«Մենք կարեւորում ենք դատախազական մարմինների աշխատանքների մասին հանրությանը ճշգրիտ եւ ստուգված տեղեկատվության տրամադրումը եւ ակնկալում, որ էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը կնպաստի դատախազության աշխատանքների թափանցիկացմանը: Այստեղ կարող եք տեղեկանալ հանցավորության դեմ մղվող պայքարի, դատախազական մարմիններին վերաբերող իրադարձությունների մասին, ծանոթանալ վիճակագրական տվյալներին եւ օրենսդրական դաշտի փոփոխություններին»: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այս խոսքերով է ընթերցողներին դիմավորում ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքը` www.genproc.am
Եթե կայքը գնահատելու լինենք տեղեկատվության առկայության եւ հրապակայնության գնահատման չափանիշների տեսանկյունից, ապա կարելի է փաստել, որ այն բավականին հաջողված է: Ի տարբերություն մի շարք ՀՀ պետական մարմինների եւ գերատեսչությունների կայքերի, դատախազության կայքն ունի հստակ կառուցվածք, որի շնորհիվ անգամ համացանցից անտեղյակ մարդը կարող է հեշտությամբ որոնել եւ գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Դատախազությանն առնչվող գրեթե բոլոր օրենքները, իրավական ակտերն ու փաստաթղթերը կարելի է հեշտությամբ գտնել կայքում:
Կայքի առավելությունների շարքին կարելի է դասել այն, որ դատախազության վերաբերյալ տեղեկություններն ունեն համապատասխան հղումներ, որոնք սեղմելով կարելի է կարդալ այն օրենքը, որոշումը կամ հրամանը, որի համաձայն կանոնակարգվում է այս կամ այն հարցը: Օրինակ, չնայած «Օրենսդրություն» բաժնում տեղադրված է «Դատախազության մասին» օրենքը, սակայն «Դատախազության կոլեգիա» բաժնում եւս կարելի է կարդալ նշյալ օրենքը: Սրա առավելությունն այն է, որ դատախազության որեւէ գործառույթի մասին տեղեկություն ստանալիս ընթերցողը հեշտությամբ նաեւ տեղեկանում է այն նորմատիվ իրավական ակտին, որով իրականացվում է տվյալ գործառույթը:
«Աշխատակարգ» բաժնում մանրամասն ներկայացված են դատախազությունում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման եւ քաղաքացիների ընդունելության կարգերը: Մանրամասն ներկայացված է, թե իր լիազորություններն իրականացնելիս դատախազն ինչպիսի ակտեր կիրառելու իրավունք ունի` անել նախազգուշացում, ընդունել որոշում, ներկայացնել բողոք, միջնորդագիր եւ հայցային դիմում: Նաեւ կայքի տվյալ բաժնում կարելի է ծանոթանալ դատախազական ակտերի բողոքարկման կարգին:
ՀՀ դատախազության ինտերնետային կայքի «Օրենսդրություն» բաժնում զետեղված են ՀՀ դատախազության գործունեությունը կարգավորող, ինչպես նաեւ դատախազությանն առնչվող իրավական ակտերը` ներառյալ համապատասխան միջազգային փաստաթղթերը:
«Փաստաթղթեր եւ վիճակագրություն» բաժինը ներառում է տեղեկատվություն հետեւյալի մասին` «Դատախազության գերատեսչական փաստաթղթեր» /միջնորդագրեր, հրամաններ/, «Բողոքներ, տեղեկանքներ», «Հաշվետվություններ» ՀՀ դատախազության գործունեության եւ ՀՀ-ում հանցավորության վիճակի մասին եւ «Բյուջետային հատկացումներ»: Բոլոր ենթաբաժինները հագեցված են համապատասխան տեղեկատվությամբ: Օրինակ, «Բյուջետային հատկացումներ» բաժնում կարելի է հոդված առ հոդված ծանոթանալ, թե դատախազությանը տրամադրված գումարի որքան մասը ինչի վրա է ծախսվելու: Այստեղ, սակայն, բացակայում են բյուջեի կատարման հաշվետվությունները, ինչն առավել արդյունավետ կդարձներ բյուջեի կատարման հանդեպ հասարակության վերահսկողությունը։
«Նորություններ» բաժնում օրվա լրահոսից, մամուլի հաղորդագրություններից, հոդվածներ, ելույթներից բացի կա տեղեկատվություն դատախազության համակարգում առկա թափուր աշխատատեղերի մասին: Նաեւ մի հետաքրքիր ենթաբաժին կա` «Քննարկումներ», որում նշված է.«Դատախազության ինտերնետային էջի այս բաժնում կարող եք ծանոթանալ դատախազական գործունեության ոլորտներին առնչվող ուսումնասիրությունների արդյունքներին, խնդիրներին, ձեռքբերումներին եւ դրանց վերաբերյալ ներկայացնել Ձեր դիտարկումները: Կարծում ենք՝ քննարկումների այս ձեւը կնպաստի հասարակության առավել լայն շերտերի ներգրավմանը քրեական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, դատախազություն-հասարակություն հետադարձ կապի ամրապնդմանը»: Սակայն ընդամենը մի թեմա է դրվել քննարկման` «Տեղեկանք` սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների մասին», որին արձագանքել է ընդամենը մի քաղաքացի:
«Կոռուպցիա» բաժնում կարելի է տեղեկանալ կոռուպցիոն հանցագործությունների տեսակներին, նաեւ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման վերաբերյալ հաշվետվություններին:
Կայքն ունի նաեւ «Տեսաձայնադարան» բաժին, որտեղ տեղադրված են տեսանյութեր եւ լուսանկարներ: «Տեսանյութեր» ենթաբաժինը ներառում է դատախազության գործունեության մասին տարբեր հեռուսաընկերություններով հեռարձակված տեսանյութեր, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումների տեսագրություններ, հարցազրույցներ:
Դատախազության կայքն ունի նաեւ «Դատախազության դպրոց», “Միջազգային համագործակցություն”, “Հղումներ”, “Թեժ գիծ” բաժինները:
Դատախազության կայքը հնարավորություն է տալիս ՀՀ դատախազությանը դիմել Էլեկտրոնային փոստի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է լրացնել առաջարկվող սյունակը՝ նշելով դիմողի անունը, ազգանունը, մշտական բնակության վայր հանդիսացող երկիրը եւ էլեկտրոնային հասցեն, ինչը թույլ կտա ապահովել հետադարձ կապը: “Հարցումները, առաջարկություններն ու նկատառումները խնդրում ենք ձեւակերպել հստակ, որոնց ընթացք կտրվի գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: Կիսատ, թերի ձեւակերպված կամ հայերեն չգրված հարցումները քննարկման առարկա չեն դառնա”,-նշված է տվյալ բաժնում: Սակայն չկա որեւէ նշում, թե էլեկտրոնային հարցումներին քանի օրվա ընթացքում են պատասխանում, կամ` էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկված դիմումներն անպատասխան մնալու պարագայում քաղաքացին ինչ պետք է անի` ուր դիմի, ինչպես ապացուցի, որ դիմել է, ում բողոքարկի եւ այլն:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, «էլեկտրոնային փոստի միջոցով քաղաքացիները, սակայն, հիմնականում խորհրդատվություն են ուզում այս կամ այն հարցի վերաբերյալ, որոնք հիմնականում լինում են քաղաքացիաիրավական բնույթի: Էլեկտրոնային տարբերակով ստացված հարցումները շատ քիչ թիվ են կազմում: Որպես կանոն` 2-3 օվա ընթացքում էլեկտրոնային փոստով ստացված դիմումներին եւ հարցումներին արձագանքում ենք”:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատախազության էլեկտրոնային փոստով տեղեկատվություն ստանալու փորձնական հարցում ուղարկեց` խնդրելով տեղեկացնել, թե ՀՀ դատախազությունը 2010թ. առաջին կիսամյակում քանի տեղեկատվություն ստանալու հարցում է ստացել: Հաջորդ օրն իսկ ստացվեց դատախազության պատասխանը, որով խնդրում էին մանրամասնել, թե ինչպիսի հարցում նկատի ունեինք` էլեկտրոնային, գրավոր, թե բանավոր: 3 օր անց ստացանք սպառիչ պատասխան:
Ի տարբերություն որոշ պաշտոնական կայքերի, դատախազության ինտերնետային կայքի բոլոր բաժինները գործում են եւ պարունակում են համապատասխան տեղեկատվություն: Կայքի առավելություններից է պարբերաբար, հետեւողական թարմացումը: Նաեւ կայքն ընթերցողներին հնարավորություն է ընձեռում բաժանորդագրության միջոցով օպերատիվ ծանոթանալու ՀՀ դատախազության կայքէջի նյութերին:
Կայքը եռալեզու է: Բնականաբար, ամենալավ վիճակում գտնվում է հայերեն տարբերակը: Նույնը, սակայն, չի կարելի ասել կայքի անգլերեն եւ ռուսերեն տարբերակների մասին: Օրինակ, Վիճակագրություն բաժին կա եւ անգլերեն, եւ ռուսերեն տարբերակներում, սակայն երկու դեպքում էլ դատարկ է: Նույնը կարելի է ասել եւ թափուր աշխատաատեղեր ենթաբաժնի մասին: Դեռ ավելին, ռուսերեն տարբերակում այս ենթաբաժինն առհասարակ գոյություն չունի:
Լուրերի թարմացման տեսանկյունից եւս կայքի անգլերեն եւ ռուսերեն տարբերակները համաքայլ չեն հայերենին: Եվ եթե օգոստոսին կայքի անգլերեն տարբերակում տեղադրված է հուլիսի նորություն, ապա ռուսերեն տարբերակում դեսեւս վերջին նորությունը փետրվարի թվագրմամբ է:
ՀՀ դատախազության կայքի բացթողումների շարքում կարելի է նշել կայքի քարտեզի բացակայությունը: Առանձին ենթաբաժնով նշված չեն դատախազության մամուլի քարտուղարի, տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյայի, լրատվության եւ/կամ մամուլի բաժինների տվյալները. Դրանք տեղադրված են «Տեղեկատու» ենթաբաժնում` ՀՀ դատախազության աշխատակիցների տվյալների շարքում: Առհասարակ, կայքում բացակայում է տեղեկատվության ազատության մասին տեղեկատվությունը. օրինակ` « ՏԱ մասին» ՀՀ օրենքը, տեղեկատվություն ստանալու կարգը: Չկան տեղեկություններ դատախազության տնօրինության տակ գտնվող տեղեկությունների, դրանց դասակարգման եւ կարգավիճակի մասին: Կայքում չկա տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձեւ, նաեւ տեղեկություն, թե ուր կարելի է ներկայացնել տեղեկություն ստանալու հարցումները: Որպես թերություն կարելի է նշել նաեւ այն, որ չկան գրավոր հարցումների ձեւեր եւ դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումներ, ինչպես եւ` ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
Այս բացթողումները պետք է տեղ գտնեն յուրաքանչյուր պաշտոնական ինտերնետային կայքում, քանի որ դա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջն է, որի կատարման դեպքում միայն կարող ենք ասել, որ ՀՀ դատախազության ինտերնետային կայքը լիարժեք ապահովում է տեղեկատվության մատչելիությունն ու հրապարակայնությունը:
Հ. Գ. Ի դեպ, ՀՀ դատախազության էլեկտրոնային կայքի պատասխանատուները շատ արագ արձագանքեցին հոդվածին. նյութի հրապարակումից ընդամենը 2 օր անց դատախազության կայքի պատասխանատուներն արդեն վերանայել էին կայքի կառուցվածքը եւ մեր նշած բացթողումներն ավելացրել: Այսինքն` տեղեկատվության ազատությունն արդեն լիարժեքորեն մուտք է գործել ՀՀ դատախազության ինտերնետային կայք: