բաժնով հնարավորություն է տալիս քաղաքացիներին որոնել և գտնել իրենց հետաքրքրող գործին նմանատիպ գործեր: Այս բաժինն առավել օգտակար կարող է լինել փաստաբանների, ինչպես նաև այն քաղաքացիների համար, ովքեր, դատարանում գտնվող իրենց գործին նմանատիպ այլ գործերին ծանոթանալով, կարող են պատկերացում կազմել տվյալ բնույթի գործով դատական պրակտիկայի մասին, կառուցել համապատասխան մարտավարություն դատարանում: Բաժնում գործերի որոնումը կարելի է իրականացնել 2 եղանակով` որոնում ըստ կոնկրետ գործի տվյալների նմանության (հաշվի է առնվում գործերի դատական ընթացակարգի հիմնական գործոնների նմանությունը) և որոնում ըստ գործի բովանդակության տարրերի (հաշվի են առնվում տեքստային գործոնները): “Նմանատիպ գործերի որոնում” բաժնից օգտվելու համար, սակայն, քաղաքացիները պետք է նախ մուտք գործեն համակարգ, այսինքն, գրանցվեն կայքում:

Նիստերի ժամանակացույցը ներկայացված է առանձին բաժնով: Անհրաժեշտ է ընտրել դատարանը, գործի տիպը` քաղաքացիական, քրեական, վարչական, սնանկության գործեր, ամսաթիվը, և համակարգը կներկայացնի նշված օրը տեղի ունեցած կամ կայանալիք դատական գործերի ցուցակը: Այս ցուցակից քաղաքացին կարող է ընտրել իրեն հետքրքրող գործը և գտնել գործի վերաբերյալ առկա ողջ տեղեկատվությունը:

Բացի դատական գործերից, կայքում կարելի է նաև գտնել և ծանոթանալ ՀՀ օրենքները և այլ իրավական ակտերը առանձին` կայքում ներմուծված ARLIS իրավական տեղեկատվության համարգի միջոցով` “ՀՀ օրենքների որոնում” բաժնում:

Քաղաքացիների հետ շփումն ավելի ինտերակտիվ դարձնելու նպատակով կայքը հնարավորություն է տալիս դիմում ներկայացնել քաղաքացու ընտրած դատարանին կամ ՀՀ դատական դեպարտամենտին: Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել “Դիմումների առցանց համակարգ” բաժինը, ընտրել դիմումի ձևը` պաշտոնական (էլեկտրոնային ստորագրությամբ) կամ ոչ պաշտոնական, մուտքագրել անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և “հաղորդագրություն” սյունակում ներկայացնել դիմումի բովանդակությունը: Դիմումին կարող են նաև կցվել փաստաթղթեր: Այն դեպքում, երբ գրավոր դիմում եք ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կամ առանձնացված ստորաբաժանման գրասենյակ, ապա կարող եք դիմել և ստանալ հուշաթերթիկ, որում նշված կլինի 16 նիշանոց հսկիչ համար: www.datalex.am կայքի “Դիմումների առցանց համակարգ” բաժինը հնարավորություն է տալիս 16 նիշանոց հսկիչ համարի միջոցով հետևել դիմումի ընթացքին` տեղեկանալ, թե դատական համակարգի որ պաշտոնյային է ուղղվել դիմումը և ինչ ընթացք է տրվել դրան: Նշենք, սակայն, որ պաշտոնական (էլեկտրոնային ստորագրությամբ) նամակ դեռևս հնարավոր չէ ուղարկել, քանի որ բաժնի այս հատվածը ժամանակավորապես չի գործում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության պատճառով:

Նույն` օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով դեռևս չի գործում կայքի ևս մեկ բաժին` “Առցանց վճարումներ”: Այս բաժնի անվանումը չպետք է շփոթեցնի քաղաքացիներին` սա կայքի մատուցող ծառայությունների վճարովիություն չի նախատեսում: “Կայքն անվճար է, և, ապագայում կայքը վճարովի դարձնելու պայման նախատեսված չէ: Այս բաժինը կոչված է հեշտացնելու դատարան դիմելու ընթացակարգը քաղաքացիների համար. գործարկվելուց հետո այն հնարավորություն կտա քաղաքացիներին կայքի միջոցով էլեկտրոնային տաբերակով կատարել դատական գործի համար պետական տուրքերի վճարում` առանց բանկ այցելելու”, – նշում է Դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանը:

www.datalex.am կայքի ստեղծումը, ինչպես “Դատալեքս” հանրային տեղեկատվական կրպակների ներմուծումը, 2006թ.-ից մշակված դատարանների ավտոմատացման ծրագրի մի մասն է և կրում է շարունակական բնույթ: Ա. Թունյանը նշեց, որ այժմ Դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակը աշխատում է նաև գովազդի ուղղությամբ. նախատեսվում են սոցիալական գովազդային հոլովակներ, 2012 թվականին կիրականացվի կայքի վերաբերյալ հանրային հարցում, 50-ով կավելանա նաև “Դատալեքս” հանրային տեղեկատվական կրպակների թիվը, որոնք կտեղադրվեն հանրային վայրերում: Այս նոր կրպակները նաև հնարավորություն կտան քաղաքացուն USB չափանիշներին համապատասխանող կրիչի միջոցով բեռնել գտնված անհրաժեշտ գործի վերաբերյալ տեղեկատվութունը:

Դատական տեղեկատվության մատչելիության ապահովման, արդարադատության իրականացման թափանցիկության առումով www.datalex.am-ը առաջընթաց քայլ է պետական կառավարման ոլորտի հրապարակայնացման ոլորտում: Բացի այդ, այս կայքը դատական համակարգի, արդարադատության իրականացման վերաբերյալ իրազեկ և գիտակ հասարակություն ձևավորելու գերազանց միջոց է:

Տես նաև` Տեղեկատվական կրպակներ` Երևանի դատարաններում

Skip to content