Որքանո՞վ է Հայաստանում կայացել քաղաքացիական ծառայողի ինստիտուտը:
Մ. Բ.-Կարելի է ասել` ներկայումս համակարգը գտնվում է զարգացման փուլում, որը ենթադրում է դրան համահունչ նոր բարեփոխումներ: Վերջին շրջանում իրականացված օրենսդրական փոփոխություններն ուղղված էին դրան: Սակայն կարող ենք քաղաքացիական ծառայության համակարգը լիովին կայացած համարել, որբ թե հասարակությունը, թե իրենք` քաղաքացիական ծառայողները, լիարժեքորեն զգան դրա արդյունքները, երբ քաղաքացիական ծառայության որակը էականորեն կփոխվի: Շատ բան արվել է, բայց այդ տեսանկյունից մենք դեռ կայանալու տեղ ունենք:
“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի իմացությունն արդեն մի քանի տարի է, ինչ պարտադիր է քաղծառայողների համար: Ըստ Ձեզ, ինչքանո՞վ է ՏԱ մասին օրենքի իմացությունն օգնում քաղծառայողներին իրենց աշխատանքում:
Մ. Բ.-“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքից բխող պահանջների կատարումն ընդհանուր առմամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է: Այդ գործառույթն անմիջականորեն դրվում է մեկ կամ մի քանի կառուցվածքային ստորաբաժանումների վրա: Այս ուղղությամբ, ինչպես գիտեք, մենք հսկայական աշխատանք ենք կատարել` ընդ որում նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մասնակցությամբ: Ըստ Կառավարության համապատասխան որոշման` միասնականացվել են հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների կառուցվածքներն ու գործառույթները, ինչն էլ ավելի կանոնակարգված է դարձրել տեղեկատվության տրամադրման գործընթացը: Համապատասխան փոփոխությունների են ենթարկվել նաեւ այդ ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերը: Իսկ 2010-ին ուսումնասիրվեց նաեւ մարզպետարաններում տիրող իրավիճակը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ տարածքային կատավարման նախարարության հետ համատեղ նման միասնականություն ապահովվեց նաեւ մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումներում: Ավելին, բարելավվեցին մրցութային ու ատեստավորման հարցաշարերը, եւ դրանցում ներառվեցին հարցեր “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքից: Այս մասով կարծես թե ստեղծվել են անհրաժեշտ մեխանիզմները:
Իսկ, ընդհանուր առմամբ, այս օրենքի ընդունումը, կիրառությունը շատ ավելի կարեւոր էր ընդհանրապես պետական ծառայողների գիտակցությունը փոխելու, ըստ էության կառավարման համակարգը նոր գաղափարական հենքի վրա դնելու տեսանկյունից: Պետության, պետական կառավարման արդյունավետությունը պետք է խարսխված լինի հաշվետվողականության, թափանցիկության, հասարակական վերահսկողության ապահովման սկզբունքների վրա: Մեծ հաշվով այս օրենքի փիլիսոփայությունը դա է: Եվ որքան շատ պետական ծառայողներ հասու լինեն այդ փիլիսոփայությանը, այդքան ավելի հեշտ կլինի հաղթահարել առկա խնդիրները:
ՏԱ օրենքի համաձայն պետական կառույցներում պետք է լինի տեղեկատվության ազատության պատասխանատու անձ, որի պաշտոնի անձնագրում պետք է դա գրվի: Գործո՞ւմ է արդյոք ՏԱ օրենքի այս պահանջը:
Մ. Բ.-Կարծում եմ` տեղեկատվության ազատության պատասխանատու անձի ինստիտուտը դեռեւս ամբողջությամբ չի ներդրվել մեզանում: Պատճառը, թերեւս, այն է, որ այս ընթացքում կոնկրետ դրա հետ կապված լուրջ խնդիրներ չեն առաջացել: Տեղեկատվության տրամադրման ապահովումը պետական մարմինների աշխատակազմերի պարտականությունն է: Իսկ աշխատակազմի գործունեության համար պատասխանատուն աշխատակազմի ղեկավարն է, ով կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում եւ վերահսկում է աշխատակազմերի ընթացիկ գործունեությունը: Նա պատասխանատվություն է կրում նաեւ օրենքների, իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, աշխատակազմի առջեւ դրված խնդիրները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
2010թ. նոյեմբերի 22-ից գործում է Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնը, որտեղ քաղծառայողները վերապատրաստում են անցնում այս ոլորտում: Ինչպե՞ս կգնահատեիք այս ուսուցումների արդյունավետությունը:
Մ. Բ.-Ինքնին ողջունելի է այն փաստը, որ տեղեկատվության ազատության իրավունքի իրացման, քաղաքացիների սպասարկման ու ծառայությունների մատուցման ոլորտում քաղծառայողների հմտությունների կատարելագործման նպատակով ստեղծվել է տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնտ: Շատ ավելի ուրախալի է, որ կենտրոնի ծրագրերով հարյուրավոր քաղաքացիական ծառայողներ են վերապատրաստվելու: Իհարկե, վերապատրաստումների վերջնարդյունքը պետք է դրսեւորվի նրանց աշխատանքային գործունեության ընթացքում: Որքան քաղաքացիների հետ քիչ խնդիրներ առաջանան, որքան մատուցվող ծառայությունները որակյալ լինեն, նշանակում է` այդչափ էլ այս դասընթացների արդյունավետությունը բարձր է: Վերապատրաստումների ինտերակտիվ բնույթը, մատուցվող նյութը, ինչպես նաեւ մասնակիցների դրական արձագանքները վկայում են, որ ճիշտ, նպատակային մոտեցում է ցուցաբերվում եւ, ըստ այդմ, դասընթացների արդյունավետությունը բարձր է: Հույս ունեմ` այն շարունակական կլինի: