Հրապարակումներ

Հրապարակումներ

Ինտերնետով հրապարակային ծանուցումն անվճար է և առավել արդյունավետ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ինտերնետով հրապարակային ծանուցումն անվճար է և առավել արդյունավետ

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի գնահատմամբ` տեղեկատվության ազատությունը կենսական անհրաժեշտություն է ցանկացած ժողովրդավար հասարակության համար: Այս առումով ստեղծված կայքը` www.azdarar.am, նոր քայլ է առավել օպերատիվ եւ համակարգված ներկայացնելու պաշտոնական տեղեկությունները:

2007թ.-ին ընդունված “Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին” օրենքը նախատեսում էր, որ օրենսդրությամբ սահմանված բոլոր ծանուցումները ոչ միայն պետք է տպագրվեն թերթերում եւ տարածվեն հեռուստատեսությամբ, այլեւ ստեղծվեր հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք: Տեխնիկական պատճառներով, այդ թվում նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգի ոչ լրիվ ներդրման պատճառով, այն ժամանակ օրենքն իրականացնել չհաջողվեց: Արդյունքում, օրենքը երկար ժամանակ մնացել էր թղթի վրա:

Եվ միայն 2011թ.-ի փետրվարի 17-ին օրենքի պահանջի իրականացման նպատակով ՀՀ Կառավարությունն ընդունեց “Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման եւ արխիվացման ժամկետների սահմանման կարգը եւ հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձեւաչափը հաստատելու մասին” N174-Ն որոշումը: Արդեն ապրիլի 1-ից մեկնարկեց հրապարակային ծանուցումների համար նախատեսված www.azdarar.am կայքը:

“Կարող եմ ասել, որ ստեղծվել է տեխնիկապես իրոք լավ աշխատող կայք, հիմա խնդիրը միայն այն է, որ այն իսկապես իր նպատակին ծառայի, որ ամենօրյա թարմացումներով տեղ գտնեն բոլոր պաշտոնական ծանուցումները, իսկ լրագրողների, հասարակական կազմակերպությունների ու այլ քաղաքացիների խնդիրը կլինի հսկել օրենքի կատարման ընթացքը, – նշում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:- “Շատ կարեւոր է նաեւ, որ աղբյուրը մեկը կդառնա ու մրցութային, աճուրդային հայտարարությունները եւ նմանատիպ փաստաթղթերը հայտնվեն այս կայքում: Կարեւոր է նաեւ, որ յուրաքանչյուր քաղաքացի կամ իրավաբանական անձ, ով ունի էլեկտրոնային ստորագրություն, իր հայտարարությունները տպելու համար ոչ թե թերթերին կդիմի ու գումար կծախսի, այլ անվճար կհրապարակի այստեղ”:

www.azdarar.am կայքում դուք կարող եք գտնել, օրինակ, հիմնադրամների, բաց բաժնետիրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները: Կամ ասենք ընկերությունների լուծարման մասին հայտարարությունն ու պատճառները եւ ոչ միայն: Կայքում հնարավոր է գտնել նաեւ ընտրությունների արդյունքների, ընտրական հանձնաժողովների կայացրած վերահաշվարկային հայտարարությունների, պետական գնումների ընթացակարգի մասին տեղեկություններ:

“Պատկերացրեք, որ ինչ-որ դատական վեճ կա, եւ մի կողմը մյուս կողմին պետք է պատշաճ ծանուցի այդ վեճի մասին: Սակայն երկրորդ կողմը չկա` փախուստի մեջ է կամ տանը չի, իսկ այդպիսի դեպքեր շատ են լինում”-, մանրամասնում է Դավիթ Սարգսյանը: – “Այդ ժամանակ, այդ հայտարարության տեքտսը տեղադրում եք azdarar.am կայքում, եւ օրենքի ուժով այն կհամարվի պատշաճ ծանուցում”:

Կայքի “Գլխավոր” եւ “Մեր մասին” բաժիններում դուք կկարողանք ստանալ կայքի գործունեության, դիմելու ձեւի եւ վերջին թարմացումների մասին տեղեկատվություն: Հայտարարություններ բաժնում կարող եք ըստ հայտատուների եւ տիպերի ծանոթանալ պաշտոնական ծանուցումներին, հաշվետվություններին, թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններին եւ այլն:

“Տեղադրման ենթակա են այն հայտարարությունները, որոնք որեւէ օրենքի համաձայն պետք է հրապարակվեն մամուլում: Օրինակ, “Գնումներ մասին” օրենքը նախատեսում է, որ մինչեւ 2013 թվականը գնման մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի մամուլում: Հետեւաբար, այդ նույն տեղեկատվությունը պետք է համապատասխանաբար հրապարակվի azdarar.am կայքում: Սակայն եթե ես ցանկանում եմ վաճառել իմ տունը եւ ուզում եմ հրապարակել այդ մասին, բայց դա որեւէ օրենքի պահանջ չէ, հետեւաբար այդ հայտարարությունը, դեռեւս գործող կարգով, չպիտի հրապարակվի էլեկտրոնային կայքում: Այսինքն հրապարակվում են այն հայտարարությունները, որոնք նախատեսված են օրենսդրությամբ”,- պարզաբանում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

Հայտարարություն տեղադրելու համար նախապես կայքից կարող եք տպել դիմումի ձեւը, լրացնել այն, այնուհետ հայտարարության տեքստն էլ ձեզ հետ գնալ Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` ք. Երեւան, Կոմիտասի 49/3 հասցեով, իսկ մարզերի բնակիչները կարող են այցելել պետռեգիստրի մարզային կենտրոններ: Իսկ եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա յուրաքանչյուր հայտարարություն հնարավոր է անձամբ տեղադրել կայքում:

“Ստորաբաժանումներն ընդունում են հայտարարությունները եւ փոխանցում համապատասխան բաժին: Այստեղ նախ ստուգվում է հայտարարությունը, որ չլինեն ակնհայտ կեղծիքներ, այնուհետեւ կայքում ճիշտ տեղը տեղադրել, հրապարակելն է. որ գնման մասին հայտարարությունը չգնա ՀԿ-ների հաշվետվությունների շարք: Ինչը երկու նպատակ է հետապնդում: Առաջինը, որպեսզի ամեն դեպքում փնտրելիս մարդիկ հեշտությամբ կարողանան գտնել եւ երկորդ` բաժանորդագրության միջոցով ուղարկվի ճիշտ հայտարարություն”,- պարզաբանում է Արամ Օրբելյանը:

Համաձայն Կառավարության որոշման` կայքը վարողը պարտավոր է 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հայտարարությունը զետեղել կայքում: Եթե մամուլում այդ նույն հայտարարությունը հրապարակվում է միայն մեկ օր եւ մեկ թերթում, եւ հնարավոր է նաեւ, որ դուք պարզապես չհասցնեք գնել թերթը, ապա azdarar.am-ում դրանք տեղադրված են մշտապես, եւ որոնման համակարգի միջոցով կարող եք ցանկացած օր եւ ցանկացած ժամի գտնել ձեզ հետաքրքրող հայտարարությունը: Որպեսզի հեշտությամբ եւ արագ գտնեք, կարող եք փնտրել ըստ հուշող բառերի եւ հրապարակման ժամանակաշրջանի, ինչպես նաեւ` հայտատուների եւ հայտարարության տիպերի միջոցով:

Կայքի թարմացումներին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է համապատասխան դաշտում լրացնել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, նշել առնվազն մեկ հայտատու կամ հայտարարության տիպ եւ սեղմել “Բաժանորդագրվել” կոճակը: Որպես այլընտրանքային տարբերակ, կարող եք օգտվել նաեւ կայքի RSS հոսքից: Այսպես դուք պարբերաբար ձեր էլեկտրոնային փոստին կստանաք ձեզ առավել հետաքրքրող եւ անհրաժետ տեղեկությունները:

“Օրինակ եթե պաատրաստվում եք մասնակցել գնումների գործընթացին, բաժանորդագրվում եք այդ բաժնին եւ ամեն անգամ, երբ նոր հայտարարություն է տեղադրվում այդ բաժնում, ձեր էլեկտրոնային փաստին ստանում եք նամակ-ծանուցում այդ մասին: Կամ ենթադրենք կատարում եք հասարակական կազմակերպությունների մոնիթորինգ, ձեզ հետաքրքիր են ՀԿ-ների հաշվետվությունները: Սա հնարավորություն է տալիս առանց ամեն օր, անընդհատ այցելելու կայք տեղեկացված լինել ձեզ հետաքրքրող բաժնում նորությունների ավելացմանը, նոր հայտարարությունների առկայությանը կամ փոփոխությանը”, – նշում է Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

Այժմ, ի տարբերություն մամուլում հրապարակելուն, այս կայքում հայտարարությունների տեղադրումն անվճար է, սակայն եթե անգամ նախատեսվի որոշակի վճարում, ապա, ինչպես նախարարությունից են հավաստիացնում, այդ գումարը չի գերազանցելու տպագիր մամուլում առկա վճարի չափը:

“Անընդհատ հետազոտություններ ենք անելու պարզելու կայքում գործող մեխանիզմները, որքան են մարդկանց համար օգտագործելի եւ հասանելի: Որովհետեւ հնարավոր է կայքը շատ հագեցված եւ լավը լինի, սակայն մարդիկ չկարողանան օգտվել: Մեր նպատակն է ունենալ հնարավորինս պարզ, բայց առաջատար կայք”,-հավելում է Արամ Օրբելյանը:

Կայքը պատրաստվել եւ շահագործվել է “Հելիքս կոնսալտինգ” ընկերության կողմից: Ինչպես ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանն է նշում` կայքը նախագծելիս հաշվի են առնվել միջազգային չափանիշները. “Մենք կարեւորում ենք, որ քաղաքացին մտնելով կայք` բացարձակապես չդժվարանա կողմնորոշվելու, թե որտեղից ինչ կարող է գտնել: Եվ տառաչափերն ենք հաշվի առել եւ ենթաբաժինները: Աշխարհում ընդունված չափանիշ կա, երբ մի քանի քայլից ավել ես գնում համակարգչի մկնիկով եւ դեռ չես գտել քեզ անհրաժեշտ բաժինը, նշանակում է կայքը սխալ է կազմված”:

Կայքի աշխատանքի բարելավմանն ուղղված ձեր նկատառումներն ու առաջարկությունները, տեսակետներն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել moderator@azdarar.am էլեկտրոնային փոստի հասցեով եւ կամ զանգել թեժ գծի հեռախոսահամարին` 010 20 17 25:

Գիտակցելով տեղեկատվության ազատությունն ու օրենքի մեկ այլ` ոչ պակաս կարեւոր պահանջը` տեղեկատվության հրապարակումը հնարավորինս մատչելի եղանակով իրականացնելը, այսօր, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի կարծիքով, լավագույն տարբերակն ինտերնետն է. “2 տարի առաջ Հայաստանում կտրուկ ավելացավ ինտերնետից օգտվողների թիվը: Մեր ուսումնասիրությամբ պաշտոնական կայքեր այցելում է տարեկան մոտ 200 000 մարդ: Կարեւոր է, որ մենք հասնենք արդյունքի եւ ոչ թե սպասենք, որ քաղաքացին մեզնից դա պահանջի, այլ միշտ մեկ քայլ առաջ լինենք”, – ամփոփում է Դավիթ Սարգսյանը:

Դիանա Կարապետյան

Թեմայի վերաբերյալ այլ նյութեր`
Վերջապես կգործի օրենքը
Օրենք են գրել` ձեռքը կրակն ընկել
Օրենքը չի կիրառվում անվան պատճառով

Skip to content