Հրապարակումներ

Հրապարակումներ

Ստորագրում ենք համակարգչով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ստորագրում ենք համակարգչով


Այսօր մեր հանրապետությունում 800-ից ավելի մարդ օգտագործում է էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային ստորագրությունը պատահական ընտրված թվերի և տառերի խումբ է, որը փոխարինում է սովորական ստորագրությանը: Այն անձին հնարավորություն է տալիս ստորագրելու փաստաթղթեր` անկախ իր գտնվելու վայրից:

Էլեկտրոնային ստորագությունն այսօր աշխարհում հաղորդակցման ամենահուսալի և անվտանգ միջոցն է: Այն ե՜ւ ժամանակի, ե՜ւ միջոցների, ե՜ւ մարդկային ռեսուրսների խնայողություն է:

Առայժմ էլ. ստորագրություն օգտագործողներն հիմնականում գործարարներ են և պաշտոնյաներ։ Այսօր ՀՀ բոլոր մարզպետարաններում և նախարարություններում տեղադրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության “Մալբերի” համակարգով աշխատելիս պաշտոնյաները փսաստաղթերը ստորագրում են ոչ թե ավանդական, այլ էլեկտրոնային ձևով։ Այն պաշտոնյային հնարավորություն է տալիս ստորագրել փաստաթղթեր` անկախ իր գտնվելու վայրից և ժամանակից: Օրինակ, պաշտոնյան գտնվելով անգամ գործուղման մեջ՝ կարողանում է ստորագրել պաշտոնական փաստաթղթեր: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով դեռևս 2009թ.-ից օգտվում է էլեկտրոնային ստորագրությունից, գոհունակությամբ նշում է, որ իր աշխատանքը էլ. ստորագրության շնորհիվ դարձել է ավելի հեշտ և օպերատիվ: “Գերծանրաբեռնված օրերին ես կարողանում եմ տանը, անգամ շատ ուշ ժամի աշխատել, ստորագրել փաստաթղթեր և անմիջապես այն ուղարկել հասցեատիրոջը: Ասենք, օրինակ, Սյունիքի մարզպետարան փաստաթուղթ ուղարկելու համար ինձ ընդամենը հաշված րոպեներ են անհրաժեշտ”:

Էլեկտրոնային ստորագրության համակարգի ներդրումը շատ կարևոր նշանակություն ունի տեղեկատվության մատչելիության տեսանկյունից:  Պետական պաշտոնյաները աշխատանքային ժամի ավարտից հետո անգամ տանը հնարավորություն ունեն ստորագրելու հրատապ փաստաթղթերը: Սրանից շահում են նաև քաղաքացիները, քանի որ նրանց տեղեկատվությունը 5-օրյա ժամկետում տրամադրելն ավելի հեշտ է դարձել:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը ևս գոհ է էլեկտրոնային ստորագրության կիրառումից: “Աշխատանքն ավելի օպերատիվ է դարձնում, նախարարությունների և կառավարության հետ վարվող փաստաթղթաշրջանառության արագությունը մեծացել է եռակի անգամ”:  Սակայն դեռ կան խնդիրներ, որոնք դժվարություններ են առաջացնում: ”Առանձին մարմիններում  էլեկտրոնային ստորագրություն ներդրված չլինելու պատճառով  ստիպված ենք լինում  աշխատել երկու տարբերակով` էլեկտրոնային և սովորական”:

Էլեկտրոնային ստորագրություն Հայաստանում սկսվել է տրամադրվել 2009թ. հունիսից: Մեր հանրապետությունում էլեկտրոնային ստորագրություններ տրամադրում է ՀՀ կառավարության կողմից հիմնադրած “Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ” /ԷԿԵՆԳ/  ԲԲԸ-ն:

Ինչպես տեղեկացրեց ԷԿԵՆԳ ընկերության տնօրեն Արթուր Ղուլյանը. “Այսօր հիմնականում փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրություններն օգտագործվում են հարկային հաշվետվություններն էլեկտրոնային ձևով տրամադրման համար”: 

Էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարել 15.000 դրամ 1 էլ. ստորագրության համար, լրացնել հայտ, այնուհետև կնքել պայմանագիր: Այս քայլերն անելուց հետո տրամադրվում է էլ. ստորագրություն: ԷԿԵՆԳ ընկերությունը նաև տրամադրում է էլեկտրոնային ստորագրության ուսուցման ծառայություն: Այս գումարը անձը վճարում է էլ. ստորագրություն ձեռք բերելու և 1 տարի օգտագործելու համար, իսկ հաջորդ տարի ևս էլ. ստորագրությունն օգտագործելու համար պետք է վճարել արդեն սպասարկման գումար, որը լինելու է ավելի քիչ: Ինչպես տեղեկացրեց Ա. Ղուլյանը, “էլ. ստորագրության սպասարկման գումարի չափը դեռ որոշված չէ: Այն ևս սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ”: Էլ. ստորագրություն ունեցող անձը հաստատում է իր ստորագրությունը այն մարմնի մոտ, ում հետ աշխատելու է փաստաթղթային էլեկտրոնային տարբերակով:

“Ներկայումս կառավարության որոշման նախագիծ ենք նախապատրաստում, որով կնպաստենք, որ այս ուղղությունը զարգանա Հայաստանում ևս: Նշյալ որոշմամբ անվճար էլեկտրոնային ստորագրություններ կտրամադրվել փոքր և միջին ձեռնարկություններին”,-նշեց ԷԿԵՆԳ ընկերության տնօրենը: նշենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմը պետական բոլոր մարմիններին անվճար է տրամադրում էլ. ստորագրություններ՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման նպատակով:

Չնայած էլ. ստորագրություն կարող են ունենալ նաև ֆիզիկական անձինք, սակայն դեռևս որևէ ֆիզիկական անձ չի ձեռք բերել էլ. ստորագրություն: Ա. Ղուլյանը այս հանգամանքն այսպես բացատրեց. ”Երևի թե դեռ չկան այնպիսին ծառայություններ, որոնք հասանելի լինեն մարդկանց էլ. ստորագրությունների միջոցով: Ի սկզբանե մեր կենտրոնը ստեղծվել է հարկային հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով տրամադրելու նպատակով”:

Այսօր աշխարհում ավելի ու ավելի մեծ թվով ընկերություններ են անցում կատարում էլեկտրոնային թվային ստորագրությունների, որպեսզի պահպանեն իրենց բիզնեսի զարգացման արագ ռիթմը: Էլեկտրոնային ստորագրության կիրառությունը թույլ է տալիս մեծացնել կնքվող գործարքների արագությունը, խնայել ժամանակ և միջոցներ: Հիմնվելով էլեկտրոնային թվային ստորագրության վրա` կազմակերպությունները կարող են արագացնել և ամբողջությամբ էլեկտրոնացնել իրենց համագործակցությունը` սկսած փաստաթղթերի ստեղծումից մինչև դրանց ստորագրությունը:

Skip to content