2011թ.-ի հունվարի 31-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենք, որով հստակեցվեց նաեւ մարդկանց` տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Փոփոխությունների համաձայն` ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու համար այլեւս վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն անհրաժեշտ չէ:
Այս փոփոխություններով դրական մի քայլ էլ կատարվեց տեղեկատվության ազատության ոլորտում: Բանն այն է, որ չնայած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.7 հոդվածը նախատեսում է պատասխանատվություն` տուգանք մինչեւ 50.000 դրամի չափով, սակայն ՏԱ դատական պրակտիկան ցույց է տալիս, որ այդ հոդվածը իրավախախտ պաշտոնյայի հանդեպ կիրառելը համարյա անհնար էր: Այս խնդիրի աղբյուրը օրենսդրական բացն էր. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 151 եւ 152 հոդվածների համաձայն` ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Սակայն Օրենսգիրքը չէր սահմանում այն իրավասու մարմնին, որն իրավունք ուներ կազմելու այդ արձանագրությունը: Արդյունքում, արձանագրության պահանջը կար, իսկ արձանագրություն կազմող մարմինը` ոչ: Ուստի, դատարանները պաշտոնյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ պահանջները չէին բավարարում:
Ինֆորմացիայի ազատության կենտորնի նախաձեռնած` ՏԱ վերաբերյալ դատական գործերից միայն մեկի` ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դեմ դատական գործի դեպքում պաշտոնյան` Ելփինի գյուղապետը, ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` ՏԱ իրավունքը խախտելու համար (2009թ.): Սա առաջին եւ բացառիկ դեպքն էր: Բազմաթիվ այլ գործերի դեպքում պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը մերժվել է:Ուստի, այս խնդիրը լուծելու համար ԻԱԿ-ը 2009թ.-ի սեպտեմբերի 9-ին դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով: 2010թ.-ի փետրվարի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանում քննվեց ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ ԻԱԿ-ի դիմումը եւ որոշեց, որ այդ հոդվածները Սահմանադրությանը չեն հակասում: Սահմանադրական դատարանը արձանագրեց, սակայն, որ խնդիրը կայանում է այս ոլորտում օրենսդրական բացի առկայության մեջ: Անհրաժեշտ է, որպեսզի իրավասու մարմինը, այսինքն` ՀՀ Ազգային ժողովը համապատասխան նախաձեռնություն իրականացնի` ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում բարեփոխումներ կատարելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի օրենսդրական բացը լրացնելու համար:
Արդյունքում, հունվարի 31-ին ընդունված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի փոփոխությունների շնորհիվ տեղեկատվության ազատության վերաբերյալ գործերով վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը վերացվեց:
Այսպիսով, փոփոխությունների արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254 հոդվածի վերջին պարբերության համաձայն` տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու դեպքում արձանագրություն չի կազմվում: