2009թ. հոկտեմբերից Երեւանում գործող բոլոր դատարաններում տեղադրվել են “Դատալեքս” հանրային տեղեկատվական կրպակներ: “Դատալեքս” բառի մեջ օգտագործված են հայերեն դատարան բառը եւ լատիներեն “lex” /օրենք/ բառը: Այս համակարգը հնարավորություն է տալիս ստանալու տեղեկատվություն դատարաններում ընթացող դատավարությունների, գործի եւ դահլիճի համարների, գործը դատարան մուտքագրելու ժամանակի, վարույթ ընդունելու օրվա, ամսաթվի, դատավորի եւ կողմերի մասին: Մինչ տարեվերջ նման տեղեկատվական կրպակներ նախատեսվում է տեղադրել նաեւ հանրապետության բոլոր դատարաններում: Դրանք արդեն իսկ տեղադրվել են Կապանում, Էջմիածնում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում եւ մի շարք այլ քաղաքներում, որտեղ կա դատարանի նորակառույց շենք:
Դատարանների շենքերում տեղադրված մոնիտորների միջոցով քաղաքացին կարող է որոնել իր ցանկացած տեղեկատվությունը իրավական ակտեր /Սահմանադրություն, օրենքներ, որոշումներ, միջազգային պայմանագրեր եւ այլն/ պարունակող CAST եւ Արլիս համակարգերի շտեմարաններից, ՀՀ պետական իշխանության կառավարման մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերից:
“Համակարգի ներդրումը նպատակ ունի հանրությանը մատուցել իրական գործիք դատական համակարգի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար, քանզի այժմ այն ապահովում է դատական համակարգում ընթացող ցանկացած դատավարության վերաբերյալ ընթացակարգային եւ բովանդակային թափանցիկություն: Մասնավորապես, համակարգի միջոցով հնարավորություն կընձեռվի հետեւել ցանկացած դատական գործով իրականացվող ընթացակարգերին` տեղեկանալ գործի կարգավիճակին եւ պատմությանը, ուսումնասիրել ժամկետները, որոշումները, ինչպես նաեւ վերջնական դատական ակտերի ամբողջական տեքստերը: Տվյալ պարագայում բացառություն են կազմելու միայն դռնփակ ռեժիմով ընթացող դատական գործերի վերաբերյալ տեղեկությունները”,-“Դատալեքս” համակարգի ներդրման կարեւորությունն այսպես մեկնաբանեց ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը:
“Դատալեքս” համակարգը դրական են գնահատում նաեւ դատարանի հետ առնչություն ունեցողները: “Շատ արդիական, օպերատիվ աշխատող համակարգ է, որը հնարավորություն է ստեղծում դատական գործընթացները վերահսկելու, ինչն էլ իր հերթին օգնում է քաղաքացիների կողմից իրականացվող խարդախությունների կանխմանը: Նաեւ` թեթեւացնում է դատարանների գրասենյակների աշխատանքը:-“Դատալեքսի” արդյունավետությունը գնահատեց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Մեժլումյանը: -Օրինակ` Հայաստանում կա մի քաղաքացի` Հրաչյա Գրիգորյան, ով տասնյակ անձանց դեմ տարբեր դատարաններում տարբեր գործեր ունի, այդ թվում` 5 տարի առաջ մահացած հոր, կնոջ, երեխաների: Մասնավորապես, քրոջ դեմ հայց է գրում, քույրը ապրում է Մոսկվայում, բայց Հ. Գրիգորյանը նշում է երեւանյան հասցե: Ստանում է նամակ, ինքը քրոջ անունից պատասխան է գրում, ինչի արդյունքում դատարանը վճիռ է կայացնում, որով հայցվորի քույրը անշարժ գույք է կորցնում: Այս համակարգի շնորհիվ նման չարաշահումների հարցը լուծվում է: “Դատալեքս”-ում մուտք է արվում հետաքրքրող անձի անուն-ազգանունը, եւ այդ մարդու հետ կապված բոլոր դատական գործերը երեւում են”:
Փաստաբան Կ. Մեժլումյանը կարծում է, որ “Դատալեքսը” ներկայումս դատական գործընթացներում առկա չարաշահումները կանխարգելող լավագույն միջոցներից մեկն է: “Այս համակարգի արդյունավետությունն ավելի կմեծանա, երբ այն հասանելի լինի մարդկանց նաեւ օնլայն ռեժիմով: Արդեն այդ վիրտուալ կապը ստեղծված է բոլոր դատարանների միջեւ, կարելի է այն տեղադրել ինտերնետում, առանձին կայք ստեղծել կամ էլ արդարադատության նախարարության կայքում համանուն բաժին ստեղծել: Սա շատ արդիական կլինի Հայաստանի համար, քանի որ մարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքի է, այս համակարգի շնորհիվ մարդիկ կկարողանան իրենց մասին տեղեկանալ աշխարհի որ մասում էլ լինեն”:
Քաղաքացիները եւս սկսել են օգտվել նշյալ տեղեկատվական կպակներից: “Սա շատ լավ նորույթ է: Այժմ դատական գործի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը դարձել է մատչելի: “Դատալեքսի” միջոցով հեշտությամբ իմանում եմ դատական գործի եւ դահլիճի համարները, գործը դատարան մուտքագրելու ժամանակը, վարույթ ընդունելու օրը”,-նշեց քաղաքացի Արմեն Հակոբյանը:
Դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանը տեղեկացրեց, որ “Դատալեքս” համակարգը նախատեսվում է տեղադրել ինտերնետում: “Արդեն կա datalex.am կայք, որը դեռեւս աշխատանքային փուլում է գտնվում, փակ է, մինչ տարեվերջ համակարգը կլինի նաեւ ինտերնետում”:
“Միայն դրական արձագանքներ ենք ստացել “Դատալեքսի” վերաբերյալ,-նշեց Ա. Թունյանը,-ճիշտ է, հիմնականում “Դատալեքսից” օգտվում են փաստաբանները, սակայն քաղաքացիները եւս սկսում են կամաց-կամաց օգտվել”:
ԾԻԳ-ի տնօրեն Ա. Թունյանը պատմեց նաեւ դեպքեր, երբ փաստաբանները դատական նիստի ժամանակ մեջբերումներ են արել “Դատալեքս” համակարգից: “Նախադեպեր կան, երբ դատավորը փորձել է դատական գործընթացն այլ ուղղությամբ տանել, փաստաբանը միջնորդել է` վկայակոչելով “Դատալեքսը”, որ այնտեղ (“Դատալեքսում”) տեղադրված է նմանատիպ գործով նույն դատավորի կողմից կայացված վճիռ, որը հակասում է դատավորի ներկայիս մոտեցմանը”:
Հավելենք, որ նախատեսվում է դատական նիստերի ձայնագրառումները եւս տեղադրել այս տեղեկատվական կրպակներում: